суббота, 4 ноября 2017 г.

Մեկ անգամ ենք ծնվո՜ւմ

Մեկ անգամ ծնվո՜ւմ ենք,
Մեկ կյա՜նք ենք ապրում,
Սակա՜յն, ցանկանում ենք հազա՜րը,
Քանի որ կյա՜նքը…

Կյանքն ամե՜ն անգամ
Մեզ մատուցում է միմիա՜յն չարը…

Երկինքը նոթո՜տ է, անընդհա՜տ թխպոտ,
Խառնվում է միշտ երկրի գործերին,
Իսկ կյանքը ինչպես գիշեր սևամորթ
Ձգվո՜ւմ է,
Փորձո՜ւմ հասնել երկնքին…

Թե ի՞նչ կա այնտեղ, ո՜չ ոք չգիտի,
Ինչ որ կա այստե՛ղ է՝  այս դժոխք հողում,
( Ա՜յ, օրինակ ինձ սիրում էր մի կի՜ն,
Սակայն նախընտրեց երկինքը անհուն…)

Ճերմա՛կ էր հագնում – երկնքի՜ պես պարզ,
Հանվում էր՝  բոցն էր իմ սիրտը լափում,
Ասում էր.
- Քո՜նն եմ, սակայն ինձ համար,
Միայն անհունն է կարևոր կյանքում:

Ասում եմ.
- Երկի՜նք, աչքերիս համար
Ինչո՞ւ ես ընտրել սրբագույնը,
Երբ հո՜ղ եմ լինելու և հողի նման
Սև՜ է լինելու իմ պատմությունը…

Ո՞վ է խենթացել, որ սևին ընտրի,
Սևով անցկացնի օրերը կյանքի,
Սևով գա՜, գնա՜, սևով տառապի՜
Եվ ընդամենը մե՛կ անգամ ապրի…

Սևով սպիտակի վրա եմ թևում,
Դեռ ճանապարհի՜ն եմ,
Դեռ տեղ չե՜մ հասել,
Նույնիսկ ճամփին եմ որոնումներում,
Բայց ինձ համար տե՜ղ
Դեռ չի՛ ազատվել…

Հրաժարվո՜ւմ եմ քեզանից, կյա՜նք,
Որ քեզնով պե՛տք է մեկ անգամ ապրեմ,
Ինձ հազա՜րն է պետք
և հազար անգա՜մ

Ուզո՜ւմ եմ ապրել ու սիրել…

Комментариев нет: