четверг, 24 июля 2014 г.

Ոտնաձայների քնքուշ մեղեդին (բանաստեղծություն)





Երբ ստեղծեցիր ինձ -
ես լուռ հասկացա,
որ չունեմ թևեր թռչելու համար,
Չունեմ խռիկներ -
օվկիաններում-ծով լողալու համար,

Որ չունեմ ես սիրտ՝ գազանաբարո
Ուրիշի սիրտը լափելու համար,

Տեսողությունս բանի նման չէ, որ
Հոգիներին տեսնեմ, հասկանամ,

Լսողությունս դեռ շատ հեռու է
(Պետք է զարգանար դեռ երեք-չորս դար)
Ոտնաթաթերի հուշիկ քայլերը լսելու համար…

Երբ ստեղծեցիր ինձ…
Սխալվեցի՞ր, ասա՛,
Թե՞ մանուկ էի դեռ,
որ քեզ՝ Ստեղծողիդ - լավ չհասկացա…
Կարողություններիս չափը անիմաց
Վերագրեցի ես
Թռչնից, գազանից, միջատից հիմար
Ինձ տարբերվելու
Ժպիտդ տված…

Սխալվեցի՞ր ասա՛,
իսկ եթե լռե՜ս…

Տե՛ս,
թե ինչպես եմ թռչո՜ւմ, սավառնո՜ւմ
սիրո թևերով…
Տե՛ս,
թե ինչպես եմ շնչո՜ւմ,
Ինչպես եմ  ապրո՜ւմ
Սիրո օվկիանի հորձանուտներում…
Տե՛ս,
թե  Ինչպես է սիրտս
հոշոտվում նրա աչքերում…
Տե՛ս,
թե ինչպես են ոտքերս դողում, երբ
Նրա հոգին մարմնի մեջ մտած
ինձ է մոտենում…

Տեսնում եմ նրա
լուսաշողերով դե՛մքը լվացված,
Ձեռքի մատների
հավերժ անհանգիստ
շա՛րժը դյուրազգաց,
Նա՞ էլ է հողից, թե մի այլ նյութից՝
Կողի՞ց,
Կողի կրակի՞ց,
նուրբ ու դուրեկան նյարդերի խրձի՞ց,
որ ամեն անգամ նրան հպվելիս -
պատերազմում են ականջներումս
անկարողությունն ու կարողությունը,
այրվո՜ւմ,
շիկանո՜ւմ
բլթակներս կա՛խ…
Բառերի գրկում հնչյունն է մեռնում,
Շո՛ւրթս է քարանում՝
կարծես մի վերջին
մի վերջին անգամ շշնջում է
«Ա՜խ…»

Հողից ստեղծեցիր,
Ո՞ւմ պաշտեմ՝
Հո՞ղը,
Թե՞ քեզ՝ստեղծողին…
Դե ասա՛, խոսի՛ր, մի՛ արհամարիր
Կուռքն իր փնտրողին…

… Հիմա լսում եմ հողի հետ շփվող,
Դեպի ինձ բերող
Ոտնաձայների քնքուշ մեղեդին…

Ս.Ումառ

Комментариев нет: