среда, 23 августа 2017 г.

Մուսաս



Մի ամա՜ռ էլ ապրեցի,
Մի ամա՜ռ էլ անցավ
Ինչպես որ մյուս բոլո՜ր ամառները,
Բայց ո՜չ, ստեցի՜-
Այս մեկն ուրի՜շ էր՝
Ա՜յլ էին նրա ճառագայթները…

Գո՞ւցե վերջի՜նն էր
Ու քաղցր էր այնքա՜ն,
Որ ինձ թվաց թե ուրիշ ամառներ
Չե՜ն եղել,
Չկա՜ն,
…Մուսա՜ս էր ամառ բերել իր գրկում
Ու ծոցը լիքը
Մի ամառ էր նա…

Միգուցե ասե՛ք.
- Մուսան հեռացա՜վ, ամառը մնա՛ց.
Չէ՜, ի՞նչ եք ասում, առանց իմ մուսա
Ի՞նչ ամառ է սա…

Աչքերը չկա՜ն
Ու խաղ չե՛ն անում ստվերների արանքում,
Ձեռքերը չկա՜ն՝ խուտուտ տվող իմ թևին,
Շո՜ւրթը չկա՛ - շուրթիս հպվող
Նո՜ւյն խոսքերով բերկրալի…

Մի րոպե սո՜ւս,
Կարծես եկավ՝
Կարոտե՜լ եմ իր ձայնին…

…Չէ՜, սխալվեցի՜, մի ճնճղո՜ւկ էր՝

Ցավը պատմող տերևին…

Քրմուհին



Է՜խ պոետնե՜ր, պոետնե՜ր,
Միշտ ասո՜ւմ եք թե Սեր կա՛,
Բայց երբևէ չե՛ք ասել, թե որտե՞ղ է թաքնվում,
Որտե՞ղ գտնենք մենք նրան…

Աչքերս ուրա՜խ, բայց սիրտս տխո՜ւր
Հաստատում եմ՝ այո՜, Սեր կա աշխարհում,
Ու հե՛նց հիմա,  հե՛նց այս պահին
Սավառնո՜ւմ է դեպի տուն…

Սիրուն վայել նա օդո՜ւմ է՝
Երկինքների ձեռքերում,
Իսկ մի  դժբա՜խտ ու խեղճ պոե՜տ
Երազո՜ւմ է…
Երազո՜ւմ…

Երբ որ կզգամ հողը ցնցվե՜ց
Ու կատաղե՛ց հիմնովին,
Կհասկանա՜մ, որ իմ Սերը
Ո՜տքը դրեց մայր հողին:

Կհարցնեք թե ո՞վ է նա՝ 
այդ Քրմուհին  հողածին -
Աստված վկա ես չգիտե՜մ,  գիտեմ միայն,
Որ իմ Սե՜րն է …և առաջի՜ն և վերջի՜ն…

Աչքեր չունի՜- անդունդնե՜ր են՝
Ոտքից գլուխ կուլ տալու,
Սիրտը մե՜ծ է - սահման չունի –
Անհուննե՜ր են
Թևածելո՜ւ, խորհելո՜ւ:

Մարմինը նրա - անթեղված Ամա՜ռ է,
Շուրթերը՝ լուսեղեն մի Գարուն,
Բախտի նման շա՜տ համառն է,
Սրտիցս դուրս չի՜ գալու…

Հեռվի՜ց հեռու – Սերը հո՜ւր է՝
Այրո՜ղ, մոխրացնող մի քամի՜…

Ո՞ւր է,  ո՞ւր է,
Սիրտս վերցրա՜ծ
իր հետ տարած Քրմուհին…

Ս.Ումառ-Հարությունյան

21.08.17,   03.30 րոպե, Երևան

Խաղալիք էի

Գիշերը հանեց իր զգեստը,
Ե՛ս էլ լռության շապիկը իմ սև՜…
Փնտրեցի՜, չգտա՜ աչքերդ համեստ
Ու…մնացի մերկ:

Սիրուց դողացող կանայք մոտեցան-
Փարված գիշերվա թևերին,
Լուսնից ծորում էր արծաթե եղյամ
Լցվում իմ հոգին:

Հիասթափվեցի գիշերվա մթում
Լողացող կանանց կանչերից,
Ասես կանգնել էի մանկության հովտում-
Կառչած հուշերից:

Շո՜ւնչ էի փնտրում գիշերում,
Ձա՛յն հանող կենդանի մի պատկե՜ր,
Ինքս անշո՜ւնչ էի գիշերվա ձեռքում-

Անձա՜յն ու անպետք:

Ու ափիդ մե՜ջ Ծիծա՜ղն է խաղում



*
Պարզել ես ա՜փդ,
Պա՜րզ երևում է ճակատագիրս,
Որը նաև քո՛նն է, բայց չգիտես ի՞նչու
Դաջված ճակատի՜ս,
Ու…քո աչքերում,
Որ մշուշո՜տ նայում են մառախուղին ու եղյամին-
Կարոտի հույզից
Շփոթվա՜ծ, շիկնա՜ծ…

Մեկնո՜ւմ են աստղերը
Լռության կապույտ երազները,
Ու փայլո՜ւմ
Զարմացած…

*
Կվերադարձնե՞ս աչքերս,
Որտեղ որ Դո՛ւ ես ու տխո՜ւր մի
Ցտեսությո՜ւն…
Թե՞ մարմինդ կազատես գարնան խոնավ
Առավոտի՜ց
Ու կդառնա՛ս
Փրկությո՜ւն…

*
Գիտե՞ս, անմարդաբնակ են դարձել օրերս՝
Խնկահո՜տ ու ծո՜ւյլ,
Ու ցերեկվա բոլո՜ր ստվերները, որ քո տե՜սքն ունեն՝
Սև չե՛ն այլ բոսո՜ր
…ինձ հիշեցնում են մենավոր մի ծա՜ռ
Արմատներով խոր,
Չորացա՜ծ, բայց դեռ կանգուն
Հույսո՜վ, հավատո՜վ…

*
Սրտումս անբարիր համբերություն-
Զառամյալ շա՜ն նման
Հոտոտեցի քո մանկության
Փողոցնե՜րը,
Մանկապարտե՜զն ու դպրո՜ցը…

Ցավո՜ք,  չգտա՛ առվակն այն փոքրի՜կ,
Որին մոտեցե՜լ ես տոտիկ առ տոտիկ
Ու կախել ոտքե՜րդ
Սրտում առվակի:
Խենթացրել ես նույնիսկ նրա՞ն,
Ինձ ճի՛շտն ասա, սիրելի՜ս…

Ո՞ր ճամփով է նա հեռացել-
Եկել լցվել սիրտը իմ…

*
Շուրթերիս կարո՜տ,
Շուրթե՜րս կարոտ՝
Ա՛փդ է մեկնվել դեպի ինձ,
Դե ասա՜, արտասանիր անո՛ւնս,
Որ չարտասանեցիր,
Երբ մեզ գետին տապալեց
Հառաչանքի մի ալիք:

Ու գետի՜նն էր ամպոտ,
Ու մարմի՜նդ էր ամպրոպ,
Ու հեռացար դո՜ւ …
Մնա՜ց մի կարոտ,
Մի՜ մխիթարա՜նք՝
Անթև՜,  անգլո՜ւխ,

Մի ճակատագի՜ր
Անսի՜րտ, անողոք…


Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 6 августа 2017 г.

Լռության Երկնագույն Երազնե՜ր



1
Լռության երկնագույն
Երազնե՜ր
Քո վարդաբույր շուրթերին,
Առանց խոսքի շշուկնե՜ր
Երեկոյան խոյանքների
Եզրերին…
*
Լուսաբացի փոխարեն
Մեկնվե՜լ ես անկողնուս,
… Դու հասկացա՞ր, սիրելի՜ս,
Որ բերե՜լ ես 
Ապրելու մե՜ծ ցանկություն…
*
Դե ուրեմն մի՛  հեռացիր-
Թո՛ղ մարմնիդ բույրը
Մնա վերմակիս,
Միևնո՜ւյն է  առանց այդ բո՜ւյր
Անհնար է ներկայանալ
Աստծո ահեղ ատյանին…
*
Գո՞ւցե նա էլ բույրդ առնի-
Հասկանա՜ ինձ՝ նվաստի՛ս,
Որ առա՛նց քեզ, առա՛նց քո բույր
Կյանքը արագ կանգ կառնի…

2
Սակայն շուտով կհեռանա՜ս,
Կմնա լո՜կ հիշողություն
Կամ էլ սիրո պատկե՜րը,
Ու կարոտն իր հառաչանքո՜վ
Կկապանքի՜
Խղճիս հոգնած թևերը…
*
Քեզ՝ խնայվածիդ նվիրեցի՜ր ինձ,
Դրանից ավե՜լ էլ ոչինչ չկա՜,
… Հեռո՜ւ կլինես, իսկ իմ աչքերի՜ց
Դեռ հոգոցնե՜ր են,
Որ պիտի տեղան…
*
Հեռո՜ւ կլինես -
Ու ձանձրույթը կթանձրանա՜,
Կծանրանա՜-
Կիջնի՜ տխուր մարմնի՜ս,
Գաղափարը կմահանա՜
… Ու խոսքե՜րս  վերքերս չե՜ն ամոքի…

3
Լռության երկնագույն
Երազնե՜ր,
Առանց խոսքի շշուկնե՜ր,
Հեռացվո՜ղ-մարո՜ղ, մոռացվող օրե՜ր,
Ու սմքված մի սիրտ
Խոցված համրորեն…
*
…Ու գիշերվա պես
Կյանքս լուռ կանցնի,
… Էլ չեմ տարբերի ցերեկն ու գիշերը,
Ցավի մանրէի պես հոգիս կկրծի

Բանաստեղծական տողեր կերտելը…

Ս.Ումառ-Հարությունյան

06.08.17  Երևան