среда, 30 сентября 2015 г.

Սիրահարված պահիր ինձ ...

Սիրահարված պահիր ինձ ամեն օր ու ժամ,
ինձ օրորիր քնե՜մ -
ճերմակ կուրծքդ գրկած:
Տա՛ր ինձ ո՜ւր ուզում ես - քո աչքերում պահած,
ես քո աչքերում
պարեմ խենթացած:
Որքան սիրտդ կուզի - քմծիծաղիր այնքան,
արցունքներդ լինեն
կարոտների պես տաք:
Ընկի՛ր ճանապարհ դեպի մեր այգին…
… Աչուկները չռած ծաղկած բալենին
սպասում է ինձ ու քեզ,
ես քո՛ մեջ
դու՝ իմ…
Ս.Ումառ-Հարությունյան

Կապույտ երեկո

Այսօր երեկոն կապո՜ւյտ է հագել,
Գուցե յասամանն է լուծվել երկնքում,
Ո՜վ մարդ արարած, կարո՞ղ ես գտնել
Կապույտ երազդ
կապույտի գրկում:

Մի՞գուցե բնությունը խառնել է
Գույներն ու հույզերը իրար,
Միգուցե մանկացե՞լ է ու խաղում է
Խաղերն իր դաժա՜ն ու հիմար…

Փնտրի՛ր կապույտում քո կապույտ վարդը,
Կապույտ շուրթերին կապույտ մի ժպիտ,
Չէ՞ որ բնությունն էլ ինչպես մարդը
Հաճախ է խառնում կապույտը սևին:

Այսօր երեկոն կապո՜ւյտ է հագել,
Միգուցե վաղը լինի սպիտակով,
Միգուցե վաղը կարող ես գտնել
Կապույտ երազդ
սպիտակ թերթերով…


Ս.Ումառ-Հարությունյան

Ոտքերի ձայնը


Ամենախոսուն հատվածը
Ոտքերն են մարդու՝
Դեպի քեզ եկող ոտքերը,
Որոնք երբ լռո՛ւմ են
Ասես սի՛րտդ է պայթում,
Հոգիդ փոթորկվո՜ւմ,
Աչքերդ քո՛ւնն են կորցնում,
Լեզուդ էլ կծկվո՜ւմ,
Ատամներիդ տակ կծիկ է դառնում:

Ասո՜ւմ են,
Երբ լսում ես դեպի քեզ եկող ոտնաձայները՝
Կրկնապատկվում են սրտի զարկերը,
Ո՜չ,
Ավելանում են եռակի՛, քառակի՛ անգամ,

Լուռ ոտքը մա՛հ է կամ անտարբերությո՛ւն,
Մա՜հ-անտարբերությո՜ւն…
Ո՞վ կդիմանա:

Երբ ոտքը լռո՜ւմ է,
Սիրտը չի՛ լռում
Կանչո՜ւմ է, սպասում անդադար:
… Խոսի՛ր ինձ հետ ոտքերի լեզվով -
Ես կհասկանամ:

Չափից ավելի բաբախող սրտեր
Չե՛ն եղել, չկա՜ն,
Դա սրտի ձա՛յնն է ոտքերի ձայնին գումարվում,
Ու նմանվում  է սիրտն այդ ժամանակ
Քառատրոփ վազող անսանձ  մի ձիու,
Որ  Հեռանում է
Ու Կանգ է առնում
Հեռո՜ւ մի տեղում…

…Եվ ստացվում է,
 Որ ամենախոսուն հատվածը ոտքերն են մարդու՝
Դեպի քեզ եկող ոտքերի ձայնը,
Որը երբ չկա
Սի՛րտդ է պայթում…



Ս.Ումառ-Հարությունյան

среда, 23 сентября 2015 г.

Պատգամ որդուս



Հարուստները կտակում են, Պոետները՝ պատգամում,
Հարուստները մահանում են,
Պոետները՝ մնում:



Որդի՜ս, ոչ ոք հո՛րդ նման
Չի՛ կարող քեզ խորհուրդ տալ,
Հորդ խոսքը գի՛ր չէ, մատյա՜ն,
Ապրած կյա՛նք է,  հավատա՜:

Զույգ պատկեր է այս աշխարհը՝
Մի Հրեշտակ ու մի Աստված,
Մեկը Մայրն է, մեկը՝ Հայրը,
(Ինձ կներես) մնացածը…հավելված:

Ամեն տեղ է քեզ հսկելու
Մորդ աչքը պահապան,
Հորդ ձեռքն է քեզ ցույց տալու         
Մաքո՜ւր, կանաչ ճանապարհ:

Թե նեղ օրվա կհանդիպես
Հիշիր թե ո՞ւմ որդին ես,
Լեզվով անհույս փորձեր չանե՜ս,
Խղճով – քարե՛ր կծակես:

Խիղճդ պահիր այնպիսի տեղ,
Որ միշտ աչքիդ երևա՜,
Գրպան դրած խիղճը անհետք
Կչքանա՜, կգնա՛:

Ձայնդ երբեք չբարձրացնե՜ս,
Խի՛ղճը աղմուկ չի՛ սիրում,
Դե ի՞նչ արած, կյանքն է այդպես՝                       
Բղավողին չեն լսում:

Թույլ կրակը վառած մոմի
Մեկ անգամ է տաքացնում,                  
Նեցուկ եղիր սրտիդ խոսքին,
Որ չմրսես ողջ կյանքում:                  

Թե ունենաս ավել պատառ,
Չտա՛ս չարին ու քամուն,
Դի՛ր պատահած քարի վրա -
Ամե՛ն մի քար մի շիրիմ է երկնքում:

Բախտը կգա, ձեռնոցներով
Կբարևի կգնա՜,
Կյանքն իր դառը խոստումներով
Քեզ քո տեղը ցույց կտա:

Կյանքում երբեք մի՛ մեղադրիր
Վատ օրին  քեզ լքողին,
Բախտի առաջ մի՛ խոնարհվիր,
Ծնկիր միայն
Մայր Հողին:

Թե որ խղճով կառավարվես,
Պատգամս քեզ պետք չի՛ գա,
Որդի՜ս, լսի՛ր, որ չսխալվե՜ս,
Հորդ խոսքին հավատա:


Ս.Ումառ-Հարությունյան


Ջե՜րմ…



Դրսում ձյուն է՝
Հարսնաքո՜ղ,
Ու քամի՜ն է խաղում,
Սրտումս ցա՜վ է ու դո՜ղ,
Տեսնես ի՞նչ է կատարվում:

Բնությո՛ւնն է
Ամուսնանում,
Ո՞ւմ հետ, ի՞նչու,  չգիտե՜մ,
Հոգիս Գարուն է ուզում,
Հոխորտա՞մ թե՞ ամաչեմ:

Մարմի՛նս է
Փշո՜տ, քրտնա՜ծ,
Ջերմը մտքերս է ուտում,
Ձեռքս ի՞նչու դատարկ մնաց,
Պատիժն այսպե՞ս է լինում…

Իմ կռիվը
Աստծո հետ չէ,
Բնությո՛ւնն է թշնամիս,
Ինչո՞ւ պետք է այսքան ցավը
Արցունքներից չմաշվի…

Մեկ ինձ զգո՜ւմ եմ մեղավոր,
Մե՛կ էլ անչափ անմե՜ղ,
Սրտումս ձյո՜ւն է մաղում,
Հարսնաքո՜ղ,
Ու քամի է ահեղ…

Ս.Ումառ-Հարությունյան