среда, 4 июня 2014 г.

Սովորական պատմություն





Հարկը նկուղային էր:
Պատուհանը գտնվում էր ասֆալտից ընդամենը երեսուն սանտիմետր բարձրության վրա:
Այնտեղ ապրում էին սուգը, թախիծը, սև շղարշը ու մեկ էլ` ուստա Գևորը:
Ամբողջ քաղաքն էր ճանաչում այդ միջահասակից քիչ բարձր, ձախ ոտքից կաղ մարդուն`քաղաքի ամենալավ դագաղագործին:
Իմ տարիքի շատ տղաներ վախվխելով էին անցնում այդ արհեստանոցի (արվեստանոցի`ինչպես անվանում էր ուստա Գևորը) կողքով, իսկ, ես չգիտես ինչու, միշտ մեծ հաճույքով էի մտնում նկուղ:
Ամեն անգամ, երբ նայում էի նկուղի պատուհանից ներս, ուստա Գևորը ձայն էր տալիս.
- Ախպո´ր թոռ, նե´րս արի:
Մտնում էի ու ամեն անգամ զարմացած նայում այդ դատարկ, սև արկղերին, որոնցով շատ մոտ ապագայում այս աշխարհից դեպի այն աշխարհ ուղևորվում էր ինչ-որ մեկը: Նրա աշխատանքին նայելիս ինձ թվում էր, թե ինչ որ բան պակաս է, այնպես չէ, ինչպես պետք է լիներ:
Թվում էր, թե ուստա Գևորը սխալ է չափում,սոսինձը քիչ կամ վատ է քսում և մանր այլ գործողություններ, որոնք ես կանեի ավելի լավ, քանի որ մեր դպրոցի ամենալավ մաթեմատիկա և ֆիզիկա իմացողն էի ( դրա համար էլ քիթս քիչ բարձր էի պահում):
Ուստա Գևորը միայնակ էր, չուներ ընտանիք:
Իմ տատն էր ամեն օր իմ միջոցով նրան ճաշ ուղարկում փոքրիկ կաթսայի մեջ:
Նա ամեն անգամ խնամքով շարում էր ուտելիքները կիսապատրաստ դագաղի կափարիչին, հանում միշտ կիսատ օզու շիշը, ինձ ստիպում էր ուտել,ինքը միայն խմում էր:
Ես մտքումս լրիվ տիրապետում էի նրա արհեստին:
Ամեն անգամ, երբ գալիս էին պատրաստի ապրանքը տանելու, ուստա Գևորի աչքերը փայլում էին հպարտությունից ու կիսաձայն շշնջում էր.
- Այս մեկը բոլորից գեղեցիկ ստացվեց:
Ու ճռճռան թղթադրամները սահեցնում  էր գրպանը:

Ձմռան մի ցուրտ օր էր`փետրվարի 18-ը, երբ դպրոց լուր հասավ, թե ուստա Գևորը մահացել է:
Թողեցի դասերս ու վազեցի արհեստանոց: Ամբողջ թաղն այնտեղ էր:
Ուստա Գևորը չկար:
Ամեն բան պարզ էր:
Հարևանները քննարկում էին, թե ինչպես են թաղելու թաղի ամենահայտնի մարդուն:
- Իսկ դագաղն ո՞վ է սարքելու,- հիշեց Մարուս տատը,- խեղճը տեսնես իր համար սարքե՞լ է, թե՞ ոչ:
Արհեստանոցում նույնիսկ կիսապատրաստ դագաղ չկար:
- Լևոնի թոռը նրա աշակերտն է, թող սարքի,կարո՞ղ ես ,-Ստալինի բեղերի նման բեղեր ունեցող Արիստակ պապն էր, որ շրջվեց իմ կողմը:
Բոլորը ինձ էին նայում, իսկ ես հայացքով արդեն ընտրում էի պատի տակ շարված տախտակները:
Հարևանները կամաց կամաց ցրվեցին` ինձ թողնելով մենակ սգի այդ սենյակում:
Հաջորդ օրը ինձ դասերից ազատեց տատս ու ասաց.
- Տե´ս, հա´, Լևո´ն ջան ,խայտառակ չանես:
Երկու օր չարչարվում էի ու մտքումս  կրկնում,որ սա իրոք պետք է լինի ամենագեղեցիկ դագաղը քաղաքում:
Երբ այն պատրաստ էր, իմ աչքին մի հրաշալիք էր: Չեմ կարող նկարագրել գծագրական բոլոր չափերը խստորեն պահպանած, սև թավշյա կտորի անառարկելիորեն ճիշտ սոսնձված և ոչ մի ակոս կամ դուրս ցցված մաս չունեցող իմ աշխատանքը:
Դա իմ գլուխգործոցն էր:
Առավոտյան հարևաններից երեք հոգի եկան դագաղի հետևից:
Զարմացած մեկ ինձ էին նայում, մեկ` դագաղին:
- Շատ գեղեցիկ է,-ասաց մեր քսանհինգամյա  հարևան, ավտոբուսի վարորդ Մանվելը:
Ներս մտավ տատս, նայեց երկար, փլվեց աթոռին, հետո ձեռքները ծնկների խփելով` ասաց.
- Լևո´ն ջան, այս ո՞նց եղավ,-աչքերը շատ տխուր էին հպարտ լինելու համար:
- Շատ լավ է սարքել, Մարթա´  տատ, ի՞նչ է եղել որ, մեջը ես էլ կպառկեի:
Ես ոչինչ չէի հասկանում:
Սկսեցի մտքումս կատարել պատրաստման ընթացքի քայլերը`այս տախտակները տակի համար են, սրանք` կողքերի, սրանք` գլխավերևի ու ոտքերի տակի:
Հիշում էի ուստա Գևորի խոսքերը. <Վերցնում ես տակի տախտակները, չափում ես միչև գլուխդ ու ավելացնում մեկ թիզ>:
Ես այդպես էլ արել էի:
Ես չափել էի իմ հասակով:
Ես հասկացա իմ սխալը ու տխուր նստեցի աթոռակին:
Շատ գեղեցիկ էր ստացվել,բայց…
Մի քանի ժամ հետո ուստա Գևորին գերեզման իջեցրին ֆաներայի կտորներից հապճեպ պատրաստված, սև կտորը անխնամ սոսնձված մի ուղղանկյուն արկղով, որը պատրաստել էր հարևան Մուկուչը իր կնոջ հետ:
Իմ գլուխգործոցը`գեղեցիկ ու պատանեկության դառը հուշերով առլեցուն, տատիս կնճիռ ձեռքերով ու կացնի միջոցով կտոր կտոր եղավ, վառվեց մեր վառարանում:
Փետրվարյան այդ ցուրտ օրը  բակում նստած ես նայում էի  տանիքներից քուլա- քուլա դուրս եկող ծխի ամպերին:
Ամենագեղեցիկ ու ամենատխուր ծուխն ամբողջ քաղաքում բարձրանում էր մեր տան տանիքից:

Ստեփան Ումառ: Տիկնիկը

Ստեփան Ումառ: Տիկնիկը

Ստեփան Ումառ: Տիկնիկը

Ստեփան Ումառ: Տիկնիկը

Տիկնիկը





Մարդը ծնվում է  կյանքի առաջին իսկ օրերից երջանիկ լինելու համար:
Բայց…
Իր կյանքի առաջին իսկ վայրկյանից հարված է ուտում հետույքին` բղավելու համար:
Հետո բարուրում են ձեռքերն ու ոտքերը` սահմանափակելով շարժումները:
Եվ, երբ մայրական կաթը չի բավարարում, ստիպում են հանդիպել առաջին ստին` բերանն են խցկում ռետինե ծծակն ու ասում` կե´ր, ապրի´ր երջանիկ, մեծացի´ր, ստեղծագործի´ր:
Կյանքի պատերազմում հարկավոր է համբերությամբ սպասել, երբ Կյանքն ինքը կհպվի քեզ անհրաժեշտ պահին` նուրբ  ու  հաճելի…
Փորձի´ր զգալ Նրան` լեզվի ծայրով, շուրթերով: Եթե ոչինչ չստացվի, փորձի´ր մատներիդ բարձիկներով հպվել…
Սկզբից կզգաս հեռավոր կայծակի պայթյուն, հետո` ասես աշնան տերևների լուռ սոսափյուն, իսկ վերջնականապես` տաք մի զեփյուռի գրկում կմոռանաս ամե~ն- ամե~ն ինչ… Հեռվից կլսես քեզ կանչող մի երաժշտություն  ու կգնաս…

* * *
Վեր կացավ անկողնուց:
Բնակարանը սառն էր:
Անհրապույր:
Սեփական պաշտոնական իրավունքներին ձեռնահաս ձմեռը  ջանասիրաբար կատարում էր իր ցուրտ գործը:
Խալաթը գցեց վրան, փորձեց գնալ խոհանոց՝ սուրճ եփելու, բայց մի պահ կանգ առավ…
Ձմեռն իր սառը ձեռքը մտցրեց ծոցը, սառցե մատներով շոյեց կրծքերն ու փորձեց իջնել ավելի ներքև…

… Արդեն մեկ տարի կլինի, ինչ իրեն չեն շոյել, չեն սիրել տղամարդկային ձեռքեր:
Ամուսին կոչվածը, ինչ բանտից ազատվել,  տուն է եկել միշտ կա´մ հարբած է, կա´մ` ինչ-որ դեղերի ազդեցության տակ:
Դե, հո ինքն էլ քարից չէ՞, դեռ երեսուն տարեկան չկա: Բայց ի՞նչ անի…
<Թքա´ծ, կդիմանամ>,- մտածեց ու  խալաթով ավելի ամուր փաթաթվեց:
Պահարաններում սուրճ կամ շաքարավազ գտնելու բոլոր փորձերն անցան ապարդյուն:
<Էլի ընկերներով հավաքվել են ու…>:
Հարկավոր է խանութ գնալ: Հազար դրամ կա, կհերիքի սուրճի ու շաքարավազի:
Գտավ ծխախոտի մի կիսատ տուփ:
<Ամեն ինչ մաքրել են մորեխների նման: Ինչպե~ս եմ զզվում այս կյանքից: Ո՞ր մեղքիս համար…Վաղը Նոր  տարի է, տունը` դատարկ, մի կոպեկ փող չկա: Ո՞ւր հասա ես…>:
Հիշեց հոր խոսքերը.
- Ի՞նչ գործ ունես այդ ավարայի հետ: Քեզ քանի անգամ եմ ասել` տուն մի´ բեր դրան:
Նրա համար մի տիկնիկ ես, որի հետ միառժամանակ խաղալուց կարող է հոգնել ու շպրտել մի կողմ:
- Պա´պ, սիրում եմ, ի՞նչ անեմ: Դե, չի ստացվել կյանքը: Ի՞նչ է, պետք է անպայման բարձրագո՞ւյն ունենա…
- Բարձրագույնն ի՞նչ կապ ունի: Դա նորմալ մարդ չէ, չե՞ս զգում: Աչքերը` ապակյա, ոչինչ չարտահայտող: Կարդացած միակ գիրքն էլ` <Սպանված աղավնին>  է: Այն էլ, հիշում է, որ տատն է կարդացել իր համար: Իսկ հիշո՞ւմ ես` ինձ ինչ ասաց: Է~խ, Անի~, Անի~, շատ ես հիշելու ինձ…
Իհարկե, հիշում է, այն էլ` ինչպես:
Վառեց ծխախոտն ու մոտեցավ պատուհանին:
Ձյուն էր գալիս:

* * *
Կյանքը միշտ լի է անակնկալներով, հատկապես բացասական և միայն հանրահայտ նկարի քառակուսում չէ սև գույնը գերիշխող՝ այլ նաև կյանքում:
Ուղղակի պետք է հիշել, որ սևից հետո անպայման սպիտակն է գալիս, հետո նորից սև, նորից սպիտակ…..
Պետք է կյանքի անկյունագծով քայլել, որ անընդհատ լինի սպիտակ, բայց միթե դա հնարավոր է:

