суббота, 4 июля 2015 г.

Նամակ Հովհաննես Թումանյանին



Ընկե՜ր Թումանյան,  բարի հաջողո՜ւմ
Էս ո՞ւր ես չկաս, էս ո՞ւր գնացիր:
Քո հերոսներով չես հետաքրքրվո՞ւմ,
Դու զարմացրել ես -
Հիմա զարմացիր…

Հիշո՞ւմ ես  ճանճեր սպանող Նազարին,
Դեռ մինչև հիմա նստած է գահին,
Ասում է
- Ուզեմ տասին կխփեմ, ուզեմ հարյուրին,
Ախպերն էլ ասում է
- Չէ արի կիսվենք, դու տասին խփի, իսկ ես հազարին…

Կողքերնն էլ  շարվել են գյուղական կարգով,
Անունը դրել Ազգային ժողով -
Հադին, Հյուդին,
Չատին, Մատին,
Շունն ու կատվի դիվանբաշին,
Չարի վերջն ու
Պոչատ աղվեսը…
Օ՜ֆ, զզվեցի արդեն
Փախավ հավեսս:

Օղորմի՜ հորդ ընկեր Թումանյան,
Էդ մի տառն ի՞նչ էր, Մի կտոր չոր հա՞ց,
Որ մեզ գցեցիր էս օրը հանկարծ:

Էդ ո՞նց արեցիր, ո՞նց կռահեցիր՝
ՂԱՐԱԲԱՂնիսը ՔԱՐԱԲԱՂնիս,
Ազգային ժողովը՝ Մկների ժողով,
Գիտե՞ս քանիսն են փրկվել էդ տառից,
Քանիսն են դարձել օլիգարխ-փողով՝
Ծառուկա՜նց Գագոն,
Աչքը փակ Լյո՜վը,
Գռզոյանց Խչո՜ն,
Շարմազանո՛վը…

ՀԾԿՀ-ի Նազարյան Ռո՜բը…
Վա՜յ, չհիշեցի՞ր սրան - Չախչախ թագավորը,
Մի երկու-երեք թիվ անգիր ա արել,
Էն էլ անպայման քո հեքիաթներից,
Բարեկենդան է խաղում գլխներիս:

Հա՜, չմոռանա՜մ
Նեմեցի Ռուբո՜ն, Կատուն ու շո՜ւնը,
Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը
Սա՞ էր խոստացած ապագա տունը:

Ո՞նց էի մոռացել Մի կաթիլ մեղրը,
(Դե ներող եղիր, մենք մեր դարդն ունենք
Համ Վիվա Սելը համ Արմենթելը:)

Մե՛կ էլ   չմոռանամ,
հիշեցման կարգո՛վ,
Հիշո՞ւմ ես Մկների ժողովի նիստում,
Աջից չորորդը մի մուկ էր կանգնում,
Մի անտե՜ս մուկ էր, քրջոտ շորերով ,
Ծիծաղից մեռի՛ր, ընկեր Թումանյան,
Հիմա գործի է գնում փողկապով:

Կռնատ աղջիկն էլ Լեքսուս է քշում:

Բա Թումանյան ջան
Երկիր ենք շինել է՜, երկի՜ր…
Թե որ մտքովդ հանկարծ անցկացնես
Ասենք պատահմամբ  ու մեզ այցելես
Էստեղ մեկը կա ու քեզ հարց կտա
- արա Թումանյան Հովհանես
եկել ես որ ի՞նչ անես…

Ընկե՜ր Թումանյան, քո լեզվին մեռնեմ,
Ամեն մի հերոս դարձել է պարոն,
Քանի՞ հատ ասա օրինակ բերեմ.
Չոբանյան Կարոն
Գյուղնախարարը,
Դուրեկան Մարոն
էն Աշոտյանը,
Անուշի Սարոն
Մարգարյան Տարոնը,
Օսիպյան Վալերը
Կացին ախպերը,
Լոռեցի Սաքոն Կիկոսն էլ հե՜տը,
Բա ոստիկանապե՞տը…

Էն անբախտ Զանին՝քույրը Գիքորի
Պատկեևացնո՞ւմ ես, Ավագ է կարգվել
Հայաստանից դուրս ուրիշ մկների:

Կուսակցական է հայրը Գիքորի,
Բարի Գալուստն է մեր նոր աշխարհի:
Բազազ Արտեմն էլ անունը փոխել
Սիթիի Սամո անունն է ընտրել:

Պուճուր ու մուճուր մի քանիսն էլ կան
Ո՞վ են, որտեղի՞ց
Ո՞նց աշխարհ էկան,
Գո՞ւցե դու կասես ընկեր Թումանյան:

Մի հերոս էլ կա՝ Կինը ծերուկի,
Թարգման հեքիաթից Ոսկե ձկնիկի,
Ո՞նց առաջ գնաց մկնամեջ մտավ,
Վա՜յ հորս  արև,  բան չհասկացա:

Թումանյան ախպեր,  ո՞նց էիր ասում,
Քեֆ անողին քեֆ չի պակսի՞լ,
Քո էն «Անխելք մարդու» անունը վկա:
Ապրում ենք ախպե՜ր,
Հենց այդպես էլ կա՛:
Ո՛չ հոսանքն ա մերը,
Ո՛չ ջուրը,
Ո՛չ գազը –
Գնանք  ազգովի լցվենք Արաքսը:

Ընկեր Թումանյան, մի բան հարցնեմ,
Պատասխանելուց առաջ մի լավ միտք արա,
Ի՞նչ ենք անելու էս պայմաններում,
երբ որ կատուն գա մեզ վրա,
Ասա ախպեր ջան, ում հանենք մեյդան
Տաշիր Սամոյի՞ն թե՞
Ռոբին Քոչարյան…

Ռուսաստաններում Մի հերոս էլ կա՝
Կարծեմ անունը Արա է նրա,
Էն օրը խոսում էր հեռուստացույցով
Մաքո՜ւր անաղա՜րտ ռուսերեն լեզվով
(Ոնց որ երգչուհի Շահգելդյան Սոնան)
Լսեցի մի հինգ, թե մի վեց անգամ,
Բան չհասկացա ընկեր Թումանյան:
Ասում եմ «զապիսը»  ուղարկեմ ես քեզ,
Դու խելոք մարդ ես, լավ կթարգմանես,
Կասես թե ի՞նչ էր ուզում էդ մարդը -
(Իբր թե քի՞չ էր մեր ազգի դարդը…)

Դե՛ խտրականություն չեմ ուզում դնեմ,
Մի երկու խոսք էլ իմ մասին ասեմ,
Ես էլի նույնն եմ՝ ճառ ասող մուկը,
Բառ-մառ եմ գրում
Գցում Ֆեյսբուքը:

Բա՜, Թումանյան ջան, էսպիսի բանե՜ր…

« Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարհքի վրա…
Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա»:


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: