вторник, 1 апреля 2014 г.

Հայոց քո լեզուն (բանաստեղծություն)


Կա՛նգ առ մի պահ,
Խորհի՛ր մեկ վայրկյա,ն
գրիչդ դիր տեղը՝ գրպանդ,
այդ ինչո՞ւ դեմքդ դարձավ խղճահար…
հետո ի՞նչ,
որ հայի գերեզմանաքարին,
մի ազգանուն է գրված ռուսատառ:

Ոչ հանգիստդ են խլել
և ո՛չ էլ հողդ,
ո՛չ էլ լեզուդ են կտրել նենգաբար,
մի պտղունց աղ է
լցվե՜լ,
քարացե՜լ
բազմամյա վերքերիդ վրա:

Բերանիդ կապանքները
բա՛ց արա,
դիմացդ ոսոխ չէ վայրենի,
չէ՞ որ պոետ ես,
ոչ թե աճպարար,
տառդ խլել է ինչ որ քաղքենի…

Ցավում ես, գիտե՜մ,
տառդ ստեղծողի
անունով հայտնի ազգանունն է խորթ,
դու մի ճնճղուկ չես,
արծի՛վ ես վայրի,
դեռ կդիմանաս ցավերին ծանոթ:

Գրիչով քարի վրա չեն գնա,
խոսքո՛վ է ծակվում ցանկացած քարը,
թեկուզ օտարի տառով էլ կարդաս,
հզոր է մնում
հայկական բառը:

Հայոց քո լեզուն
հարո՛ւստ է այնքան,
այնքան հզո՛ր է,
այնքա՛ն անմեհի,
որ իր տառերով,
որ իր բառերով ,
իր հոլովներով,
նախանձն է շարժում
եղած ու չեղած բոլոր ազգերի…

Վա՛յր դիր գրիչդ
ա՛չքդ բաց արա,
քանդի՛ր բերանիդ կապանքները,
թո՛ղ հայերենը լեզվիդ դողդողա,
թո՛ղ հայերենը լեզվիդ շողշողա,
թո՛ղ հայերենով խենթ ու խելագար
հնչեն աղոթքնե՜ր,
խոստովանանքնե՜ր,
թո՛ղ հայերենով ելնեն երկինքներ,
թո՛ղ հայերենով երկնից իջնեն վար ...

Հետո ի՞նչ
որ հայի մի գերեզմանաքարին
Մի ազգանուն է գրված ռուսատառ:

Ս.Ումառ



Հավատալ...

« Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի
Ես վախենում եմ,
Շա՜տ եմ վախենում
Բյուրավոր ու բո՜ւթ հավատացյալից,
Բյուրատեսք ու սո՛ւտ հավատացյալից:»
Պ.Սևակ

Եկեղեցում կնունք էր՝ զույգ երեխաների՝ տղա և աղջիկ:
Եկեղեցում մի տերտեր էր, որ նախկինում ոստիկանության ավագի կոչումով տնտեսվար էր եղել ու նոր էր վերադարձել Ուրուգվայից:
Եկեղեցու պատի տակ մի կին էր, որ կարծում էր թե արդեն մահանալու ժամն էր և եկել էր մեղքերը քավելու:
Եկեղեցու գմբեթի տակ մի ձայն էր…
Քնքո՜ւշ
Հոգատա՜ր
Բարի՜
երևի մայրական, երևի հայրական…

Կինը չէր լսում կատարվելիք կնունքի կողմից եկող տերտերի արհեստական խիստ թվացող ձայնը:
Կինը խոսում էր գմբեթի տակից եկող ձայնի հետ…
- Կաթոլի՞կ ես, ուղղափա՞ռ թե՞… 
- Չգիտեմ, Ասքանազիս հետ հիսուն յոթ տարի կողք կողքի
- Սպանե՞լ ես:
- Հա՛, բայց դեռ չէր ծնվել, երկու ամսեկան էր, Ասքանազիս համար շլոր էի քաղում, ծառիցն ընկա ու…
- Խաբե՞լ ես:
- Հա՛, Ասքանազիս քառասունհինգ ամյակի ժամանակ գինին չհերիքեց, ջուր խառնեցի, մի լավ քոթակ կերա:
- Գողացե՞լ ես:
- Հա՛, սոված էին էրեխեքը, պատերա՜զմ էր, հարևանի բախչից մի պղինձ կարտոշկա:
- Սուտ վկայությո՞ւն:
- Ես ի՞նչ վկա, յոթ երեխա եմ մեծացրել: Ասում եմ մեռնելս եկել է, գնամ Ասքանազիս մոտ, հեռու չլինեմ…
Կինը վեր կացավ, ծնկներին կռացած իրեն ավելի լավ էր զգում, քանի որ արդեն քանի տարի է այդպես էլ քայլում էր՝ կռացած:
Կինը, որի անունը Մարիամ էր, մի պահ նայեց խորանի կողմը, օդում խաչակնքեց ու դուրս եկավ եկեղեցուց:
Եկեղեցում կնո՜ւնք էր…



Սիրել լռելով

« Կարող եմ կյանքում ես շա՜տ բան անել,
Բայց անկարող եմ ինձանից վանել
Իմ երկվորյակին՝
Անկեղծությո՛ւնը: »
                                                           Պ.Սևակ

Պատուհանից ներս սողոսկած արևի արկած փնտրող մի շող  փլվեց նրա մերկ ուսերին:
Ուսերից փայլը տարածվեց ամբողջ սենյակով մեկ:
Արևի այդ շողը, որը հազարավոր կիլոմետրեր էր անցել, գտավ մեկ ուրիշ «արև» ու կատաղելու աստիճան բարկացրեց աչքերիս:
Բարկացան նաև շուրթերս ու անցնելով ոչ պակաս տարածություն քան արևի շողն էր անցել հպվեցին նրա ուսերին:
- Դու չե՛ս լսում ինձ, չե՛ս պատասխանում հարցերիս, թո՛ղ, բավական է համբուրես:
- Լսում եմ, ասա՛, ի՞նչ էիր հարցնում:
- Մի ժամ է խոսում եմ:
- Դե ասա, լսում եմ:
- Ասում եմ, ի՞նչ լավ կլիներ այսպես պառկած մնայինք, մի ամբողջ հավերժություն:
- Ի՞սկ ձմեռը, կմրսեինք…այսպես…
- Ավելի լավ էր երբ լռում էիր, լռի՛ր խնդրում եմ:
Լռում եմ, ի՞նչ արած, սիրո՜ւմ եմ…

… Արևի լկստված շողը չափ ու սահմանն անցած շարունակում էր իր արշավանքը նրա կիսամերկ մարմնի վրայով:
Խանդը աչքերիս մեջ բամբասանքի արագությամբ պտտվում էր ու դուրս գալու ճանապարհ էր որոնում:
- Լռիր, մի բան էլ հարցնե՞մ…

 Լռում եմ, ի՞նչ արած, սիրո՜ւմ եմ… 

Ուղղակի ապրել




« Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:»
                                                                                     Պ.Սևակ

- Մա՞մ:
- Հա, ցա՛վդ տանեմ, ասա՛:
- Ծխախոտ երկու տուփ կգնես, լա՞վ:
- Դե առանց այն էլ  քիչ է, հազիվ բավականացնի, հաց, սուրճ, շաքարավազ, մածուն:
- Մա՞մ:
- Լա՜վ, լա՜վ, մի կերպ յոլա կգնանք, - մայրը ծալեց երեք հազար դրամանոցներն ու դրեց դրամապանակի մեջ:

* * *
- Մա՞մ, չեմ հասկանում, ժպտո՞ւմ ես, թե՞ լաց ես լինում:
- Չգիտեմ, կորցրեցի դրամապանակս, գտա դրամապանակս…
- Մա՞մ, կորցրեցի՞ր թե՞ գտար:
- Չգիտե՜մ, կորցրեցի,  հետո փնտրում էի ….տեսա մի  կնոջ հաշմանդամի սայլակի մեջ նստած մի երեխայի հետ, մոտեցա, ձեռքին իմ դրամապանակն էր, գիտեի մեջը երեք հազար դրամ կար:
- Մա՞մ, հետո՞:
- Նայեց ինձ ու ասաց. «Տիրամայրը լսեց աղոթքներս, նայի՛ր» - ու ցույց տվեց երեք հատ ծալված հազարանացները:
- Մա՞մ, իսկ ինչո՞ւ ես լաց լինում:
- Չգիտե՜մ…գտա թե կորցրեցի:
- Մա՞մ…


Ժամացույցը


« Ես արթնացնող մի ժամացույց եմ՝
Ըստ ձե՛ր ցանկության,
Ձե՛ր ձեռքով լարված:
Ու երբ պետք է ձեզ՝
Սրտաճաք սիրով
Արթնացնում եմ ձեզ,
Որ քնով չընկնեք:»
                                              Պ.Սևակ


Լռությունը դեռ քնած է:
Աշխարհն էլ է դեռ քնած:
Գիտեմ  որ աշխարհում միայն իմ աչքերը չեն, որ արթուն են, կլինեն նաև այլ աչքեր, որոնց չեմ ճանաչում կամ գուցե ճանաչում եմ…
Քիչ հետո չգիտես որտեղից կգա ու պատուհանիս տակ գտնվող խնձորի ծառին կթառի ծանոթ մի ագռավ:
Գլուխը կբարձրացնի վեր, կնայի չգիտեմ ում, միգուցե թույլատրություն ստանալու համար ու կարթնացնի լռությանը իր ճղճղան ձայնով:
Հետո կհաջորդի հարևանի բեռնատարի շարժիչի ձայնը…
… վերևի հարևանուհուս բարձրակրունկ կոշիկների կտկտոցը
… մյուս հարևանի խռպոտ հազը
… ինչ որ անտեր մի շան կաղկանձ
… կարթանամ նաև ես, իմ ամբողջ կյանքը ուսերիս բարձած, մի կերպ կհասնեմ խոհանոց, կփորձեմ սուրճ պատրաստել, կհիշեմ, որ երեկ մոռացել եմ սուրճ գնել,
մոռացել եմ հաց գնել…
Կփորձեմ հագնվել ու կփնտրեմ արդուկած վերնաշապիկ համոզված, որ միևնույն է չեմ գտնի, նորից կպառկեմ անկողնում:

* * *
Լռությունը դեռ քնած է:
Աշխարհն էլ է դեռ քնած:
Քնած են զրպարտանքները,
խառնաշփոթները,
սիրահարությունները,
դավաճանությունները և մնացած բոլոր մեղքերը:
Աշխարհը լուռ է ինչպես հիվանդասենյակը ու դեռ չի արթնացել աշխարհի տիրակալը՝ Մարդը, որ կարողանում է ամեն ինչ խառնել իրար ու հետո անճար կանգնել տիեզերքի առաջ ու ձեռքերը պարզել դեպի վեր՝ կարծես սպասելով ինչ որ մեկի թույլտվությանը, սպասելով թե երբ կջնջվեն իր կատարածները, որ նորից սկսի ամեն ինչ…

* * *
Բարի աչքերով մի դեմք է նայում ինձ պատուհանից
Ցուցամատը դրել է շրթունքներին ու ես հասկանում եմ, որ ասում է.
«Լռիր, դեռ շուտ է…»
Պատուհանիս տակ գտնվող խնձորի ծառին թառած ծանոթ  ագռավն էլ տեսնում նրան քանի որ դեռ լռում է…
Լռությունը դեռ քնած է, մեղքերը նույնպես, բայց քիչ մնաց շուտով ագռավը կբղավի.

- Ղաա՜առ…., - ու ամեն ինչ կսկսվի նորից…