среда, 20 мая 2015 г.

Խաղ



Մտքումս խաղ եմ խաղում, թվում է հետաքրքիր, բայց ինչ որ տեղ նեղում է:
Անընդհատ հիշում եմ երեկվա ՖԲ-ում գրածս ՛՛ստատուսն՛՛  ու թե ինչպես դարձա ծաղրի առարկա, մի՞թե այդքան բարդ էի գրել:
Ամեն ինչ պարզ էր.
« Ու Շ Ա Դ Ր Ու Թ Յ ՈՒ Ն
Փնտրում եմ 1982 թ.
Հունիսի 13-ին,
ժամը 16.40 ծնված տվյալներով անձի՝
ՖԲ-ում անկաշառ ընկերության նպատակով
Գտնողին խոստանում եմ դրամական պարգև
(խորհրդային թղթադրամներով) »

Ի՞նչ կար չհասկանալու:
Այսօր քննության եմ գնում ու ամեն ինչ գլխումս խառնվել է իրար:
Ավտոբուսն էլ հարբած փղի նման օրորալով-շորորալով, ամեն կանգառում կանգնելով…չեմ կարողանում հիշել փիղը անգլերեն ՛՛էլեֆանտ՛՛  է թե ՛՛էլեգանտ՛՛, կենգուրուն հայերեն ՛՛կենգուրու՛՛ է թե ՛՛կենգուրի՛՛…ա՜յ քեզ հիմար մտքեր:
Չեմ կարողանում հասկանալ թե ինչո՞ւ ինձ չեն հասկանում, ոչ մե՛կը…թերևս միայն մայրս, այն էլ վերապահումներով:
«Հորդ ես նման, նա էլ էր անընդհատ խաղում, այնքա՜ն մինչև մատնոցախաղում պարտվեց, կռվեց, իրեն խփեցին, ինքը դանակով խփեց և՞…»

Ճմրթված լայնեզր գլխարկով ու անխնամ շորերով մի մարդ բարձրացավ ավտոբուս ու այն ութ հոգուց, որ նստած էինք, առանց դեմքիս նայելու հարցրեց:
- Ի՞նչ արժե:
- Հարյուր:
Գրպանից հանեց մի քանի մանրադրամ (վեց հատ քսան դրամանոցներ էին), դողացող միջնամատով ափի մեջ հաշվեց հինգ հատն ու կարծես հանգստացած  նստեց կողքս:
Ինքն իրեն խոսում է քթի տակ:
- Բա տոմսավաճառն ո՞ւր է, չեմ տեսնում:
- Ի՞նչ տոմսավաճառ, չկա՛, վարորդին պետք է տաք:
- Հա՜…
- Վաղո՞ւց չեք եղել քաղաքում:
- Վաղո՜ւց: Այսօր եմ ազատվել:
Նայում է ծնկներիս դրված գրքին:
- Մաթե՞մ:
- Ըհը՜, քննության եմ:
- Մտքումդ մի թիվ պահի՛ր, կրկնապատկի՛ր:
- Ըհը՜:
- Գումարի տասը, բաժանիր երկուսի:
- Ըհը՜:
- Հանիր սկզբից պահած թիվը:
- Ըհը՜:
- Հի՛նգ:
- Այո՜:
- Հինգ կստանաս, դե ես պետք է իջնեմ, «Ռոսսիա» – ն է չէ՞:
Մի կերպ բռնվելով նստարաններից հասավ վարորդին, վճարեց ու իջավ:

Մտքումս խաղ եմ խաղում, թվում է հետաքրքիր, բայց ինչ որ տեղ նեղում է:
Դուռը բացեց մայրս մի տանջված շորի կտոր ձեռքին:
Հարցական ու ջերմացնող հայացքը աչքերիս չէր, շուրթերիս էր ուղղված:
- Ա՜յ տղա, խոսի՛ր, սիրտս պայթեց, հանձնեցի՞ր:
- Տեսա՛, Նրա՛ն տեսա, ազատվել է, ճանաչեցի, նա ինձ՝ ոչ:
- Ո՞ւմ, նորի՞ց քո ցնդած խաղերն են մտքումդ:
- Մա՛մ, Նրա՛ն, չես հասկանո՞ւմ: Նրա՜ն…
Մորս  ձեռքից շորն ընկավ, հետո ինքն ընկավ ծնկների վրա:
Սենյակում երբ արդեն ուշքի էի բերել, ուրախացնելու համար ասացի:
- Մա՛մ, հի՛նգ եմ ստացել:
- Ո՞նց էր:
- Դե՜, դժվար չէր, տոմսը գիտեի՜…
- Նա՛ ո՞նց էր:
Մորս հարվածը կարծես քթարմատիս լիներ, գլուխս պտտվեց:
- …Ձեռքերը դողում էին, դժվարությամբ էր քայլում, սափրված չէր, անխնամ: Մոտն էլ հարյուր քսան դրամ էր…
- Համբուրե՞ց գլուխդ, - մայրս լաց էր լինում ինձ անհասկանալի պատճառներով:
- Ես չասացի ով եմ, ինձ թվաց քեզ դա դուր չի գա, մա՛մ, տասը տարի է չկար ու հիմա ի՞նչ է ես պետք է գրկեի ու համբուրեի: Հա՛մ էլ չճանաչեց:
- Պետք է իջնեի՜ր, գնայիր ետևից, տեսնեիր որտե՞ղ է ապրում: Հիմա ի՞նչ եմ անելու:
- Մա՞մ, քննության էի:
- Դա՛ էլ էր քննություն: Նա ճանաչել է քեզ, երևի փողի պակասից, որ քո տեղը չի կարող ստանալ ամաչել է:
Նա քեզ միշտ մաթեմատիկական խնդիրներ էր սովորեցնում, յոթ տարեկան էի՜ր:
- Մա՛մ, հի՛նգ եմ ստացել:
- Դու երկուս ես ստացել տղա՜ս, հավատա ինձ՝ նախկին հայոց լեզվի ուսուցչուհուս…

Վերջաբան

Մտքումս խաղ եմ խաղում, թվում է հետաքրքիր, բայց ինչ որ տեղ նեղում է:
Սենյակիս առաստաղից երկու ձեռքեր են կախվել ցած՝ երեք մատնոցներով:
- Խաղա՞նք, ես մատնոցներց մեկի տակ կպահեմ մորդ սիրտը, իսկ դու փորձիր գտնել:
Ձեռքերը պտտում են սեղանիս վրա մատնոցները, խառնում իրար:
- Ո՞րն է:
- Սա՛, - ձեռքով ցույց եմ տալիս մատնոցներց մեկը:
- Հաղթեցի՜ր, նման բան չի եղել երբեք, մի հատ էլ խաղա՞նք:
Իմ անսխալ բոլոր պատասխանները բարկացրեցին:
- Փոխո՜ւմ ենք, հիմա հորդ սիրտը…
 Ես գիտեմ, որ կգտնեմ, կհաղթեմ, քանի որ հոր սիրտն իր զավակի համար ոչնչով, բացարձակ չի տարբերվում մոր սրտից, նորից հաղթում եմ ձեռքերին:
- Սա անհավանական է, նման բան իրոք չի եղել, ապա՛ մի շրջիր գլուխդ, վերջին անգամ ենք փորձում:
Սահում են մատնոցները հարթ սեղանի վրա, մի մատի տակից անցնելով մյուսին, պտտվում, խառնվում, հետո նորից…
- Դե՜…
Մատով ցույց եմ տալիս այն մատնոցը, որի տակ ոչինչ չկա, քանի որ այն մյուս երկու մատնոցներից մեկի տակ մորս սիրտն է, մյուսի տակ հորս…
Ձեռքերն ուրախացան:
- Պարտվեցի՜ր, երկուս ես ստանում, չգտա՜ր…

Ս.Ումառ-Հարությունյան




Комментариев нет: