суббота, 17 сентября 2016 г.

Մի նեղացրեք պոետներին



Մի նեղացրեք պոետներին.
Նրանք  հորիզո՛նն են անտես եթերի,
… Հուշերի նման խորունկ ու հեռո՜ւ,
… Երազների պես անձև՜, անմարմին…
*
Պոետները լա՜ց չեն լինում,
Ո՛չ էլ ստում անողոք,
… Բարձրանո՜ւմ են…
… Գահավիժո՛ւմ բարձունքներից
Տիեզերքում  թափառող:

Մեկ քո սի՛րտն են ափով վերցնում,
Մեկ հոգուդ հետ խա՛ղ անում,
Մեկ մարմի՜նդ են աչքով շոյում
Մեկ քեզ տանջո՜ղ ծնկներիդ մոտ
Ծվարում:

Զրուցո՜ւմ են քեզ հետ անձայն,
Լռո՜ւմ քեզ հետ զուգահեռ,
Սգերգո՛ւմ են օ՜րդ անցած-
Օրդ՝ չանցած Նրա հետ…

Պոետները մեկ բուրմունքից
Մեկ աշխա՜րհ են արթնացնում,
Պոետները երազներից արարիչ
Աղոթքնե՜ր են հորինում…
*
Մի՛ նեղացրեք պոետներին՝
Հույսի վերջին ցոլքի
Հանգրվանը բարբառող,
Պոետները շո՜ւնչն են  հողի,
Պոետնե՜րը, որ միշտ լի՜ են տագնապով…

Ս.Ոմառ-Հարությունյան





воскресенье, 11 сентября 2016 г.

Շուրթե՜րդ


Աչքերիս շողը ընկե՜լ էր վրադ
Ու համբուրվում էր ժպիտներիդ հետ,
Հեքիա՜թ էին շուրթերդ՝
Հոխոր
տացող-տա՜ք,
Բուրումնալից-խենթ:

Լո՜ւյսը աչքերիս ծո՛ցդ էր մտել -
Գինի՜ էր դառնում տաք կրծքիդ մեջ լե՜րկ,
Բայց մեր մեջտեղում պատնեշ էր դարձել
Մի չեղած ավա՜րտ,
Ետ մղված մի ձեռք:

Եվ քո աչքերում՝  աչքե՜րս էին խոր,
Շոգ անապատ էր արևից կիզիչ,
Ու անապատը հևո՜ւմ էր օրոր,
Ու տաք փրփուր էր
Ծորում քո շնչից:

Ստվերս ցնդա՜ծ,  մերկ կրծքիդ վրա
Մե՜րթ  ուշաթափվում ու ցնծո՜ւմ էր մերթ,
Հ
եքիա՜թ էին շուրթերդ՝
Հոխոր
տացող-տա՜ք,
Բուրումնալից-խենթ:

Ս.Հարությունյան Ումառ



Հիշողություն Առաջին սիրո



Անհասկանալի է բնությունը ծեր,
Որը չգիտես ինչո՞ւ,
Չգիտես ի՞նչպես -
Շերտ առ շերտ հանկարծ բացվում է քո մեջ
Ու կորցնում ես գիշե՜ր և ցերեկ …
*
Ասես խունացած մի էջ ես գտնում՝
Ինչ-որ պատառիկ հեռո՜ւ անցյալից,
Ասե՛ս բնությունը երա՛կդ ծակում,
Հին հիշողություն է քաշում երակից:
*
Անցյալդ գալի՜ս, գլո՜ւխ է տալիս,
Ոչ հոգի՛ն ես տեսնում, ո՛չ  էլ աչքերը,
Ասե՛ս սրտիդ մեջ մի հո՜ւշ է լալիս
Ու կոկորդդ են սեղմում արցունքները:
*
Առաջին սերը դաժա՜ն է լինում -
Բաժա՜ն է լինում գիտակցությունից,
Ասե՜ս մի թավշյա երկար վարագույր
Զատում է ներկադ հեռու անցյալից:
*
Ասես շրջվո՜ւմ են իղձերդ անկատար,
Ասես պտտվո՛ւմ ես արյանդ հոսքում,
Ասես թե կյանքը՝ անխի՜ղճ  ու դաժան,
Խարանում է քեզ քո իսկ ներկայում…
*
Հիշողությունը՝ կարո՜տ,
Հիշելը՝  հանցա՜նք,
Քեզ չե՛մ հասկանում բնությո՜ւն,
Մ՞իթե իրար հետ մի ողջ կյանք անցանք,
Որ հինը նորից բորբոքենք ներսում…
*
Իմ առաջին սե՜ր,
Ի՜մ երախայրիք,
Դո՞ւ իմ, թե՞ ես քո ներսում քողարկված…
… Բնության համար ինչպես խաղալիք
Մենք մոռացվեցինք,
Իսկ Կյա՜նքը անցավ…


Ս.Ումառ-Հարությունյան


пятница, 9 сентября 2016 г.