* * *
Շենքի տակ գտնվող խանութում իրեն լավ են ճանաչում: Արդեն քանի տարի է, ինչ այստեղից է առևտուր անում:
Առևտուր:
Առածն ի՞նչ է որ` հաց, մի քիչ երշիկ կամ պանիր, ծխախոտ, սուրճ, մի քիչ շաքարավազ:
Իրեն հաճախ թույլ է տալիս որոշ ապրանքներ թաքցնել պայուսակում կամ շորի տակ: Այլ կերպ հնարավոր չէ ապրել: Անվտանգության աշխատակիցները երբեք չեն ստուգում: Նրանցից մեկն էլ տակի հարևանն է` իր հոր ուսանողներից:
Մոտեցավ դրամարկղին:
- Սեդա´ ջան, հաշվի´ր, սուրճ…
- Երեք հազար պետք է ավելացնեմ: Երեկ Գագոն` ամուսինդ օղի և պահածոներ է վերցրել:
- Բայց մոտս չկա: Մի ուրիշ անգամ կտամ: Ինչո՞ւ եք սպասարկել: Չէ՞ որ զգուշացրել էի:
- Մի այնպիսի տուրուդմբոց սարքեց, որ…  Ձեր ներքևի  հարևանին էլ, որ մեզ մոտ է աշխատում, ծեծեց, ատամները ջարդեց ու փախավ: Գիտե´ս, որ հաճախ լռել եմ: Բայց հիմա տեսախցիկներ են տեղադրել, արդեն երկու օր է…
- Ի՞նչ տեսախցիկներ, - կարծես սառը ջուր լցրեցին վրան:
- Լա´վ, գնա´, մի ուրիշ անգամ կվճարես:
Խանութից դուրս չեկած` մոտեցավ անվտանգության աշխատակիցը:
Նոր էր:
- Ձեզ խնդրում եմ անցնել  այս սենյակ,- ձեռքով ցույց տվեց կողքի դուռը:
- Ի՞նչ է եղել: Ահա´ իմ կտրոնը, ես…
- Գիտեմ, անցե´ք, խնդրում եմ: Պե´տք չէ աղմուկ բարձրացնել:  Ձեր օգտին չէ:
Սենյակը դատարկ էր: Մի սեղան էր` վրան համակարգիչ, մի բազկաթոռ:
- Դատարկե´ք պայուսակը, խնդրեմ, թե՞ համակարգչով ցույց տամ Ձեր առևտուրը:
Պայուսակից դուրս եկավ ձեթի մի շիշ, կարմիր գինու մի շիշ, երկու փաթեթ` խոզապուխտով և բաստուրմայով…
- Վե՞րջ - հարցրեց աշխատակիցը:
- Վերջ: Մոռացել էի ցույց տալ դրամարկղում, – գլուխը կախ պատասխանեց ու զգաց, որ ականջներն այրվում են:
- Վերարկուի կոճակնե´րն էլ  բացեք:
- Ձեզ պետք է, դուք էլ բացեք:
Տղամարդը մոտեցավ, դանդաղ քանդեց կոճակները, ձեռքով շոշափեց թևի տակ թաքցրած շամպայնի շիշը, վերցրեց դրեց սեղանին:
Նորից մոտեցավ Անիին: Ուղիղ աչքերի մեջ նայելով` հարցրեց:
- Շարունակե՞մ, թե ոստիկանություն զանգեմ: Ես գիտեմ` ինչ է դուրս գալու և քանի հատ:
Ձայն չհանեց ամոթից:
Տղամարդու ձեռքերն սկսեցին շոշափել մարմինը` կոնքերից սկսած:
Երբ ձեռքերը հասան կրծքերին, աչքերը փակեց:
Նույնիսկ այդ դրության մեջ  զգաց, թե ինչքան հաճելի է այդ շփումը:
Ոտքերը թուլացան, հայտնվեց տղամարդու ձեռքերի մեջ:
Տղամարդը մի կերպ տեղավորեց նրան բազկաթոռին:
Հետո , ասես երազում, տեսավ, թե ինչպես է անվտանգության աշխատակիցը  նորից տեղավորում ապրանքները պայուսակում:
- Կարող ես գնալ, բայց այս խանութ է´լ չմտնես: Կարգին կին ես երևում, ամոթ չէ՞: Ի՞նձ էլ չես հիշում:
Անին ուշադիր նայեց նրան: Չէ՛, չի հիշում:
Ամոթի կարմիր գույնը երևի դեռ չէր լքել իր երեսը, որը տարուբերվեց աջ ու ձախ:
 - Ձեր դասարանի Մուննաթն եմ` Վարդանը, հիշեցի՞ր:
Անին ժպտաց:
Իր դպրոցական սերն էր:

* * *
Ձյունը, որ նման չէր ձյան, այլ մոխրագույն, թեթև մոխրի փաթիլների, իջնում էր դանդաղ:
Ձյունը փափուկ չէր, խավոտ  էր ու դաժան:
Ձյունը տոնական չէր,  այլ դավադիր ու սառը, որ նստելով ուսերին ու գլխին`կապարի ծանրությամբ սեղմում էր նրան` ստիպելով  մոտենալ գետնին:
<Ավելի լավ էր գետինը մտնեի: Ի~նչ լավ է, որ արդեն չկաս, հա´յր: Ու ի~նչ վատ է, որ անընդհատ պտտվում ես գլխումս>:

* * *
Երբ փորձ արեց դուռը բացելու, զարմացավ:
Լավ հիշում էր, թե ինչպես է բանալիով փակել:
Հրեց, մտավ ներս:
Միջանցքում դրեց պայուսակը, հանեց վերարկուն ու, երբ ցանկանում էր վերարկուն կախիչից կախել, լսեց.
- Դե´, Գագո´ ջան, խմե´նք: Ախպե´ր, քեզնից բան չենք ուզում, բայց, դե, պարտք ես, պետք է տաս, ուրիշ ձև չկա:
- Տիկո´ ջան, երկու օր էլ, ու կտամ…
- Չէ´, հիմա է պետք: Կարո՞ղ է`ես ընտանիք չեմ պահում: Նոր տարի ա, բան ա, երեխեքի նվեր…
- Ճիշտ ա ասում, Գա´գ: Երեք ամիս ա` ֆռռացնում ես, հո մենք թուլա չե՞նք:
- Արա´,  Գագո´, լսի´, ուզո՞ւմ ես, երբ Անին գա, մի ժամով մենակ թող ինձ ու իրան: Պարտքի կեսը ջրեմ, ուզո՞ւմ ես :
- Տիկո´ ,հո չե՞ս ցնդել: Բա մյո´ւս կեսն ինչպե՞ս եմ տալու: Չեղա´վ, ախպե´ր:

* * *
Կարծես ինչ-որ մեկի ձեռքն ամուր սեղմեց սիրտը բռունցքի մեջ:
Կծկվեց, ուսով հենվեց միջանցքի պահարանին:
Սառույցե մի շուն սկսեց լիզել ոտքերից մինչև փորը:
Կրակե մի գորտ փորձեց իրեն կուլ տալ: Բայց ինքը, գլխից մինչև գոտկատեղը սողալով, մնաց կրակե գորտի բերանում:
Զգաց, որ միատեղ ապրած տարիներն իզուր են եղել:
Ապրածն անիմաստ:
Հիշեց. < Պապ, ինչո՞ւ եմ տիկնիկ: Սիրում եմ, ի՞նչ անեմ: Դե, չի ստացվել կյանքը …>:

* * *
Սենյակից նորից լսվեցին ձայները:
- Գնացողի հետևից վատ բան չեն ասում: Լավ էլ տարի էր, օղորմի´ իրեն: Խմե´նք եկող տարվա համար: Գագոյի հասկացողությա´ն համար: Ապրե´ս, ախպե´րս , թասիբի´ մարդ ես:
Լսվեցին զարկվող բաժակների ձայները, որոնք կարծես սգո ղողանջների նման լցվեցին ականջները:
Աչքերի առաջ փայտե սև խաչեր էին ու  գերեզմանափոսեր, որտեղից ինչ-որ մեկնված ձեռքեր կանչում էին իրեն:
Ձեռքերից մեկի դաստակին մի հին ժամացույց էր` հոր սիրած ժամացույցը, որ պատերազմից էր բերել տուն:
<Ամեն ինչ կտայի, կուրանայի ամեն մի սրբություն, որ այս ամենը երազ լիներ: Ամեն ինչ…>:

* * *
Առանց վերարկուի դուրս թռավ փողոց:
Չհիշեց` ինչպես, ինչ կերպ հասավ գերեզմանոց:
Չհիշեց `ինչպես է մոտեցել հոր գերեզմանին, ծնկել ձյան վրա, գլուխը հենել տապանաքարին ու լաց լինելուց հոգնած` քնել այդպես:
Մարմնով մեկ դողում էր:
Հետո հասկացավ, որ արդեն մութն ընկնում է ու մի կերպ վեր կացավ:

* * *
Շենքի տակի խանութի լույսերը վառ էին:
Մոտեցավ:
Խանութի տաք օդը հարվածեց դեմքին:
Մարդ չէր երևում:
Անվտանգության աշխատակիցների սենյակից դուրս եկավ Վարդանը:
Վազելով` մոտեցավ:
- Անի՞, այս ինչ օրի ես, ի՞նչ է պատահել:
Անին ընկավ հատակին:
Աչքերը բացեց: Բազկաթոռի մեջ էր` ծածկված պիջակով:
Անտանելի ցանկություն կար ծխելու:
Վեր կացավ, մոտեցավ սեղանին: Միայն կրակայրիչ էր:
Իսկ համակարգչին հենած էր դեղին մազերով, պոչիկներ կապած մի փոքրիկ ժպտացող տիկնիկ:
Շոյեց տիկնիկը գլուխը, ժպտաց:
Վերցրեց կրակայրիչը, մոտեցավ սենյակի անկյունի աղբամանին:
Ձեռքով փնտրեց, գտավ մի կիսատ, հանգցրած ծխախոտ, վառեց:
<Ի՞նչ է կատարվում: Ես` կենսաբանական գիտությունների թեկնածուս, որ օրինակ եմ եղել Համալսարանի շատ ու շատ աշխատակիցների համար, այսօր…>
Ներս մտավ Վարդանը.
- Արթնացա՞ր: Հարձակվե՞լ են վրադ, ո՞ւր է վերարկուդ, ի՞նչ է տեսքդ: Անի´, ի՞նչ է տեղի ունենում, ես քեզ չեմ ճանաչում…
Վազելով` մոտեցավ, ձեռքերով փաթաթվեց Վարդանի պարանոցին:
Սկսեց համբուրել խելակորույս` այտերը, շուրթերը…
- Սիրի´ր ինձ, խնդրո´ւմ եմ, սիրի´ր: Ես մահանում եմ, հասկանո՞ւմ ես : Սիրի´ր, ինչպես կամենում ես: Մա՞րդ ես, թե՞ ոչ…
Սկսեց ձեռքերով հարվածել Վարդանի երեսին, մարմնին…
- Ես  մա´րդ եմ,  հասկանո՞ւմ ես` մա´րդ:
Ծնվել եմ` պետք է ապրե´մ, ապրե´մ, ինչ էլ, որ լինի …

* * *
Ծնվել ես` ուզած-չուզած պետք է ապրես:
Եթե կյանքի ծուռումուռ ճանապարհներին հանդիպած մարդիկ բարի լինեն, համեմատաբար հարթ կլինի քո ուղին  էլ, որը կանցնես`  չհայտնվելով բիլիարդի փոսիկ-ցանցի մեջ, այլ կմնաս սեղանի վրա` չկորցնելով արժանապատվությունդ ու հպարտությունդ, բայց` ամեն վայրկյան սպասելով հարվածի:
Այդպես է կյանքը:
Միշտ պետք է պատրաստ լինել:

* * *
Կյանքի պատերազմում հարկավոր է համբերությամբ սպասել, երբ Կյանքն ինքը կհպվի քեզ անհրաժեշտ պահին` նուրբ  ու  հաճելի…
Փորձի´ր զգալ Նրան` լեզվի ծայրով, շուրթերով: Եթե ոչինչ չստացվի, փորձի´ր մատներիդ բարձիկներով հպվել…

* * *
Նորից գրկեց Վարդանին: Սեղմեց կրծքին:
Համբուրում էր գլուխը, մազերը:
Կանգ չէր առնում, ձեռքով փակած Վարդանի բերանը` համբուրում էր …
Համակարգչին հենած տիկնիկը ժպտում էր:

* * *
Երբ վերակենդանանում են վաղուց թաղված  սրտաբուխ բառերը, կին արարածը հավերժական առեղծվածից վերափոխվում է մի հրաշալի արարածի, որը հանուն սիրո ընդունակ է անհնարին թվացող այն արարքների, որոնց առջև տղամարդն անզոր է:
Սեր`մարդ արարծի նկատմամբ:

* * *
Ձյունն իջնում էր:
Փաթիլները սպիտակ էին, փափուկ:
Ձմեռն իր պարտականությունն է կատարում: Ու ինչքան էլ ցուրտ լինի, եթե կարողանում ես մոռանալ կյանքի սև ճանապարհները, արհամարհել, երկար ես  վայելում վերահաս երջանկության զգացողությունը: Ու այդ ժամանակ էլ ամեն մի` <սև> կոչվող իրադարձություն, աղիողորմ լաց լինելով, լքում է քեզ` գլխիկոր հեռանալով, գուցև` հավերժ:





понедельник, 2 июня 2014 г.

2164 թվական





2164 թվական
Լոս – Անջելոս
Քանդված, ավերված քաղաքի փլատակների միջից մի չինացու գլուխ երևաց:
Ձեռքին գրքի նման մի բան բռնած բղավում էր.
- Նյու դո դայ դձյո դամա, նյու դո դայ դձյո դամա…
Նրա ձեռքին Լոս- Անջելեսցի մի աշակերտի օրագիր էր:

* * *
Իմ անունն է Անդ Միք
(Պապիկս մահանալուց առաջ ասաց, որ իմ լրիվ անունն է Անդրանիկ Միքայելյան, հայրս այն ժամանակ ասաց, խելքը գցել է ծերուկը, մի հավատա:)
Ես ծնվել եմ Ամերիկայում, երկիր,  որի շուրջը պտտվում են արևն ու մնացած մոլորակները:
Ազգությունս՝ ամերիկացի:
Տասնչորս տարեկան:
Հասակս 197 սմ, քաշս 148 կգ:

14 Սեպտեմբեր

Այսօր շուտ եմ արթնացել, նախաճաշել հայրիկիս հետ, վիճել ,թե ով կարող է ավելի բարձր չփչփացնելով ուտի նախաճաշը և հաղթել եմ:
Հիմա հայրս ինձ պարտք է 12 դոլլար:
Դպրոցը իմ տանից հեռու է 500 մ:
Լավ է, որ մեքենա ունեմ, կհասնեմ մեկ ժամ հետո, խցանումները այսօր քիչ են:
… Առաջին դասը պատմության դաս էր: Անցավ տխուր ու միապաղաղ:
Ուսուցիչn ասաց, որ Ամերիկան հայտնաբերել է Կոլումբոսը՝ հիմարություն: Ամերիկան հայտնաբերել ենք մենք՝ ամերիկացիներս, դրա համար էլ կոչվում է Ամերիկա:
Որտեղի՞ց են գտնում անգրագետ ուսուցիչների – չեմ հասկանում:
Հաջորդ թեման նախնադարի մասին էր, պատմում են մի անհանգիստ ազգի մասին, որին կոչել են հայեր:
Նորից հերթական հիմարությունը:
Երկրի մոլորակի պատմության մեջ եղել են երկու ազգ, շեղաչք՝ չինացիներ և մենք ազատ ամերիկացիներս, հայրս է ասել:
Դպրոցում տխուր է:
Երեկոյան հավաքվելու ենք Ջիմի տանը, աղջիկների հետ լկստվելու:

16 Սեպտեմբեր

Այսօր կիրակի է, ցանկանում էի երկար քնել, հայրս չքողեց:
- Վեր կաց, Ամերիկայի նախագահն է ելույթ ունենալու, հարկավոր է լսել:
Օրն անցավ հիասքանչ:
Հորս հետ կերանք պոպ-կորն ու լսեցինք նախագահին:
Իմ մեջ տպավորվեցին նրա խոսքերը.
- Զարմանալ կարելի է, որ մնացած մանր մունր ժողովուրդները բողոքում են, որ իրենց մենք ռմբակոծում ենք, դա մեր ազատ Ամերիկայի արդար իրավունքն է:
Աստված պահպանի Ամերիկային, որը պատրաստ է երջանկացնելու մնացած ժողովուրդներին, իսկ եթե ինչ որ ազգ չի ցանկանում երջանկանալ, մենք կստիպենք, դա մեր իրավունքն է:
Երեկոն անցկացրեցի ինտերնետում,  www. pentagon.com и www. whitehouse.org պոռնոսայթերում:
Հետո ինքս ինձ հանգստացրեցի ու պառկեցի քնելու

19 Սեպտեմբեր

Մաթեմատիկայի դասին սովորում էինք հաշվել մինչև 10:
Ես հաշվեցի մինչև 7, ուսուցիչն ինձ գովեց, ես էլ նրան և ստացա գերազանց գնահատական:
Հայրս հիմա արդեն ինձ պարտք կլինի 20 դոլլար:
Հաջորդ դասը ֆիզկուլտուրա էր:
Քանի դեռ իմ համադասարանցիները պատի անցքից նայում էին թե ինչպես են աղջիկները լոգարանում ցայվում, ես հակառակ պատի անցքից նայում էի թե ինչպես է ցայվում ֆիզկուլտուրայի ուսուցիչ միստր Լեսլին:
Մեծ դասամիջոցին Պիտն ինձ ցույց տվեց հորից գաղտնի թռցրած ատրճանակն ու  սկսեց կրակել աղջիկների վրա:
Որոնք կիսակենդան էին Պիտը կրկնում էր կրակոցը, որ շատ չտանջվեն:
Հետո եկան ոստիկանությունից ու առանց բացատրություն տալու տարան Պիտին:
Ինչո՞ւ, ոչ ոք չկարողացավ բացատրել, չէ՞ որ նա ընդամենը զվարճանում էր:
Երեկոյան Պիտին բաց թողեցին տուն:

24 Սեպտեմբեր

Այսօր դասերից հետո մեզ երկհարկանի ավտոբուսով տարան պատկերասրահ:
Պատերին՝ նկարներում մերկ կանայք էին:
Ինտերնետում ավելի լավերը կան, ինքս եմ տեսել:
Նկարներից մեկի տակ գրված էր «Ռենուար, Մերկ Մախան»:
Ես այդ Մախայի ոտքերի արանքում կպցրեցի ծամոնս:
Հոյակապ ստացվեց:
Պիտը ծամոնի վրա խրեց գրիչը:
Խոստովանեմ, որ հաղթողը նա էր, ես նրան պարտք մնացի 8 դոլլար:
Երբ մեր ավտոբուսը շարժվեց մի տարիքով կին էր վազում ու բղավում:
- Չէ որ դա միլիոնից ավել արժեն, ես կգժվեմ:
Մենք Պիտի հետ իրար աչքով արեցինք:
Մենք վարվել էինք ինչպես իսկական ամերիկացիներ ու հպարտ էինք:

1 Հոկտեմբեր

Հայրս այսօր ստիպեց դպրոց գնալուց առաջ անպայման գոլֆ խաղալ:
Թե այդ հիմարի մտքով ինչ է անցնում ամեն առավոտ, ես չեմ հասկանում:
Իմ հարվածը գնդակին կարծես ստացվեց:
Ուղիղ հորս ճակատին:
AMBULANCE- ի մեջ նայում եմ ուշակորույս հորս ու մտածում, որ լավ բան չստացվեց, եթե ուշքի չգա իմ պարտքերն ո՞վ է վճարելու:
Հոսպիտալի բժիշկն ուշքի բերեց հորս ու ասած.
- Մի տես է, նույնիսկ ուղեղի ցնցում չի ստացել, կարծես ուղեղ չկա, այ քեզ պինդ մարդ, իսկական ամերիկացի:
Ես հպարտ եմ որ այդպիսի հայր ունեմ…

* * *
Փլատակների միջից փրկարար չինացին ինչ որ բան էր բղավում:
- Կան թինգ, ջին ժի քու անգ, կան թինգ, ջին ժի քու անգ:
Թարգմ. (Այնտեղ շարունակությունն էլ կա)