пятница, 11 июля 2014 г.

Ներդաշնակություն





Կողքս մի Անհանգստություն է՝ պառկած:
Ձևացնում է թե քնած է, բայց ես հասկանում եմ, որ այդքան շուտ չի կարող քնել:
Ես զգում եմ նրա սրտի զարկերը, մի քիչ արագ բայց ոչ այնքան, որ կարողանա նրան վստահություն ներշնչել - ձեռքը դնելու կրծքիս կամ շոյելու դեմքս:
Ես գիտեմ, որ երբ անգիտակցաբար ոտքը գցեց վրաս ուրեմն արդեն քնած է, նա այդպես է սիրում քնել:
Քիչ առաջ էր երբ երկուսիս կողմից վայելվեց Մարսի ու Վեներայի բախումը, որը միշտ էլ մտորումների տեղիք է տալիս…մտորում եմ անկախ ինձնից և բանից պարզվում է, որ ես էլ փաստորեն Մտորումն եմ՝ պառկած Անհանգստության կողքին:

- Ինչո՞ւ չես քնում, քնի՛ր:
- Չգիտե՜մ, չի ստացվում, ուզում եմ քեզ գրկել, բայց չեմ ցանկանում խանգարել:
Լռությունը խախտած իմ հարցը ծնեց այն վստահությունը, որի հետևանքով էլ նրա ձեռքը զգույշ իջավ կրծքիս…
Ես զգում եմ մի բյուրեղապակյա ճոճանակի տատանում սրտիս կողմում ու չեմ կարողանում թաքցնել որ հաճելի է, այնքան հաճելի որ խորտակում են մտորումներս ու ձեռքս ակամա սահում ու իջնում է նրա կրծքին:
- Ա՜հ…, - վայրենի մի հառաչ էր թե բյուրեղապակյա ճոճանակի տատանումը ընդամենը մի մանկական անմեղ խաղ էր այն զգացումի դեմ որն այդ պահին չկարողացավ թաքնվել նրա լեզվի տակ:

* * *
Կինը, որը երեսունմեկ տարի ապրել էր ու պատահմամբ մեքենայի տակ չէր ընկել արդեն չորորդ տարին էր, որ ապրում էր փակ պատուհաններով սենյակում ու չգիտես ինչու հենց այդ օրը որոշեց բացել պատուհաններից մեկը…
Ցուրտը հյուրի կարգավիճակով սողոսկեց ներս ու վախից թե անսպասելիությունից  շուրթերը բացվեցին.  
- Ա՜հ…
Հիմա նրան տաքացնում էր Ցուրտը, չնայած տաքացնել բառը այստեղ շատ համեստ է ասված՝ այրում էր, ոչնչացնում անխնա նրա բոլոր ամենատարրական մասնիկները հասցնելով խելագարության:
Սրտի պարտականությունը արյուն մղելն էր ու Սիրտը մեծ ոգեշնչությամբ կատարում էր իր գործը, լցվում ուղեղը ու իր սրտային ձայնով մռնչում.
- Անիծյալ կրծքեր, ատում եմ ձեզ, դուք խանգարում եք նրա ձեռքերին ավելի մոտենալու ինձ՝ սրտիս, ձեր հպարտորեն ցցված գլխիկներով կորեք գրողի ծոցը, մի՞թե չեք զգում նրա մատների ներդաշնակությունն իմ զարկերին…

* * *
- Հիշո՞ւմ ես, երբ երկու օրով գնացել էինք Արմանենց ամառանոցը, սո՜ւս, մի պատասխանիր, գիտեմ որ հիշում ես:
Մատները խաղում են շուրթերիս հետ, խաղո՞ւմ, ո՜չ, թեթև պարում են շուրթերիս վրա:
- Ամբողջ գիշեր քեզ սպասեցի, չեկար, այդ օրվանից ատում եմ գիշերվա ներկայությունը:
- Ինչպե՞ս, ո՞ւր գայի, չէ՞ որ դու քնում էիր Արմինեի հետ մի սենյակում, իսկ մենք Արմանի հետ…
- Կապ չունի, ես սպասո՜ւմ էի, չկարողացա քնել, առավոտյան շուտ դուրս եկա բակ ու լսեցի թե ինչպես ես խոսում ինձ հետ…
- Ես Արևի հետ էի խոսում: Երիտասա՜րդ էի…
- Ո՜չ, ինձ հետ, ես պարզ լսեցի անունս – Արևի՜կ…այնքա՜ն գեղեցիկ էիր խոսում, այնքա՜ն համոզիչ, ես չէի կարողանում հասկանալ քո խոսքերի իմաստը, բայց լսում էի կախարդված: Դու միշտ կարողացել ես խոսել բնության հետ, կարծես ինքդ իրոք բնության իրական զավակն ես, մի՛ խոսիր, լռի՛ր, սո՜ւս, լսո՞ւմ ես, պատուհանի տակ…
Ափը փակել է բերանս, ես համբուրում եմ նրա՝ Արևիկի  ափը ու իրոք լսում եմ…

Պատուհանի տակ մի բարի սրտով թափառական ծղրիդ ջութակ էր նվագում, մի տարօրինակ մեղեդի:
Նրան ձայնակցում էր սպիտակ աչքերով լուսատիտիկը, որի երգի բառերից կարողացա միայն հասկանալ.

« Շոյիր սրտիս վարդագույն սպին, մի՛ թողնիր, որ կարծրանա,
Քեզ սպասել եմ շա՜տ երկար, մի՞թե ինձ չես հասկանա…»

Հետո, ինչ որ տողում լուսատիտիկը սայթաքեց, ծղրիդը բարկացավ:
Լուսատիտիկը նրան «փինաչի»  անվանեց, ծղրիդը նեղացավ, կոտրեց ջութակի աղեղն ու հեռացավ…
Լուսատիտիկը պատռեց այն տեղը, որտեղ որ սիրտն է լինում – սիրտ չկար…սրտի փոխարեն կոնֆետի դեղին , փայլուն թղթեր էին, որոնք թափվեցին կանաչ խոտի վրա:
Խոտերի մեջ փայլում էին բազմաթիվ դեղին աստղիկներ…

* * *
Մթան մեջ պատկերացրեցի դաշնամուրի ուղիղ անկյուն ունեցող ուսերը:
- Նվագո՞ւմ ես, թե՞ մոռացել ես:
- Երևի չեմ մոռացել:
- Նվագի՛ր:
- Հիմա՞, այս ժամի՞ն, քեզ ի՞նչ եղավ:
- Ուզո՜ւմ եմ, այսպես մերկ, նստես դաշնամուրի առաջ, նվագես, գիտե՞ս որը…
- Դու ի՞նչ է իրո՞ք խենթ ես:
- Ըհը…
- Տե՜ս կնվագեմ:
- Չե՛ս կարող:
- Կնվագե՛մ, - վեր կացավ անկողնուց, լուծվեց մթան մեջ, որվականի քայլերը մոտեցրին դաշնամուրին, գաշնամուրը բերանը բացեց, ցուցադրելով սպիտակ ատամները կուլ տվեց նրան…

* * *
Բարակ ու նուրբ մատները ստեղների վրա խոսում էին մթան լեզվով:
Պատմում էին:
Համոզում, որ կարելի է նաև խոսել լռելով
Ձուլվել էր դաշնամուրը Անհանգստության հետ, որի մարմնի գծերի վրա գիշերվա երգն էր, իր բառերով իր նախադասություններով, իր բանաստեղծություններով:
« Ուզում ես զգա՞լ ջերմությունս, որ ոչ միայն ինձ է ջերմացնում այլ նաև քեզ - զգա հեռվից, միայն նայելով
Ուզում էիր տեսնե՞լ մատներիս վազքը, քեզ բավարար չէր քո մարմնի վրայով թեթև սահող մատներիս շփումը նայիր հեռվից
 Շունչդ կտրվում է, բայց չէ որ ես միայն երաժշտություն եմ ցույց տալիս, իսկ դո՞ւդու նայում ես ինձի՞նչ ես ուզում, չեմ հասկանում…»

Վերջաբան

- Դու գիտե՞ս որն է ներդաշնակությունը, երբ նվագում էի…
- Ո՜չ, երբ համբուրվում էինք ու բացում էի աչքերս, նայում աչքերիդ, տեսնում էի, որ դու էլ ես բացել…և այդպես շարունակ…




Комментариев нет: