среда, 17 мая 2017 г.

ԲԱՐԻ ԱՐԵՎ



Կգա՞ մի օր, որ դու ըզգա՜ս -
Աչքդ բացե՜ս,  հասկանա՜ս,
Որ լուսաբա՛ցն այդքա՜ն սպասված-
Լուսաբա՛ց չէ,
Այլ՝ օր բացված…
Որ երկինքը՝ օտար հողի՜
Դա երկինք չէ՜-
Դա հատակն է տիեզերքի,

Ծառը՝ ծաղկած օտար հողո՜ւմ
Մի լերդուկ է քո կոկորդում,
Ծլվլոցը
ծառի վրա նստած ծտի՝
Արձագանքն է կեղծի՜, ստի՜…

Որ այն երգը՝ գիշեր-գույնի մարդու շրթին
Ոչ թե երգ է այլ  խաբկա՜նք է,
Չէ՜, սխալվեցի-
Աշխատա՜նք է…

Օտար հողում օրը բացված
Մի թատրո՜ն է վատ խաղացված,
… Դիմակների շքահանդե՜ս,
Ռոբոտների
Հոգիների ներկայացո՜ւմ՝
Անշո՜ւք, անտե՜ս…
Որ թվում են բարեհամբույր ու բարետես:

*
Լա՞վ չէ արդյոք տանդ լինես…
Ու ճաք տված  քո պատերի ճա՜քը փակես,
Կարողանաս բառարանից
«Ո՜րբ»  կամ «Անտե՜ր»
Բա՜ռը ջնջես…

Չտառապե՜ս,
Հասկանալու ա՜յն ժպիտը
Օտար շուրթի՜,
Որը երբեք լույս չի՛ սփռել
Ո՛չ անփայրի՜ն  ո՛չ էլ մթին:

Չշփոթվե՜ս,
Քո հայկական «Բարև՜» բառից՝
Քանզի «Բարի՜ Արև»  հապավումն է
Ծնված լեզվի ջերմությունից-
Այնքա՜ն հարազատ,
Այնքա՜ն հարգալից…

Այնժամ կզգա՜ս, երբ որ մի օր
Աչքդ բացե՜ս ու հասկանաս,
Որ լուսաբացն այդքա՜ն սպասված
Օր չէ բացվա՛ծ,
Այլ՝ Լուսաբա՜ց…

Բարի՜ Արև է -
Բարև՜ է, Բարև՜


Ս.Ումառ- Հարությունյան

Комментариев нет: