среда, 25 октября 2017 г.

Մեկ անգամ ծնվո՜ւմ ենք

Մեկ անգամ ծնվո՜ւմ ենք,
Մեկ կյա՜նք ենք ապրում,
Սակա՜յն, ցանկանում ենք հազա՜րը,
Քանի որ կյա՜նքը…

Կյանքն ամե՜ն անգամ
Մեզ մատուցում է միմիա՜յն չարը…

Երկինքը նոթո՜տ է, անընդհա՜տ թխպոտ,
Խառնվում է միշտ երկրի գործերին,
Իսկ կյանքը ինչպես գիշեր սևամորթ
Ձգվո՜ւմ է,
Փորձո՜ւմ հասնել երկնքին…

Թե ի՞նչ կա այնտեղ, ո՜չ ոք չգիտի,
Ինչ որ կա այստե՛ղ է՝  այս դժոխք հողում,
( Ա՜յ, օրինակ ինձ սիրում էր մի կի՜ն,
Սակայն նախընտրեց երկինքը անհուն…)

Ճերմա՛կ էր հագնում – երկնքի՜ պես պարզ,
Հանվում էր՝  բոցն էր իմ սիրտը լափում,
Ասում էր.
- Քո՜նն եմ, սակայն ինձ համար,
Միայն անհունն է կարևոր կյանքում:

Ասում եմ.
- Երկի՜նք, աչքերիս համար
Ինչո՞ւ ես ընտրել սրբագույնը,
Երբ հո՜ղ եմ լինելու և հողի նման
Սև՜ է լինելու իմ պատմությունը…

Ո՞վ է խենթացել, որ սևին ընտրի,
Սևով անցկացնի օրերը կյանքի,
Սևով գա՜, գնա՜, սևով տառապի՜
Եվ ընդամենը մե՛կ անգամ ապրի…

Սևով սպիտակի վրա եմ թևում,
Դեռ ճանապարհի՜ն եմ,
Դեռ տեղ չե՜մ հասել,
Նույնիսկ ճամփին եմ որոնումներում,
Բայց ինձ համար տե՜ղ
Դեռ չի՛ ազատվել…

Հրաժարվո՜ւմ եմ քեզանից, կյա՜նք,
Որ քեզնով պե՛տք է մեկ անգամ ապրեմ,
Ինձ հազա՜րն է պետք
և հազար անգա՜մ
Ուզո՜ւմ եմ ապրել ու սիրել…




ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏՆԵՐ



Ամեն մեկն ունի իր առավոտը

Առավո՜տը… մեր աչքերի գո՜ւյնն ունի,
Սակա՜յն,  խո՜րքը չունի մեր աչքերի,
Շա՜տ է նման մենակության անհունին՝
Դեղնակարմի՜ր,
Դեղնականա՜չ,
Տխո՜ւր աշնան տեսքն ունի:

Առավոտները թվում են անդե՜մ,
Ճի՛շտ  խոսքի նման, բայց ասված  իզո՜ւր,
Ինչպե՜ս անհանգիստ  ուրվապատկերներ՝
Մեկ պայծառանո՜ւմ են,
Մեկ՝ գունաթափվում:

Առավոտները աչքերով աշնա՜ն,
Կապո՜ւյտ աչքերի, կապո՜ւյտ արցունքով,
Մոգական ցոլքը կլանող բյուրեղի նմա՜ն
Դառնում են շղա՜րշ – կապտագո՜ւյն մի քող…

… Ցանկացած վայրո՜ւմ,  ցանկացած երկրո՜ւմ
Ա՜չքերն ուղղում ենք  վե՜ր՝ նայում երկնքին,

Եվ մե՜զ  թվո՜ւմ է - մենք մե՛զ են տեսնում՝
Հայացքն ուղղելով առավոտներին…

                                                  Ստեփան Ումառ-Հարությունյան


ՊԱՀԸ - ՆՈՐԻՆ ՄԵԾՈւԹՅՈւՆ



Ամե՜ն օր մեր մեջ
Կյա՜նք է արարվում,
Մեր մեջ ամե՜ն օր սպանվո՜ւմ է մահը,
Ինչ-որ մի բա՜ն կա մեր մեջ անանուն՝
… Նորին մեծություն Գոյության Պահը…
*
Ու գումարվո՜ւմ են
պահերը իրար
Միլիոն ու միլիոն թվերի շարքով,
Եվ կյանքը դառնում է պահերի գումա՜ր
… Գոյություն չունի՜ մեկ այլ կենսոլորտ:
*
Պահով ուրիշին
Փարո՜ս ենք դառնում
Իսկ մե՜նք մեզ համար մխում ենք երկա՜ր,
Ու ընդամենը մե՜կ ակնթարթում
Մխի մեջ այրում իղձե՜րն անկատար…
*
Պահերով սիրո՜ւմ ենք,
Բայց… պահո՜վ  ատում,

Պահով բարձրանո՜ւմ ենք,
Բա՜յց… պահերով ընկնում,

Սակայն ո՛չ թե պահերով այլ
Տարիներո՜վ ենք չափում
Կյանքն ապրա՜ծ, անցա՜ծ,

Պատկերացնո՞ւմ եք -  շիրմաքարերին
Ի՞նչպիսի մե՜ծ թիվ կլիներ դաջված…
*
Պահով մեծանո՜ւմ ենք,
Պահո՜վ ծերանում,
Պահո՛վ ենք չափում ճնշումը արյան…

Պահո՜վ խավարից մենք տո՜ւն ենք դառնում…
Պահո՜վ էլ տանից գնո՜ւմ ենք խավար…



Ես և Նա



Կենսագրությունը՝
Կասկածելի՜ -
Ծնվել է սրտումս դեռ անցյալ տարի,

Մանկությունը
Մի անամոք կարո՜տ,
Որ ինքս էլ էի կրել անկարող,

Աչքերը կոպերիս տակ՝
Լո՜ւյս պատուհաններ,
Տեսնես նա՞ էր ինձ,
Թե՞ ես էի նրան խավարից հանել:

Հայացքը՝
Հայացքիցս ներում էր հայցում,
Որ մեր կարճ կյանքում
Ինձ շա՜տ է տանջել,
Արցունքի պես ջի՜նջ Ծնո՜ւնդն եմ հիշում
Եվ խոնարհվո՜ւմ այդ ծնունդի առջև…

Իսկ մեզ ի՞նչ էր պետք ապրելու համար՝
Մի քիչ  ջերմությո՜ւն,
Մի քիչ  ա՜ղ,
Ժպի՜տ…
(Մենք դա ունեինք)

Սիրո թև՜ առանք
Իրարից հեռո՜ւ
Եվ այսքա՜ն մոտիկ…


101-րդ էջում



Ձայնս հիշո՞ւմ եք,  վստահ չգիտե՜մ,
բայց գրվածներիս
ծանո՛թ եք հարկավ,
ա՜խ, Տիկին ի՜նչ մոռացկո՜տն եք,
ինչպե՞ս այսքան շո՜ւտ
ու հեշտ մոռացաք:

Անմոռաց լինե՞լ, ես չէի կարող,
մաքուր է՜ջ  չէի  Ձեր գրքի համար,
… ո՛չ անձրև դարձա
անկանոն թափվող,
… ո՛չ էլ բաբախող Ձեր քունքը հիմա:

Մի պոկված տերև՜ դարձա Ձեր գրքում -
թեկուզ խնամքո՜վ  չորացրած,
պատահմամբ նման բան
լինո՞ւմ է կյանքում՝
մեկ էջում երկո՜ւ տերև մոռացված:

Մեկ մտածո՜ւմ եմ թե մխիթարա՜նք է,
մե՛կ էլ մտածում թե
երկո՜ւ լքված սիրտ,
չէ՜, ամե՜ն դեպքում իրար ախոյան ենք,
իրար նկատմամբ-
անտա՜շ ու կոպիտ:

Գրքի այդ էջից հանե՛ք ինձ,  Տիկին,
մե՜կ ուրիշ էջում տեղադրեք,
զույգ արու տերև մեկ էջում գրքի՞,
դա չափազա՜նց է,
Տիկի՜ն, ինձ ներեք…

Չորացած տերևը սրտի՜ է նման,
լքվա՜ծ, մոռացվա՜ծ, գլխահա՜կ,
շա՜նս տվեք հնոց ոճով
պատվարժան՝
սրտիս լինելու Ձեր ոտքերի տակ:

Ոտքով քչփորե՛ք սի՜րտս նեղացած,
Տիկի՜ն խնդրում եմ մի քիչ զգույշ եղե՜ք,
Ձեր ոտքով հանկարծ չփշրեք նրան՝
101-րդ էջում մոռացվա՜ծ այն մյուս՝ երկրո՜րդ
Տերևի նման…

Տերևի դերը դրախտի այգո՞ւմ,
Տիկի՜ն, դա այլ թեմա է, լրի՜վ առանձին,
Խոսքը գնում է լքվա՜ծ, մոռացվա՜ծ,

Այլ ո՛չ թե փոխնորդ-տերևի մասին…