пятница, 28 апреля 2017 г.

Անհանգիստ Լուսաբաց



- Հետո ի՞նչ,-
Կասի անսիրտ ինչ-որ Մե՜կը,
Թե արցունք տեսնի աչքերիս խորքում,-
- Հետո ի՞նչ, չէ՞ որ արցունքոտ աչքեր
Շա՜տ կան աշխարհում:

- Հետո ի՞նչ,-
Կասի անհոգի Մեկը,
Թե տեսնի առանց հոգու եմ ապրում, -
- Անհոգի մա՜րդը դեռ անխի՜ղճը չէ,
Անհոգի մարդիկ շա՜տ կան աշխարհում:

- Հետո ի՞նչ,-
Կասի այն ինչ-որ Մեկը,-
- Որ շուրթերիդ հպվող այլ շուրթեր չկան,
Աշխարհում շա՜տ են նման շուրթերը,
Որոնք քարացել են աղոթքի նման…

- Հետո ի՞նչ,-
Կասի այն ինչ-որ Մե՜կը,-
- Ծառդ չի՞ ծաղկում է, արև չե՞ս տեսնում,
Քամին չի՞ փչում, անձրև չե՞ս ըմպում,
Ձմեռից հետո չի՞  գալիս  գարո՜ւն…
Էլ ի՞նչ ես ուզում…..

Կասե՜մ.
- Հետո ի՞նչ, թե ի՞նչ կա աշխարհում,
Ի՞նչ չկա,
(Ասե՜նք  Սինգապուրո՜ւմ,
Վիետնամո՜ւմ
Կա՛մ Արգենտինայում…)

Կասե՜մ.
- Չգիտեմ ո՞վ է բախտավոր՝
Խելացի՞ն, թե՞ անխելքը,
Գիտո՞ւնը, թե՞ տգետը…

Կասեմ.
- Ինձ անհանգստացնում է
Հո՜գս, կնճիռ հարթող ձե՜ռքը…
Ու մե՜կ էլ
Ինձ հետ զրուցող այն ինչ-որ Մե՜կը…


26.04. 17

Комментариев нет: