воскресенье, 28 июня 2015 г.

Մայրամուտների գույներ

* * *
Սովորեցրեցի քեզ
Մայրամուտների գույներին  նայել
Արևածագի տրամադրությամբ…

Չեմ կարող մեղքս թաքցնել`
Չսովորեցրեցի քեզ
Քղամիդդ հանելուց առաջ
զգուշացնել Նախապես …

Ինչպես զգուշացնում են օդերևութաբաները
անձրևի՜ց,
ձյունի՜ց,
փոթորկի՜ց,
աղետի՜ց
բնության ա՜յլ վտանգներից
շատ ժամեր առաջ…

Իսկ ով չի տեսել պոետի
դեմքը ապշահար,
Չի տեսել թե ինչպես
թեթևաբարո աչքերն անպակառ
դառնում են  խոնարհ երկու անցք դատարկ-
Նա չի էլ կարող
Մայրամուտների գույներին  նայել
Արևածագի տրամադրությամբ…

Քո մերկությունը՝
Խելագար պատկեր,
Գիշերվա մթում լուծված վարսերդ-
Պոետի համար կորուստ ցավաբեր
Ու
Արևածագի տրամադրությամբ
Մայրամուտների գույները ներկող,
Մարմնիցդ ժայթքող
Դեղի՜ն ու կարմի՜ր
Թիթեռնե՜ր
Թիթեռնե՜ր…

Հետո էլ ասում են պոե՜տ ես
Ուրեմն
Խե՜նթ ես…

Ախր ի՞նչու եմ խենթ,
Այդ ի՞նչ եմ արել,
Մի՞թե խենթություն է, որ ողջ տիեզերքի մեջ
Ամենագեղեցիկ,
ամենակատարյալ
Էակին՝ կին արարածին,
Ես կո՞ւռք եմ սարքել..

Եթե այդպես է թող որ լինեմ խենթ Ձեր ախտորոշմամբ
Ու
Մայրամուտների գույներին  նայեմ
Արևածագի տրամադրությամբ:


Ս.Ումառ-Հարությունյան


Комментариев нет: