пятница, 28 апреля 2017 г.

ՍՊԱՍՈՒՄ



Քո «Բարի լո՜ւյսը»
Միայն ի՛նձ ասա,
Ուրիշին պե՛տք չէ լո՜ւյսը քո բարի,
Հարցրո՜ւ.
«Առանց քեզ, օրս ո՞նց անցավ»
Կպատասխանեմ.
- Ծա՜նր էր, ցավալի՜:

«Բարի գիշերդ»
Թո՛ղ ուրիշի մոտ ու ասա՜ հեռվից,
Բառերն այդ հոգնա՜ծ են
Ու լա՜վ չարչարված,
Բարի գիշերդ ասա ականջիս՝
Կո՜ղքս, գրկո՜ւմս քնելուց առաջ:

Երազներումդ անուններ մի՛ տուր,
Թող որ շուրթերիդ
Միայն ու միայն անո՜ւնս խաղա,
Թե չէ մինչև  լույս ցավի՜ց ու խանդից
Քեզ սիրող սիրտս
Պիտի դողդողա…

Միգուցե զո՜ւր է համբերելն այսքան,
Ոչ գիշե՛րն է գիշեր,
Ոչ էլ լո՜ւյսն է լույս,
Հուսալն էլ դարձել է ծերացած տանջա՜նք
Ու մնում է լոկ

Ցնդել սպասելուց…

суббота, 22 апреля 2017 г.

ՆԱՅԵԼՈՎ ՁԵՐ ԴԻՄԱՆԿԱՐԻՆ


Չհասկացա – ի՞նչպես ստացվեց,
Որ իմ խենթ լեզուն այսպես սսկվեց…

Որ աչքերիս մեջ էլ չե՜ք երևում,
Որ տողերիս մեջ Ձեզ չե՜մ որոնում,
Ձեռքիս ինքնաբո՜ւխ, մի  անկախ շարժո՜ւմ
«Քեզ»-ի փոխարեն միշտ «Ձեզ»  է գրվում…

Դուք  Տիկին, ստիպեցիք ինձ սիրել կյանքը,
Համոզեցի՛ք, որ Ձեզնից բացի այլ կանայք չկան,
Իսկ Ճակատագիր կոչված տականքը
Ամեն ինչ վերցրեց ու խառնեց իրար:

Դուք  Տիկին, հոգիս դարձրեցիք ծո՜վ
(Կտցահարում են ճայերն անաստված)
Իսկ ես իմ մաքո՜ւր ու ազնիվ սիրով
Բռնեցի դեպի «Ցա՛վ» տանող ճամփան:

Ձեր սրտում Տիկին, հիմա ամա՜ռ է,
(Որտեղ որ ապրո՜ւմ եք, ձմեռ չի՛ լինում)
Իմ սրտում ձմե՜ռ է և այնքա՜ն համառն է,
Որ Ձեր նկարից աչքը չի կտրում:

Հիմա կծկվում եմ ինչ-որ ցավերից,
Փնտրո՜ւմ, չե՛մ գտնում թե ի՞նչից է դա,
Սիրտս էլ փորձեր է անում իր տեղից
Ձեզ նման  փախչե՜լ,  հեռանալ…

Կգա ժամանակ,  որ չե՛նք լինի էլ,
Տիկի՜ն, զարմացա՞ք, այո՜, նաև Դո՜ւք,
Քանզի, եթե ես որոշեմ մեռնե՜լ -
Դո՛ւք լինելու եք  իմ պոետ սրտում:

Ս.Ումառ-Հարությունյան

20.04.17  Երևան

четверг, 20 апреля 2017 г.

ԱՍՏՎԱ՜Ծ ՍԻՐԵՍ, ՉՀԱՐՑՆԵ՛Ս…


Աստվա՜ծ սիրես -
Չհարցնե՛ս
Թե ի՞նչեր եմ մտածում…
Գորշ մտքեր են սիրտս մտե՜լ, կրծոտո՜ւմ:

*
Թե  չլիներ
Օրն այս մառախլապա՜տ, անձրևո՜տ
Տխո՜ւր -
Արևոտ օրերն ո՞վ էր հիշելու:

Գիշե՜ր չլիներ,
Ո՞վ կկարոտեր առավոտ-լույսին,
Սպիտա՜կ չլիներ,
Սև՛ն էր առագաստ դառնալու կույսին…

Արյո՜ւն չլիներ -

Արյունը մեր գինի լինե՜ր,
Օտար լիներ ցա՜վը մեզ,
Կորուստներից վախ չզգայինք՝
Չունենայինք
Վերջին համբո՜ւյր
Վերջին ծե՜ս…

Սե՜ր չլիներ -
Հո՜ղն առանց սեր
Մեզ ի՞նչպես էր կուլ տալու,

Սի՜րտ չլիներ -
Տեսնես ի՞նչ էր ոտքերի տակ ընկնելու:

Մա՜հ չլիներ-
Կյանքի  մասին տեսնես  ո՞վ էր հոգալու …

… Եվ դուրս եկավ, որ առանց մահ

Տխո՜ւր կյանք է  լինելու…

*
Գորշ մտքեր են սիրտս մտե՜լ, կրծոտո՜ւմ
Աստվա՜ծ սիրես -
Չհարցնե՛ս
Էլ ի՞նչեր եմ մտածում…

Ս.Ումառ-Հարությունյան


Կապույտ Երազ



Ասո՜ւմ են ագահ ես -
Շատ բան ես ուզում:

Թե շատը ո՞րն է  - ես չե՛մ հասկանում

Շա՜տը արծաթն է մազերիս բազմած,
Մենությո՛ւնն է շա՜տ, որ հյուր է արդեն
Երկա՜ր ժամանակ,
Շա՞տը
Շատն աղավնիներն են
Ավերակ վանքի պատերին նստած

Անտաղանդ պոետի
կարծիքն է լինում շատ,
Կամ հպարտությունը այն մարդու աղքատ,
որի գրպանը լինում է դատարկ,
Իսկ հոգի՞ն -
Հոգին՝ մի ամբողջ աշխարհ:

Շատն ընթերցողի կարծիքն է լինում
Բանից անտեղյակ,
Որ սև թավիշի պես
Փաթաթվում է քեզ  ինչպես մոլագար
Ու ստիպում սգալ ընադամենը մե՜կ,
Մե՛կ վանկի  համար:        

Անձրևի թա՜փը,
Դո՜ղը ծառերի,
Արևի շո՜ղը,
Հո՜վը զեփյուռի,
Ծփանքը ծովի
Ու ափն այն դատարկ, որտեղ որ ժամանակն է
Ուշաթա՜փ ընկած

Իմ ուզածն ինչ է՝  շատ չնչին մի բան -
Լինեի ընդամենը տասնութ տարեկան

Իսկ ինձ ասում են.
- Ագա՜հ ես, ագա՜հ…


Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 15 апреля 2017 г.

Էլ սիրտ չմնաց…



Երազանքներս
Եղևնու նման կանաչ մնացին,
Չկարմրեցի՜ն,
Չհասունացա՜ն,
Քունքս ճերմակեց,  տխուր ժպտացի,
Ճերմակ լուսնի մեջ
Աչքերս տեսա…

Օրերս անցան ժպիտ ցանելով,
Քամին ցրում էր ժպիտներս տաք,
Ասես ծաղկաթերթեր էին լեռնային վարդի,
Որ պարում էին խելագար մի պար:

Բալենու ծաղիկները գետին թափվեցին-
Ծանրության ցավից
Հո՜ղը տրտնջաց,
Ժպտացի արևին՝ չպատասխանեց,
Դեղին էր, փոխվե՜ց
Կարմիր գույն հագավ…

Գո՞ւցե անսիրտ էին  ժպիտներս-
Ծառահատին հաց տանող կնոջ
Դա՜ռն ու անարդար ժպիտի նման,

Այնքա՜ն ժպտացի…
Այնքա՜ն ժպտացի…

Էլ սիրտ չմնաց ժպտալու համար…


Ս.Ումառ-Հարությունյան