воскресенье, 4 сентября 2016 г.

Հայացք...

* * *
Մենք երկուսով էինք՝
Ե՜ս և հայացքս…
Եվ այնքա՜ն նման էինք իրար,
Որ այս ծե՜ր, փորձառու մոլորակը
Մի պահ կանգ առավ զարմացած:

* * *
Հայացքս լո՜ւռ էր,
Ես՝  տխո՜ւր -
Իմ մեջ ցա՜վ կար ու կարոտ,
… Չէր հասկացվում թե ի՞նչու էր
Աշխարհն այսքա՜ն անծանոթ…

Երկվորյա՛կ էինք հայացքիս հետ,
Տարբեր տարիքի էինք սակայն,
Ես մանո՜ւկ էի, հայացքս՝ ծե՜ր…
Ո՞վ է տեսել նման բան:

Հայացքս շա՜տ էր նմանվում
Արցունք թափող կնոջն այն,
Որը մի պահ քարանո՜ւմ է
Ու չի՛ տեսնում ոչ մի բան…

Իսկ ես ակո՛ւնքն էի փնտրում
Էության,
Դուրս գա՛լ էի փորձում հույզերի
Ցանցից,
Հայացքիս արցո՜ւնքն էի ըմպում
Լռելյայն,
Փորձո՜ւմ էի դուրս գալ կանգնած
Աշխարհից…

* * *
Աշխարհը բացե՛լ էր պատուհանը,
Նայում էինք նրա անհունին,
Երկուսո՜վ չէինք՝ երեքո՛վ էինք
Ե՜ս, հայա՜ցքս և
Հայելին…

Ս.Ումառ-Հարությունյան


среда, 31 августа 2016 г.

ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ



Հիշողությանս խորքերից  շերտ-շե՜րտ
Քաշեցի քեզ վեր՝ բարձրացրի ներկա.
- Ի՞նչ ես կամենում, ասա՜, ասա՜, Տե՜ր,
Ես կկատարեմ ինչ-որ կամենաս:

* * *
Ու չի՛ հասկացվում դա ե՞ս եմ խոսում,
Թե նա՝ հեքիաթի  Ձկնիկի նման,
Հիշողությո՞ւնս է անխնա հոսո՜ւմ…
Անցյա՞լս է մեռնում փշրա՜նք առ փշրանք…

- Ե՛տ գցիր ինձ Տե՜ր, քո խենթ արյունով
Լցված հուշերիդ խորքը անհատակ,
Ես ոչինչ չունե՜մ այստեղ անելու՝
Դեռ քեզ պետք կգամ գալիքի համար:

Ու գիսախա՜ռը արցունքն աչքերին
Պատմո՜ւմ է գալիք օրերի մասին -
Ինչպես, որ Օ՛ձն էր խաբում Եվային,
Ինչպես Եվա՛ն էր խաբում Ադամին:

Կարծես ձեռքումս էր օտա՜ր, ուրիշ Կյա՛նք,
Հույզերի ցանցը ընկած ուրիշ Սի՜րտ.
- Տո՜ւր ինձ թռչելու թևեր ու  եռանդ,
Ճանապարհվելու  խորքերը իմ իսկ:

- Քո ուղեծիրը վաղո՜ւց է հայտնի
Ի՞նչու ես ձեռքդ խոթում այլ աշխարհ,
Անցյալը լերդո՛ւկ է օդի ու ջրի,
Ապագայի մեջ չե՛ն որոնում մահ…

- Ուզում եմ տեսնել, թե ո՞ւր են կորչում
Բառերս անդա՜րձ, մտքերս անվարան,
Ի՞նչպես է օ՜րը դառնում մի հնչյուն,
Եվ ի՞նչ կա գալիք սափորում Մահվան…

* * *
Լռե՜ց, ձեռքիցս ընկավ հատակին՝
Բյուր փշուրներով աչքերիս առաջ,

Ինչպես որ հո՜ւյսն է հասնում Դատարկին
Ու Ցած գլորվում թևերով այրված…

Ս.Ումառ-Հարությունյան

0.1.09.15 Երևան

вторник, 30 августа 2016 г.

Բա՛ռը


Բառը կարո՛ղ է սրտիդ հարվածել,
Քեզ իր մեջ Ճզմե՜լ, քամե՜լ մինչև վերջ,

Կարո՜ղ է սիրտդ ամպերին հպել,
Հոգիդ թաղանթով 
Անթեղել իր մեջ:

Կարող է Լուսնի արծաթափառը
Դարձնել մեռյա՜լ կամ էլ կենդանի,

Կարո՜ղ է հանգիստ փնովել մահը
Կամ փառաբանե՜լ
Ինչպես էակի:

Կարող է ինչպես մի խո՜լ ներշնչանք
Քեզ բուժե՜լ կա՛մ էլ հրել անկողին,

Բառը - պատեհ կամ անպատեհ հնչած,
Այնքա՜ն համակող,
Այնքա՜ն անձկալի:

Բառը կարող է անցյալ ու գալիք
Դարձնել ներկա հարուցյալ

Բա՛ռն ինչպես մի փոթորկո՛ղ ալիք…
Բա՛ռն ինչպես մի խոսո՜ղ ննջեցյալ…


Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 27 августа 2016 г.

Երբ խոսում են դիմակները


Հավաքիր մի տեղ օրերդ
Անցած,
Նայիր օրերիդ դեմքերին  
Բոլոր,
Կտեսնես,  թե որքա՜ն սպասումներ կան
Թաց,
Եվ որքա՜ն օրեր ծածկված  
Դիմակով…

Փորձի՜ր հիշել, թե որտե՞ղ ես
Տեսել,
Ի՞նչ դիմակներ են և ինչո՞ւ են
Թաց,
Ակունքն այդ վճիճ մի՛ փորձիր
Ջնջել,
Քո անցած կյա՛նքն է՝ քեզնից
Քողարկված…

Քո սե՜րն է քեզնից երեսը
Փակել,
Ամաչո՜ւմ է, որ ապրում է
Երկար,
Իսկ դու կարծես թե
Հուղակավորել,
Կամ ենթարկել ես դաժա՜ն
Փորձության…

Ու արթնացո՛ղ են հուշերը
Գերող…
Տունդարձի ճամփի նման
Անհամբե՜ր,
Իսկ դո՞ւ՝ մարդ Աստծո
Ամենակարող,
Փորձե՜ր ես անում անցյալդ
Ջնջել…

Փորձիր մե՛կ առ մեկ էջերդ 
Թերթե՛լ,
Ա՜խ, որքա՞ն ցավ կա՛, որքա՜ն կիրք ու
Դավ,
Ա՜խ, այս ի՞նչքան է սերդ
Դիմացել,
Կասկածանքներիդ ծանր բեռան
Տակ…

Քեզ շատ դժվա՛ր է թվում
Ծնվելը…
Իսկ սե՜րը, սպասո՜ւմը, կի՜րքը՝ - հասարակ մի
Բան,
Սակայն սխալվո՜ւմ ես,
Ծնվելը հե՛շտ է,
Դժվա՛րն ապրելն է դիմակների տակ…


Ստեփան  Ումառ-Հարությունյան

Մուսանե՜ր


* * *
Կույր գիշերների խենթացո՜ղ լեզվից
Ես արարեցի Ձեզ,
Իմ հա՜յ  Մուսաներ,
Իմ անստե՜ղ, անլա՜ր նվագարանից
Հյուսեցի բառե՜ր ու երգեր:

Երգերս անանուն չե՜ն եղել,
Բառերս էլ չե՛ն եղել անավարտ…
Որտե՞ղ եք հիմա
Իմ հայ Մուսաներ
Մութ Գիշերներս կարճելու համար:

Ցնորքներս փո՜շի են դարձել՝
Հաստ շերտով նստել ինչ-որ արխիվում,
Կույր-պատրանքներս խիտ ճյուղավորվել-
Ցրիվ են եկել
Օտար երկնքում…

* * *
Հայոց երկնքի աստղերն ուրի՜շ են՝
Միայն այստեղ են  մեր մեջ սերտաճում,
Այստեղի Սերը - մահից ուժեղ է,
Օտար երկինքը Մեզ չի՛ ճանաչում:

Այստե՛ղ են ներծծվում երազնե՜րը վառ-
Հողի՜,
Ջրի՜,
Քարերի մեջ խենթ,
Այստե՛ղ է ցոլքը դառնում ճառագայթ
Ու մահակռվում խավար ոտքի հետ:

Արտագաղթո՜ւմ եք սիրելի  Մուսաներ,
Փնտրո՜ւմ եք Երկինքներ անաղարտ,
Իսկ ես  բառեր եմ մոգոնում ոսկեղեն
Ձեզ հետ Մուսաներ խոսելու
համար…

Ձեր աչ՛քն ու շուրթը ո՞ւմ եք տանելու,
Ձեր սի՛րտն ու քո՜ւնքը,
Ձեր անցյալը թա՜նկ,
Օտարից նույնիսկ Լույս եք մուրալու,
Որը ստեղծված է բոլորի համար:

* * *
Եվ մի օր կգա՜, կգա՛ անպայման
Անցյալ քրքրող մի օտարական,
Ձեռագրերս կհանի փոշու ամպերից
Ու կվերծանի
Ինչպե՜ս կամենա…


Կասի. թրքուհու ոտքն եմ գովերգել,
Թաթարի՛, ռո՛ւսի շուրթերը պղերգ,
Քրդուհու կո՜ւրծքն եմ լեզվով շոշափել -
Քանզի հայ Մուսա չի՛ եղել երբեք:

Այդպես է օրենքն ամբողջ աշխարհի,
Երբ Մուսա չկա էլ ի՞նչ հայրենիք,
Երբ հո՜ղը,
Ջո՜ւրը,
Քա՜րը հայրենի
Սմքո՜ւմ դառնում են կարոտի կծիկ…

* * *
Արտագաղթո՜ւմ եք սիրելի  Մուսաներ,
Փնտրո՜ւմ եք երկինքներ անաղարտ,
Իսկ ես  բառեր եմ մոգոնում ոսկեղեն,
Ո՞ւմ հետ Մուսաներ խոսելու
համար…


Ս.Ումառ-Հարությունյան