четверг, 27 августа 2015 г.

Ուղղակի գիշեր


Կուլ չգնացող սև հացը-
Պատուհանիդ թառած սև ագռավ,
Ընդամենը պատկեր է
Ո՛չ թե  կյանքը դառնացած:

Քամու ձեռքով բացված դռանդ
Ճռինչը
Ո՛չ ավետիս է և ո՛չ էլ գուժկան…
Ծառից վայր ընկնող կկվի ճիչը՝
Լռությո՛ւնն է սպասման մեջ,
Ոչ թե սպասումը լռության…

Քայլող ծերունու ձեռքի փայտը
ուղեկցող չէ այլ հենակ,
Գուլպայի միջից թղթադրամ հանող
այրու դողացող ձեռքը
Ցա՛վ չէ, կսկի՜ծ չէ
Այլ ժամանակ…

Կուլ չգնացող սև հացը-
Պատուհանիդ թառած սև ագռավ,
Ուղղակի գիշե՜ր է,
Ուղղակի աչքեր-
Քարացած…


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: