четверг, 3 сентября 2015 г.

Երկուսը հովանոցի տակ



Արդեն քանի՜ տարի է…
     Ամեն անգամ հանդիպելիս տեսնում էր թե ինչպիսին կարող է լինել ժպիտը, որը նույնիսկ անծանոթ մարդուն դարձնում է հարազատ ու մոտիկ: 
     Նրա աչքին անծանոթուհին վեր էր ածվում մի այլ՝ գոյություն չունեցող էակի, կարծես մի այլ մարդկային սեռի, որն ուղղակի ապրում է կողքի շքամուտքում ու բոլորին ժպտում: 
     Անունը չգիտեր, գիտեր որ ընտանիք ունի՝ ամուսին, ամուսնացած որդի ու թոռ: 
     Մի՞թե դա կարող էր խանգարել նրան սիրելու սեփական հարևանուհուն, որին սիրում էր վաղուց արդեն քանի՜ տարի…
     Սա մի այլ զգացմունք էր, մի այլ ձգտում մոտենալու, գրկելու, համբուրելու և քանի որ նման զգացմունքն անուն չունի, նա անվանում էր սեր
     
     Հաճախ էր մտածում, որ այս զգացմունքը հիմարություն է, պետք է մոտենալ, ծանոթանալ ինչպես անում են հազարավոր մարդիկ, միգուցե նա մի բան ասի, մի վատ բան ու ինքը հիասթափվի ու ազատվի այս տանջանքից: 
     Ամեն անգան նման բաներ մտածելիս հիշում էր նրա շուրթերն ու ետ կանգնում նման մտքերից: 
     Ինչպես էր երազում գնալ նրա աշխատատեղը, անձրևի ժամանակ բացել իր հովանոցը ու հրավիրել նրան իր հովանոցի տակ կանգնելու…
     Հպվել նրա կիսաբաց վերարկուին, նրա կրծքի ամրությանը…
     Զգալ նրա շունչը իր շնչի տակ…
     Ազդրերով հպվել նրա ազդրերին…
     Զգալ բարակ զուգագուլպաների մեջ իրեն ոչ հարմար զգացող ոտքերի դողալն ու թաթերի վրա բարձրանալը՝ համոբուրվելու համար
     Հովանոցի տակ կասեր նրան.
     - Մի փակիր աչքերդ համբուրվելիս, խնդրում եմ, ուզում եմ ակնոցների, աչքերի  միջով զբոսնել նրա քո  հեռուներում…
     
     … Վերջապես եկավ այդ տխուր, չարաբաստիկ պահը: 
     Դուրս եկավ շքամուտքից, բարակ անձրև էր մաղում: 
     Բացեց հովանոցը, հարևանուհին բակում էր
     Մոտեցավ, հովանոցը փակում էր նրա ամուսնու, տղայի, իր կնոջ ու դստեր ներկայությունը, կռացավ համբուրեց կնոջ շուրթերը՝ կնոջ աչքերը փակ էին: 
     Ցածր, շատ ցածր ձայնով ասաց: 
     - Ես խնդրել էի քեզ համբուրվելիս աչքերդ չփակել…
     Լսեց սգո արարողությունները կարգավորողի ձայնը. 
     - Մոտենում ենք, բարձրացնում, երեք անգամ պտտում ու…

Ս.Ումառ-Հարությունյան


Комментариев нет: