воскресенье, 6 сентября 2015 г.

Մենակ ինչպես երբեք…



Մեջքով դեպի սենյակն էր կանգնած:
Չէր ցանկանում շրջվել,
նայել հայելուց իրեն նայող  համառ ու բութ հայացքին
Չէր ցանկանում տեսնել գլորվող արցունքներն ու
կարմրած աչքերը
Չէր ցանկանում ու վերջ,
կարծես դրանով լուծվում էր ցանկացած հարց:
Դրսում ձմեռն էր, որն իր իսկ սառնությունից
դարձել էր մանուշակագույն ու
թվացող գեղեցիկ գույնն ավելի էր սառը
սառը մանուշակագույն:
Մեջքով դեպի սենյակը…:

Մեջքով կանգնած էր դեպի հավաքված աղջիկները:
Ցանկանում էր շրջվել, նայել բոլորի աչքերին
ու կռահել թե նրանցից, որը կբռնի իր նետած ծաղկեփունջը
բայց չէր շրջվում, գիտեր,
որ հաստատ կբռնի այն աղջիկը,
որը չէր ցանկանում ամուսնանալ
Տարօրինակ հարսանիք էր՝ փեսա չկար,
հարսը չքվել էր ինչ որ տեղ,
հարսի սպիտակ գլխադիրը հայտնվել էր իր գլխին ու
ոչ մեկին չէր անհանգստացնում նման իրավիճակը,
կարևորը ծաղկեփունջն էր որ պետք է նետվեր
Իր հարսանիքը չէր, բայց հաճելի էր ու
ստիպված էր ապրել,
սիրել,
հավատալ ու զգալ պահը:
Ինչ որ մեկի աչքերի ջերմությունը տաքացնում էր
սարսափելի էր,
շուրջը ոչինչ չկար:
Ինչ որ մեկը հարբած ծիծաղում էր:
Փակեց աչքերընետեց ծաղկեփունջը:
Զգաց, որ իր իսկ նետած ծաղկեփունջը
բռնել էր հենց ինքը ու լաց եղավ
Սենյակում ձմեռ էր, ցուրտ ինչպես երբեք:
Սենյակում մենակ էր, մենակ ինչպես երբեք
Սերը մեղք էր, բայց հաճելի:
Ենթագիտակցության մեջ նկարվեց Նրա անունը:
Հասկացավ որ Նրա անունը չի ջնջվի երբեք:

Մեջքով կանգնած էր դեպի Նրա անունը:
Չէր ուզում շրջվել:
Կյանքը պատուհանի մոտ շատ արագ էր ընթանում,
այնպիսի արագությամբ
ինչպիսին մատիտն էր թղթի վրա
 քերծում չասված բառերը…
Պատուհանին թախիծն էր գոլորշու տեսքով,
որ գրվել էր նրա աչքերով:
Թղթի փոքրիկ պատառիկները,
որոնցից ամեն մեկի վրա Նրա անունն էր,
թափված էին հատակին…
Չէր ուզում շրջվել…
Չէր ցանկանում ու վերջ…


Ս.Ումառ-Հարությունյան


Комментариев нет: