понедельник, 15 августа 2016 г.

Օգոստոսն այս...

Օգոստոսն այս կարծես թույն էր,
Հոգում ծնված մի պայթյուն էր,
Մա՛հ էր, կյա՛նք էր, մի հարցական,
Որը ծնվեց ու պահի տակ մահացավ:

Գո՞ւթն էր արդյոք երկինքների,
Որ խնկի տեղ հացն էր բուրում,
Որ և քնած և արթմնի
Ցանկությունը մա՛հ էր դառնում:

Արժանի՞ էր  ժողովուրդը
Հղանցքին  մեր  գոյության,
Սադրանք ծնեց մեծ  «խորհուրդը»
Նահատակեց հո՜ւյս, հավա՜տ:

Ու մտքումդ պտտվում են
Ի՞նչպես ապրել ու խոսել,
Ի՞նչպես երկու հեռու ափեր
Իրար կապել ու անցնել:

Հեռուն մո՛տ է, մոտը՝ հեռո՜ւ
Ասես երկու հայելիներ,
Ոնց նայում ես բան չես տեսնում

Օգոստոսն է թունաբեր…

Ս.Ումառ-Հարությունյան


Կորուսյալ Սերը...

Կորուսյալ Սերը - մի աղոթարան
Բացվում է մեր մեջ ծաղիկի տեսքով
Ու կարոտախտը ագահի նման
Մեզ կուլ է տալիս
Այրվող երախով

Մեր կյանքի նման երկինքն է գայթում
Տատանում փողոց ու քաղաք
Քանի այսպիսի կյանքեր են կորչում
Ու անհետանում
Անհունում անտակ

Մի կերպարանք է գոյանում անձև
Ինքներս մեզ  համար դառնում ենք մի հուշ
Փորձում ենք կյանքի եզրը շրջանցել
Ինչպես երկնքում
Թափառող մի չու

Ամեն տխրություն, ամեն ցավ, կսկիծ
Խնամքի կարիք ունի հոգատար
Քանի  որ կյանքի ամեն հարվածից
Դառնում ենք տխուր
Դառնում ենք տկար

Բառերով ծածկում ենք ոտնահետքերը
Մեր հիշողության դռները բացում
Խելագարվում են երազանքները
Ու տարօրինակ
Լույսեր
Արձակում…

Ս.Ումառ-Հարությունյան

07.08.16  Երևան

Ուրիշ տեղ չունենք



Հյուսիսում  թո՛ւքն  է,
Հարավում՝ այրող Կրակարանը,
Արևմուտքում թո՛ւրքն է,
Արևելքում՝
Մզկիթ-կառափնարանը:

Հայտնվե՛լ ենք գարշահոտում,
Ճահիճի մեջ խորտակված,
Մեզ նեռե՛րն են կառավարում-
Ազգ ու պատիվ ուրացած:

Ո՞ւր ենք գնում, մենք չգիտե՜նք,
Մի՞թե սա էր Բախտը մեր,
Մի՞թե պետք է այսպես ապրենք…

Դե ձա՜յն հանեք Աստվածներ:

Մի՞թե ամոթ ասած բառը
Ջնջել եք մեր Սուրբ լեզվից,
Ձեզ հետ կապող պորտալարը
Դարձրել  լո՛կ խաղալիք:

Մի ահռելի թակարդում ենք հայտնվել
Ձեզ թվում է թե դողո՞ւմ ենք մենք ահից,
Ո՛չ, հարգելի Աստվածներ -
Մեր հնամյա քարերի պես -

Չե՛նք վախենում մենք  մահից:

Դե խաղացեք ծուռ հայի  հետ,
Խոթեք նեռի բերանն ու մինչ նրա ոռնալը՝
Մի՛ մոռացեք.  
Անհնա՛ր է
Մեզ ծամե՛լն ու կուլ տալը:

Այս աշխարհը Մե՛նք ենք ծռել
Լուսնի սառը մահիկով,
Մե՛նք էլ կուղղենք,
Ի՞նչ է եղել,

Ի՞նչ եք անցել իրարով:


Ս.Ումառ-Հարությունյան

Հեռագիր Ե.Չարենցից « Ես չգիտե՜մ ի՞նչ եմ սիրում…»



Ես իմ անո՜ւշ Հայաստանի արնաթաթախ կյա՛նքն եմ սիրում,
Անցած կյանքի ողբանվա՜գ, լացակումած ձա՛յնն եմ սիրում,
Իմ այսօրվա Հայաստանի ապագայի բո՜ւյրը վառման
Ու լրագրող աղջիկների հեզաճկուն քա՜յլն եմ սիրում:

Սիրո՜ւմ եմ մեր երեսփոխան ընտրյալների մի՛տքը լուսե,
Ամռան տապին ու ձմեռվան դիմակայող ազգս վսեմ,
Ոսկում կորած տաճարների անհյուրընկալ պատերը սև,
Եվ հնամյա աղոթքների հազարամյա շունչն եմ սիրում:

Ո՜ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբատեսք դեմքերը մեր,
Չե՛մ մոռանա անեծք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքա՜ն էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ գործերը մեր,
Էլի ես որբ ու արնաքամ  Հայաստանյան կյա՛նքն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիչ երազ չկա,
Բաղրամյանից - Խորհրդարան ուրիշ ո՛չ մի  ճամփա չկա,
Աշխա՛րհ անցիր, «Սարի թաղ»-ի նման համա՛յնք չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես չգիտեմ  ի՞նչ եմ սիրում:


Հեռագիրն ընդունեց Ս.Ումառ-Հարությունյանը

Բողոք առ Ղազարոս Աղայանի



Բանի՛ր, բանի՛ր խորհրդարա՛ն,
Բանի՛ր դրա՜մ, ռուբլինե՜ր,
Բանի՛ր եվրո՜, բանի՛ր դոլա՜ր,
Որ ես հոգամ ի՛մ ցավեր։

Տիգրանիկս գուլպա՛ չունի,
Բա՛նկ
է գնում ոտաբաց,
Գալուստիկը «Պրադո»
չունի,
Մի՛շտ անում է սուգ ու լաց։

Կազինոյում, որ տարվեցի
Պա՛րտք մնացի  ես մի քիչ,
Ա՜խ, չորանա՜ր ոտը ռուսի
Եկա՜վ, տարա՛վ ամեն ինչ։

Եղբայրս ինձ հետ փա՛յ է մտել՝
Թալանո՛ւմ  է սրիկան, 
Հիմա ի՞նչ է,  պիտի զրկվե՞մ
Ու չունենա՞մ ոչ մի բան:

Քի՞չ են տված խոստումներս,
Բա ինչո՞ւ ինձ չեն սիրում,
Նույնիսկ ցանած վարունգներս
Թարս են աճում այս երկրում

Բանակ չունե՛նք, զե՛նք էլ չունենք,
Ո՛չ էլ կարգին ոստիկան,
Այսպես անկապ դեռ եղած չե՛նք,
Կտրվե՜լ է ամեն բան։

Բանի՛ր, բանի՛ր խորհրդարա՛ն,
Բանի՛ր դրա՜մ, ռուբլինե՜ր,
Բանի՛ր եվրո՜, բանի՛ր դոլա՜ր,
Որ ես հոգամ ի՛մ ցավեր։


Ս.Ումառ-Հարությունյան