четверг, 4 мая 2017 г.

ՄՏՈՐՈւՄ



Երազնե՜րս անդեմ ստվերներ,
Մեկնությունները՝ զավե՜շտ կամ կատակ
… Աչքերս եմ բացում Արեգակի հետ՝
Դատարկությո՜ւն է՝
Դատա՜րկ մի տարածք…

Ու խարխափո՛ւմ եմ դատարկում այդ լո՜ւռ,
Փորձո՛ւմ եմ գտնել ինչ-որ լույսի շո՜ղ,
Ինչ-որ ճանապա՜րհ,
Չգիտե՜մ, գուցե՜
Մեղավոր հոգուս
Փրկության համար:

Հոգիս մեղավո՞ր…
Իսկ այդ երբվան՞ից դարձավ մեղավոր,
Գուցե այն օրի՞ց,
Երբ մարդ-արարածի ստեղծած մկրատով
Կտրեցին պորտալարս
Մորս հետ կապող…

Հայրս բախտավո՜ր,
Մայրս բախտավո՜ր,
Ես աշխարհ եկա հոգով մեղավո՞ր…

Մեղավո՞ր,
Որ չե՞մ հագեցել դեռ կյանքի բույրից,
Սիրո ուռճացած այրող ցավերի՞ց,
Ատելությունի՞ց,
Որով նայում են ինձ վարի՜ց ու վերից….
Քնած աշխարհի դարավոր նինջի՞ց
…և Աստվածների՞ց, որ ո՛չ մի անգամ
Նեցուկ չեղան ինձ…

Եթե այդպե՜ս է, ուրեմն վերցրե՛ք,
Տալի՛ս եմ հոգիս
Մեղավոր ու մեղկ,
Բաժանեք միլիո՜ն-միլիոն մասերի
Ու անարգանքի սյուներին գամեք…

Գուցե թե այնժա՜մ
Ըմբոստ ու համառ հոգիս հասկանա -

Ի՞նքն է խորթ ծնվել աշխարհի համար,
Թե՞ աշխարհն է խորթ դարձել իր համար…


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: