суббота, 31 марта 2018 г.

ՄԱՅՐԻԿԻՍ


*
Քեզ նման ինձ ո՛չ ոք դեռ չի՜ ժպտացել,
Քեզ նման քնքուշ չի՛ սեղմել գրկում,
Քեզնո՜վ է սկսվել, քեզնո՜վ վերջացել
Այն ամե՜նն ինչ-որ
Ապրե՜լ է կոչվում:
Հաճա՜խ է եղել - ի՛նքդ վշտի մեջ,
Սիրտդ՝ տագնապում-
Ժպիտո՜վ ես միշտ դիմավորել ինձ,
Քեզանից բացի տեսնես աշխարհում
Կա՞ ինչ-որ մեկը այդքան կարեկից…
*
Խնայել չգիտի՜ Մայրն արցունքները,
Սի՜րտը խնայել Մայրը չգիտի՜,
Մոր համար ավելի հե՜շտ է մեռնելը
Քան թե տեսնե՜լը
Մա՜հը զավակի:
«Մայր» բառը ամենահի՜ն բառերից մեկն է,
Սակայն մի՛շտ թա՜րմ է, քնքո՜ւշ ու բարի,
Ու թե ծերանա բառն այդ՝ միայն նրանից,
Երբ մայր ասողը լինում է բռի՜,
Անտա՜շ, վայրենի:
*
Մոր նման քեզ ո՛չ ոք չի՛ կարող ժպտալ,
Սեղմել քեզ գրկին ի՜ր գորովանքով,
Մորի՛ց է սկսվում ամե՜ն, ամե՜ն բան
Ու վերջանո՜ւմ է մոր աղոթքներով…

…և ես ներո՜ւմ եմ քեզ կյա՜նք


*
Բարությո՜ւնը
Ուժեղների արժանիքն է…
Եվ ես ներո՜ւմ եմ քեզ կյա՜նք,
Դուրս եկավ, որ մեզնից ուժե՜ղը ե՛ս եմ,
Որ դիմացե՜լ եմ քեզ
Այսքա՜ն ժամանակ:
*
Դու իրո՜ք որ գեղեցի՜կ ես,
Բայց չարություն կա քո մեջ,
Աննրբանկա՜տ ես,
Անխի՜ղճ ես,
Դաժա՜ն ես,
Հենց դրանով էլ դու թույլ ես
Քան ես:
*
Հիմա չգիտե՜մ,
Ներե՞մ, չներե՞մ բոլոր արածներդ,
Ի՞նչ է փոխվելու ի՜մ կամ
Քո՛ մեջ կյա՜նք,
Չէ նեղացե՜լ եմ՝ չե՛մ խոսում հետդ,
Ես մնամ այսպես՝ նեղացկո՜տ, համե՜ստ
Դու մնա նո՜ւյնը՝
Քինախի՜նդ, ագա՜հ…
*
Արի՜ չխոսենք,
Խոսելն ո՞ւմ է պետք,
Ո՛չ ներենք, ո՛չ էլ չներենք իրար,
Եկ լռե՜նք, իրար աչքերի նայենք-
Տեսնենք թե մեզնից
Ո՞վ կդիմանա…

անանուն

Կարմիր գինի՜ է կարծես արյունս,
Հրա՜շք է թվում ամե՜ն, ամե՜ն բան,
Երբ վերադառնում եմ ու լի՜քն է տունս
Հիշողությունով վաղո՜ւց մոռացված:
Բանտավանդա՜կ է ասես պատուհանս,
Լուսի՜նն է բանտված ետևում,
Խոսում է ինձ հետ հիշողությունս.
- Ձեռք բեր ինձ,
կունենաս երկրո՜րդ մանկություն:
Երկրի արգանդից նորելո՜ւկ կլինես՝
Պորտալարով միացած ամպերին,
Չե՛ս նեղվի, որ խոսե՜լ չգիտես,
Բայց կարդա՜լ գիտես աստղերին:
Արյունս կարծես գինի՜ է կարմիր,
Հրա՜շք է թվում ամե՜ն, ամե՜ն բան,
Աստղեր են թափվում երկնի փեշերից,
Իսկ ես կարդո՜ւմ եմ,
Կարդո՜ւմ անդադար…

ԱՆՔՆՈւԹՅՈւՆ


Չե՜մ պատկերացնում,
Թե ինչքա՜ն,
Ինչքա՜ն բան կա ապրելու…
Ինչե՜ր են անցել,
Ի՞նչ է մնացել,
Բայց պատկերացնո՜ւմ եմ
Թե ինչքա՜ն,
Ինչքան բան կա կորցնելու
Ո՜ւ… Սարսափելի է քնելը դարձել:
Դաժա՜ն է պահը,
Բայց թանկ վայրկյանը,
Ուզում ես կյանքի չափ քեզ սիրեն,
Նման բան մինչ այժմ չի՛ տեսել աշխարհը,
Որ բան ու գործ թողա՜ծ
Քեզանով զբաղվեն…
Եվ դու փակված
Մի սենյակո՜ւմ
Գովերգո՜ւմ ես հողմ ու մրրիկ,
Կամ էլ ծովից
Հեռո՜ւ-հեռո՜ւ
Գովաբանում փոթորիկը ալի՜ք-ալիք…
Դուրս ես գալիս դո՜ւրս-
Արևն արդեն կա,
Ուզում ես արտասվե՜լ
Անձրև է թափվում,
Սարսափելի է քնելը անգամ,
Երբ պատկերացնում եմ
Թե ինչքա՜ն,
Ինչքա՜ն բան կա ապրելու:
Ոչ մահախոսակա՛ն է գրածս,
Ո՛չ բաժակաճառ,
Ոչ ներբո՜ղ է կամ
Մի վերջին պատգա՜մ…
Ե՜ս, կյանքի կախարդ գրկից պոկվածս-
Չե՛մ կարողանում քնե՜լ
Երկա՜ր ժամանակ:

Դատը

Բարի Լույս
----------------
Աշխարհում արդար մեկ դատ է լինում,
Դատը կոչվում է «Տիրոջ դատաստան»
Դատավորը հենց Տե՜րն է լինում՝
Ազնի՜վ, մաքո՜ւր ու արդար:
*
Դատի ժամանակ Տերը չի՛ հարցնի
Թե ի՞նչ չափսեր է տունդ ունեցել,
Այլ կհարցնի թե քանի՞ աղքատ ես
Քո տուն ընդունել:
*
Նա քեզ չի՛ հարցնի
Թե ի՞նչ մեքենա ես արդյոք ունեցել,
Այլ կհարցնի թե քանի՞ մարդ ես
Ձմռանն անվճար դու տե՜ղ հասցրել…
*
Ոչ քո պաշտո՜նը Նա կհարցնի
Եվ ո՛չ էլ չափն աշխատավարձիդ,
Այլ կհարցնի՜ թե քանի՞ որբ ես
Հոգատարությամբ սեղմել քո կրծքին:
*
Տիրոջը երբեք չի՛ հետաքրքրի
Աչքերի՜դ կամ մաշկիդ գույնը,
Կհարցնի թե մթության պահին
Քանի՞ հոգու ես տվել քո լույսը:
*
Կհիշեցնի թե քանի՜ անգամ է
Եղել նա քո մեջ, քո սրտում,
Եվ քանի՜ անգամ է քեզանից լսել.
- Չէ, իրոք չեմ հավատում:
*
Նրան ո՛չ փող է պետք, ո՛չ էլ
Խնամի՜դ կամ հարուստ բարեկամդ,
Նա վաղո՜ւց է արդեն պատրաստել
Երկնքում հավերժ բնակարանդ:
Անհայտ հեղինակ
Թարգմ. Ինտերնետից Ստեփան Ումառ-Հարությունյան

Ոսկի սիրտ...ոսկի մատներ

Բոլորս կյանքում ոսկի՜ ենք փնտրում՝
Ոսկի բնավորություն ունեցող,
Ոսկի սի՜րտ…
Մատնե՜ր…
Ոսկին հենց այնպես ընկած չի՛ լինում,
Որ մտքիդ դնե՜ս ու
Գտնես…
Ստիպված դառնում ես անհույս բանաստեղծ
հնարում ոսկի սեր,
ոսկի համբույրներ,
ու սրտեր ոսկի,
Սիրտդ հարբում է երգից նորաստեղծ
Ամե՜ն, ամե՜ն ինչ թվում է ոսկի:
Հետո անցնում է դա՝
Կյանքն է անցողիկ,
Մենակ ես մնում- գրիչդ բռնած,
Երգեր ես գրում գուցե և ոսկի…
Բոլորն ասում են ոսկի սի՜րտ ունես
Մտքերդ ոսկի՜
Սերերդ հրկե՜զ,
Բայց դա խաբկա՜նք է
Ճախրա՜նք է անտես,
Քանի որ լավ գիտես՝
Ոսկին հենց այնպե՜ս ընկած չի՛ լինում,
Որ մտքիդ դնես ու
Գտնե՜ս…

Անանուն պոետը


Աշունը երկնեց մի Գարո՜ւն
Ու չհասկացվե՜ց
Ձմեռն ո՞ւր կորավ-
Ասացին մի ցնդած պոետ «անանուն»
Ջնջե՜լ է Ձմեռը
Սխալ բառի նման…
Փայլեցին պոետի աչքերը անփայլ,
Զույգ արեգակներ վառվեցի՜ն,
Վե՜ր ճախրեց
Ցավի՜ն, մորմոքի՜ն հաղթած,
Անո՜ւնն իր գրեց լեռան ծերպերին:
Գարունը եկա՜վ հալոցքը սրտում,
Ջնջե՜ց «անանուն» պոետի գիրը,
Հազար ձևերից անմահանալու
Պոետն ընտրել էր ամենահի՜նը…
Ջնջե՜լ էր կյանքի բոլոր ձմեռները,
Էլ ոչի՜նչ չկար հիշելու…
Այդպես են խենթանում պոետները՝
Գարունը սրտո՜ւմ-
Իրենք անանուն…

Կինը բարձունքում


Ինձ թվաց թե հաղթե՜լ եմ
Մի կնոջ հետ
Եվ մարմնի՜ և հոգո՜ւ հետ պայքարում,
(Հուսամ, որ հե՜շտ հասկացաք
Ինչի մասին եմ խոսում)
Ո՜ւշ հասկացա-
Իրականում պարտվե՜լ էի
Բոլո՜ր-բոլո՜ր հարցերում…
Ասա՛ց. – ճի՛շտ ես, խոսքե՜ր չունեմ,
Առարկե՜լ էլ չեմ կարող,
Բայց ցա՜վ չկա ասածիդ մեջ,
Միա՜յն, միա՜յն
Նախատի՜նք է անողոք…
… Տղամարդուն հաղթեց կինը
Բոլոր կանանց անունից,
Հիմա գիտեմ՝ նախատինքը
Ցավն է բոլոր ցավերի…

пятница, 23 марта 2018 г.

ՎԱՐԴԱՍՏՎԵ՜ՐԸ




Վարդի ստվե՜րը
Վարդի հա՜մ ունի,
(Ստվերները հա՞մ)
Փորձի՜ր,
Թո՛ղ ստվերն ա՜յդ քեզ վրա ընկնի
Եվ անմիջապե՜ս կզգաս համը այդ:

Պառկած կլինես
Վարդաթփի տա՜կ
(Այլ կերպ ստվերը վրա՜դ
չի՛ ընկնի)
Իսկ վարդաթփի տակ ամե՜ն, ամեն բա՜ն
Ունի վարդի բո՜ւյր, վարդի հա՜մ ունի:

Բացառություն չէ՛  նաև ստվերը՝
Ստվերը վարդի  սպիտա՜կ կամ կարմի՜ր,

Սև՜, երբեք չի՛  եղել ստվերը վարդի,
Որը վարդի բո՜ւյր,
Վարդի հա՜մ ունի…

Դու…


Երբ Սերը սրտում մի կի՜ն է քայլում-
Դա հի՜ն տեսարան է՝ ծանոթ բոլորին,
… Իր փեշին կպած աշխարհն է տանում՝
Խելագարեցնում
Բանաստեղծներին:
*
Այդպես եղե՜լ է դարերում բոլոր,
Երբ ներսում տեղավորվո՜ւմ է Սերը,
Եվ այդ հնամայա առեղծվա՜ծը խոր
Մի՛շտ էլ դրսի՛ց է այրում ներսերը…
Քայլո՜ւմ ես հիմա օտար քաղաքում,
Որտեղ խենթացել են բոլո՜ր պոետները,
Գիտե՞ս, որ նրանց մի մի՜տք է տանջում-
Թե ո՞վ է վառել հոգուդ լույսերը:
Քայլո՜ւմ ես, գուցե՜ փնտրո՞ւմ ես դու ինձ,
Տխո՜ւր, անծանո՜թ դեմքերում,
Սակայն ինչո՞ւ ես դողում զայրույթից
Պատմելո՜վ ցավերդ քամուն…
Չե՜ս գտնում, չե՛ս գտնի ո՛չ մի տեղ-
Ես քո մե՜ջ եմ` քո ներսում,
Եվ արյո՜ւնս ինչպես խեժ
Մակարդվել է քո սրտում:
Քայլո՜ւմ ես հոգնա՜ծ հարբածի նման,
Քայլում ես՝ թախծո՜ւմ է հոգիդ,
Գուցե մի ե՜րգ ես երգում քթիդ տակ-
Սիրո մի տխո՜ւր մեղեդի:
*
… Եվ օտարալեզու հեռո՜ւ քաղաքում,
Քայլում է մի կի՜ն՝ վարդագույն մի մո՜ւժ,
Աչքերում թախի՜ծ, հոգում տխրությո՜ւն,
Սրտին պա՜հ տված
Անմոռաց մի հուշ:

Փախուստ




Գնացքը հևո՜ւմ է, առա՜ջ է սուրում
Ետևո՜ւմ մնացին լույս աչքեր,
Կապտազգե՜ստ,
Կապտաչյա՜,
Կապտավո՜ւն մի կին
Ու կրծքի՜ն խաչված զույգ ձեռքեր…

Գնացքը արագ տանում է հեռո՜ւ
Իսկ միտքս՝ արագ գնացքից,
Գնում եմ հեռո՜ւ, անհայտ ապագա-
Թողնելով զույգ աչքեր հուզալից…

Արդեն երեկո՜ է, աստղե՜րն են փայլում
Կողքի՜ց,
Դիմացի՜ց,
Վերևի՜ց,
Ետևում մնացած աչքե՜րն եմ հիշում…
Ու  թվում է թե
Կանչո՜ւմ են նորից:

четверг, 8 марта 2018 г.

Գարուն




Մի ձմե՜ռ էլ անցավ, ծնվեց մի նո՜ր գարուն,
Սիրտս էլի անհանգիստ
Տրոփո՜ւմ է տեղում:

Ու այնքա՜ն է աշխույժ, որ թվում է արագ
Իր մենակ լինելուց
Կմնա միայնակ…

Չի՛ որոնի քեզ,  չի՛ քնի հանգիստ,
Չափման միավորը
Հոգո՜ցը կլինի:

Սրտիս հետ տրտում  ես «Դուք»- ով եմ խոսում,
Գիտեմ, որ մի տեղ թաքուն
Քեզ իր մեջ է պահում:

Թպրտո՛ւմ է, չի՛ պարում (առանց սեր ի՞նչ պար)
Ծովափնյա ավազի նման
Չգիտի թե ալիքը իր մոտ
Ինչքան կմնա…

Թող հուզվի՜, փոթորկվի՜,  չմնա՛ կծկված,
Ի՞նչ իմանաս, ի՞նչ կբերի
Գարունն այս սպասված:

…Մի ձմե՜ռ էլ մեռավ, ծնվեց մի նոր գարուն,
Ձյունն անձրև՜ դարձավ,
Սի՜րտս…
Տրոփո՜ւմ է տեղում…

Ս.Ումառ-Հարությունյան

Արի ցավս քեզ նվիրեմ…




* * *
Չե՛մ ուզում -  ցա՜վս իմանաս,
Ցավի՜ցս հանկարծ չտխրես,
Վախենում եմ պատահմամբ շշնջամ,
Որ ցա՜վս  հենց դո՛ւ ես:

Ես իմ ցավով եմ ապրո՜ւմ ու շնչում,
Ցավս ինձ թևե՜ր է տվել,
Ինքս ինձ համար իմաստ եմ դարձել
Եվ ո՜ւր  ցանկանամ կարող եմ թևել:

Թևում եմ վերև՝ աստղե՜րն են մեռած,
Երկունքից գալարվող Լուսի՜նը,
Իրո՜ք  չե՛մ ուզում, որ դու իմանաս-
Ի՞նչ արժե նման տանջանքի գինը:

Իմ ցավը վի՜շտ չէ, ճի՛շտ հասկացիր ինձ,
Իմ ցավը սե՜րն է՝ լո՜ւռ, անպատասխան,
Ասես թե սա՜նձ է  դրվել բերանիս,
Չե՛մ կարողանում առաջ ընթանալ:

Շա՜տ եմ վախենում, որ ցավս աճի՝
Մեծանա՜, դառնա՛ մի վի՜շտ իսկական,
Խոսելն ի՜նքս ինձ հետ դառնա մի պատի՜ժ,
Անունը քո սո՜ւրբ շուրթի՛ս քարանա…

Բայց ես, ինչ-որ տեղ պոե՜տ եմ կարծես,
Լռելն ինձ համար մա՛հ է իսկական,
Չէի՜ ցանկանում ցավիցս  տխրե՜ս,
Չէի՜ ցանկանում ցա՜վս իմանաս…

* * *
Պոետի նման եմ սիրել ես քեզ-
Դողացել ամե՜ն մի բառիս վրա,
Ինչպես գիշե՜րն է աստղերին անկեզ
Սիրո՜ւմ, փայփայում աչքերի նման:

Արի քեզ մա՜ս-մաս նվիրեմ ցավս,
Այն շա՜տ է ծանր ուսերիդ համար,
Այդպես կարող է միայն խելագարը՝
Սիրած կնո՜ջը,  վերցնե՜լ - նվիրել ցավ:

Ցավս շուրթե՜րդ են, մարմի՜նդ հրկեզ,
Շորի տակ թպրտացող պտուղնե՜րդ տաք,
Բայց վախենո՜ւմ եմ, կարող է այրվե՜ս,
Չքանա՜ս  …մնամ առանց  ցավ:

Ու մթնշաղի փեշերի նման
Փաթաթվեմ մթանը ոտքի՜ց մինչ գլուխ,
Գուցե թե տարվեմ գիշերով  այնքա՜ն,
Որ դառնամ աննյո՜ւթ, դատարկ մառախուղ:

Վախենում եմ, որ կպատռե՜մ
Գիշերվա կայուն շղարշը,
Ու ինձ վրա կմնա՜
Գեղեցկությո՜ւնը սպանող
Հրաշագե՜ղ հանցանքը…

Նախանձով կնայեմ  ակամա,    
Գիշերվա կրքո՜տ ու մերկ պատկերին,
Ծո՜ւնր կչոքեմ չքնաղ գիշերվա
Աչքերս համբուրող շուրթերին…

Բայց դա արդեն ցա՜վ չի լինի,
Եվ ո՛չ էլ ցավիս նման հարազատ,

Սրտիդ նման լո՜ւռ կլինի,
Լեզվիս նման՝ խայտառակ…

Սի՜րտս



Ոչ գիշե՜րն է գիշեր,
Ոչ ցերե՜կը՝ցերեկ,
Գարո՜ւն է և պատահեց այնպե՜ս, որ

Քնից արթնացրեց ո՛չ թե շողը արևի-
Այլ ի՜նչ-որ կիրք մոգական,
Երակներում բորբոքելով
Երկու արյո՜ւն, երկու կյանք:

Եվ շա՜տ լաչառ սիրտս դարձավ՝
Ջահելի պես աղմկո՜ղ,
Պա՜ր է ուզում թևին գարնան
Ու ձեռքերո՜ւմ կնոջ կոնք:

Ո՛տքն է թափով գետնին զարկել,
Կնոջ կո՜ւրծք է կրծքին ուզում,
… Կնոջ շուրթից շո՜ւրթը այրել,
… Խո՜րքը նայել կնոջ հոգու:

Այս ի՞նչ կրակ սիրտս մտավ,
Խառնեց մի՜տքս կնոջ ձեռքով,
Թե՞ ես ինքս կրակն ընկա
Ու…  ցնդեցի՜ գարնան շնչով…

Ու թա՛փ է տալիս սիրտս կատաղած,
Իր միջից թափո՜ւմ բառերը կրքոտ,
Գարնան խելահեղ շնչից արբեցա՜ծ,
Սի՜րտս երբեմնի հե՜զ ու ամաչկոտ:

Կյանքում անհանգիստ չարած ո՛չ մեկին,
Սիրտս ընկե՜լ է երախն արևի,
Դե արի սի՛րտ իմ, դիմացի՜ր մի կերպ
Ու լեզու գտի՜ր
Այս գի՜ժ գարնան հետ:

Հիմա ասե՜ք, ես ի՞նչ անեմ,
Ո՞ւմ ցավը տանեմ,
Ո՜ւմը չտանեմ…
Ո՞ր Աստվածուհուն աղոթքս ուղղեմ-
Այս գարնան ցավի՜ց սիրտս ազատեմ:

ՀԱՅԱ՜ՑՔ




Տխո՜ւր է հայացքդ,
Աչքե՜րդ, շուրթե՜րդ,
Այս մարտյան ցնդա՛ծ ցերեկվա նման,
Գուցե՞ նրանից է՝ չկա՜ ինչ-որ մեկը
Որ սրտանց տխրի՜ քեզ համար:

Որ տխրո՜ղ չկա
Միգուցե լա՜վ է,
Միգուցե փա՞ռք տաս Աստծուն արարիչ,
Բայց շատ կներե՜ք, չէ որ դու մա՜րդ ես՝
Դժվա՜ր է ապրել առանց կարեկից:

Դժվա՜ր է ասել
Ասելիքդ պարզ,
Բարդն էլ ասո՜ւմ ես՝ քեզ չե՛ն հասկանում,
Ո՞ւմ է հարկավոր լեզուն հասարակ,
Երբ որ հայա՜ցքն է ամեն ինչ ասում:

Ու մարտյան օրը
Հայացքի նմա՜ն
Մեկ արևո՜ւմ է ու մե՛կ էլ թխպո՜ւմ,
Եվ իր ոսկեգույն վարսերի վրա
Այս գարո՜ւնը սուտ ձյո՛ւնն է իր մաղում:

Ու զորանում է
Օրը հերքումով,
Չի՛ ընդունում մե՜ղքն իր - այս գարունը լիրբ,
Եվ հայացքնե՜ր են ամպոտ օրերով,
Աչքե՜ր ու շուրթե՜ր տրտմությամբ լի…

Ուղղակի գարո՜ւն է
Ուրա՞խ թե տխո՜ւր,
Հաստատ չգիտե՜մ՝ սպասվա՜ծ – չսպասվա՜ծ,
Իսկ ես գրո՜ւմ եմ - ինչպես սիրո՜ւմ եմ՝
Անտո՜ւն,
Անհասցե,՜
Ց՛պահանջ…

Ստվերը


* * *
Մի՜ սլացիկ բարդի կանգնած
Նայո՜ւմ էր իր ստվերին,
Սև՜ էր, երկա՜ր, մահասարսո՜ւռ-
Շո՜ւրջը  աճած թփերին:

Աշո՜ւն էր խոր… կայծակը կո՜ւյր,  
Բարդու սրտի՛ն հարվածեց, 
Այրվեց բարդին ոտքի՜ց գլուխ -
Կիսամոխիր տապալվեց:

Հրդեհվեցին և թփե՜րը
Շուրջը ոչի՜նչ չմնաց,
Ո՛չ բարդին կա՜ր,  ո՛չ ստվերը,
Ո՛չ թփերը- սև՜ ստվերից վախեցած:

Գարո՜ւնն եկավ արևածին,
Թփարմատից փոքրի՜կ ծիլեր ծնվեցին,
Ո՛չ բարդին կար, ո՛չ ստվե՜րն իր…

Ու թփերի ստվերնե՜րը
Իրենց հսկա՜ կարծեցին:

Տողս անավարտ




Շփոթած նայում եմ այն միա՜կ տողին,
Որով փորձում եմ հանգավորել քեզ,
Գիտեմ, որ վաղո՜ւց չի ստացվում ոչինչ
Ձեռքս հոգնե՜լ է
Եվ…հոգնե՜լ եմ ես:

Ամեն մի օ՜րս մի ե՜րգ է դառնում,
Եվ ամեն մի ե՜րգ իր անո՜ւնն ունի,
Ասես ծիլ տվող սերմերը հոգո՜ւս
Ծնվո՜ւմ են …նորից 
Կո՜ւլ գնում հողին:

Մնում է միայն այն տո՜ղը միակ,
Որով փորձել եմ հանգավորել քեզ,
Եվ այսպես արդեն երկա՜ր ժամանակ
Մեկ ուրիշ կյա՜նք է…
Մեկ ուրիշ հանդես:

Իրոք ունե՜մ քեզ, թեկուզ մեկ տողո՜վ,
Դու դա՛ էլ չունես ու չե՜ս ուրանա,

Ու տրոփո՜ւմ է սիրտս մի դողո՜վ,
Որ տողս երբե՜ք
Վերջ չի՛ ունենա:


ՀԱՆԴԻՊՈւՄ



Համբուրվեցին Մա՜հն ու Կյա՜նքը-
Մեկը սա՜ռն էր մյուսը՝ տա՜ք,
Չէ՜,  սխալվեցի՜ք -
Մա՜հն էր տաքը, Կյանքը՝ սա՜ռը ու դաժան:

Կյանքը ասաց. – Զգո՜ւյշ, շա՜տ ես տաք,
Սի՜րտս ու հոգիս այրեցիր,
Մահը ասաց. – Նման Կյա՜նքը
Միայն ի՛նձ է արժանի:

Գրկեց Կյանքին, իրեն սեղմեց -
Կյանքը սա՜ռն էր գորտի պես,
Մահը Կյանքի՜ց սարսուռ քաղեց՝
Գրկից Կյանքին բաց թողեց:

Հանդիպեցի՜ն, պա՜հն էր այդպես-
Մի սա՜ռը Կյանք, մի տա՜ք Մահ,
Չհասկացվե՜ց ո՞վ ում հաղթեց
Ո՞վ մնաց,  ո՞վ հեռացավ:

Կյանքը հաճախ սա՜ռն  է լինում,
Դա՜ռը,  դաժա՜ն մի քի՜չ բիրտ,
Մի՛շտ էլ Կյա՜նքն է Մահին խեղդում,
Բնությունով  իր կոպիտ:

Հո՜գ չէ, թե որ համբուրվում են   
Մա՜հն ու Կյա՛նքն՝ այս աշխարհում,

Կյանքի դաժան պահվածքի՜ց է
Մա՛հը Կյանքից սարսափում:

Գարուն


Գիշերվա պես անզո՜ւսպ,
Գիշերվա պես անզգո՜ւյշ,
Թափանցեց իմ մեջ
Ծանո՜թ մի զգացում:

Մի քիչ ամոթխա՜ծ - մի նոր խլրտում,
Մի քիչ թուլացա՜ծ - մի նոր տրոփյուն,
Մի նոր գիրկը բաց - մի ուրախություն,
Հպարտությանը ձեռնոց շպրտած, 
Մի նո՜ր քմծիծաղ՝
Ավյունով լեցուն…

Այդպես գալիս է գարո՜ւնը միայն,
Ձնծաղիկները սեղմած իր գրկում,
Երբ ձմեռը դեռ գո՜րծն իր չավարտած
Գլխիկոր քաշվում է հեռո՜ւ մի անկյուն…

Ու գարունն ինչպես մի խե՛նթ աղջնակ
Փեշերն հավաքած անցնում է առուն,
Փնտրո՜ւմ, գտնո՜ւմ է բողբոջն այն ունակ,
Որը կարող է նոր կյանք տալ մարդուն:

Ցավերը առվին կախած ուռենին
Փորձում է կքված իր մե՜ջքը ուղղել,
Ինչպես  ի ծնե այն կո՜ւյր ծերունին
Որ միշտ փորձե՜լ է գարունը տեսնել:

Գարո՜ւն չե՛ն տեսնում,
Գարո՜ւնը զգո՜ւմ են,
Թեկուզ և ձմեռ լինի սառնաշունչ,
Գարունը ա՜յն է երբ որ սրտումդ
Միլիո՜ն ու միլիո՜ն խարույկ է վառվում…