ԿԻՆ-ՍՐՏԱՊԱՏԿԵՐ


-------------------------------- N.N. -ին

1
Քեզանից  հեռո՜ւ, քեզանից  անդի՜ն
Օրորվում է թո՜ն մի արտապատկեր՝
Մի Լո՜ւյս հրացոլք, մի Ճակատագի՜ր…
Ու տագնապում է սիրտդ անհամբեր:
*
Փորձե՛ր ես անում փակվել քո ներսում,
Փորձո՛ւմ ես ինքդ քո մեջ խենթանալ,
Դառնալ ինքդ  ծե՜գ,   ի՛նքդ՝  մայրամուտ,
Փորձու՜մ ես ինքդ քո ներսը կարդալ…
*
Բայց  ձեռագիրը ծանո՛թ չէ,  ավա՜ղ,
Ո՛չ էլ երակդ սնող պատկերը…
Քո մեջ մակածվո՜ւմ, ծորո՜ւմ է դանդաղ՝
Ժամանակների Աստվա՛ծն ու Տե՜րը…
*
Իմ այս տողե՜րը,  երբ որ կկարդաք՝
Իմը չե՜ն լինի, կլինեն Ձե՜րը,
Ցավոք ես շա՜տ ուշ,  շա՜տ ուշ հասկացա՝
Կի՛նն է ժամանակների Աստվածն ու Տերը…


2
Կինը աշխարհո՜ւմ, Աշխա՜րհը Կնոջ  մեջ -
Շարժո՜ւմ է, տենչա՜նք՝ օրենքներից դուրս,
Միանում ես այդ ընթացքին հավերժ
Կյանքի ցանկացած խառը հանգույցում…
*
Նրա զարկերակը ՝  մի ողջ համազարկ,
Բախվում է քունքիդ՝ նե՛րս է թափանցում…
Ու միլիոնավոր աստղեր հարազատ
Ասես թե սի՛րտդ են թևերով խոցում:


3
Կինն ամե՜ն ինչ ունի քեզ տալու համար…
Եվ Առավո՛տն իր, և Օ՜րը հոգնած,
Եվ բոսորագույն Երեկո՜ն իր բար,
Եվ Գիշե՛րն իր սև՜ կակաչի նման….
*
Նա քեզ սե՜ր կտա,  կտա՛ հավատամք,
Կտա՜ խելահեղ կի՜րք-կոնքացավով,
Մի նոր էությո՜ւն, հղացող նո՛ր կյանք,
Մարմի՛նը իր բորբ, անապակ ու խոր:

… Իր երակներում գժվո՛ղ արևը,
… Իր երազների կանա՛չը փարթամ,
…Իր գունաշխարհի բոլո՜ր սպիտակները,
… Երազանքների թելերը արծաթ…


4
Կինն իր տագնապները քեզ չի՛ տա երբեք.
Իր թախիծները կհո՛ղի խորքում,
Իր շառագույնը չի՛ թողնի թերթել
Կարդալ՝  աղոթքի բառերն իր մաքուր…
*
Իր անձրևները որպես ներշնչանք
Նա կփաթաթի պարանոցին քո,
Իր ողկույզների պտուկներով տա՜ք
Կվերածնի  հույսո՜վ, հավատո՜վ:

5
Մեկ գիշերվա մեջ քո հում խմորից
Կինը կհունցի կերպար  անանուն,
Կամ քեզ կյա՛նք կտա կա՛մ էլ կխեղդի՝
Ինչպես գալի՛քն է անցյալին խեղդում:
*
Մի՛ փորձիր մտնել աշխարհը Նրա,
Դու այնտեղ ոչի՜նչ  չունե՛ս անելու,
Նա՛ էլ քեզ տալու չունի՛ ոչ մի բան,
Երբ որ առանց քեզ օ՛րն է մահանում…

6
Փորձեցի ըմպել բառի գավաթից
Կին-սրտապատկեր էությո՜ւնը Քո,
Ու կախված մնաց գոյության կեռից
Տո՜ղը անավարտ՝ կիսատ բառերով:
*
Տիրո՜ւմ ես կյանքի հոսքին մոլեգին -
Կին-սրտապատկեր՝ տարե՜րք մի ահեղ,
Երգո՜ւմ է սիրտդ մի կիրք-մեղեդի,
Որի բառերը դեռ չեն  բարբառվել…


Ս.Ումառ-Հարությունյան
06. 09. 2016 թ. ք. Երևան


воскресенье, 4 сентября 2016 г.

Հայացք...

* * *
Մենք երկուսով էինք՝
Ե՜ս և հայացքս…
Եվ այնքա՜ն նման էինք իրար,
Որ այս ծե՜ր, փորձառու մոլորակը
Մի պահ կանգ առավ զարմացած:

* * *
Հայացքս լո՜ւռ էր,
Ես՝  տխո՜ւր -
Իմ մեջ ցա՜վ կար ու կարոտ,
… Չէր հասկացվում թե ի՞նչու էր
Աշխարհն այսքա՜ն անծանոթ…

Երկվորյա՛կ էինք հայացքիս հետ,
Տարբեր տարիքի էինք սակայն,
Ես մանո՜ւկ էի, հայացքս՝ ծե՜ր…
Ո՞վ է տեսել նման բան:

Հայացքս շա՜տ էր նմանվում
Արցունք թափող կնոջն այն,
Որը մի պահ քարանո՜ւմ է
Ու չի՛ տեսնում ոչ մի բան…

Իսկ ես ակո՛ւնքն էի փնտրում
Էության,
Դուրս գա՛լ էի փորձում հույզերի
Ցանցից,
Հայացքիս արցո՜ւնքն էի ըմպում
Լռելյայն,
Փորձո՜ւմ էի դուրս գալ կանգնած
Աշխարհից…

* * *
Աշխարհը բացե՛լ էր պատուհանը,
Նայում էինք նրա անհունին,
Երկուսո՜վ չէինք՝ երեքո՛վ էինք
Ե՜ս, հայա՜ցքս և
Հայելին…

Ս.Ումառ-Հարությունյան