суббота, 31 мая 2014 г.

Բույրը շուրթերիդ



Մի´ վախեցեք ինչ-որ մեկին կորցնելուց:
Դուք չեք կորցնի նրան, ով պետք է Ձեզ կյանքում:
Կորում են նրանք, ովքեր ուղարկված են փորձության համար:
Մնում են նրանք, ովքեր ուղարկված են Ճակատագրի կողմից:
                                                                                   Գ. Գ. Մարկես




Մուտքի դռան մոտ հավաքվել են աշխատակիցներ  ու նայում են համակարգչով տպված, ապակուն փակցված հայտարարությանը:
<Խոր վշտով հայտնում եմ, որ երեկ ձեզանից անժամանակ հեռացավ Ձեր սիրելի գործընկեր Ա. Տիգրանյանը>:
Մոտենալով`  նայում եմ հավաքվածներին:
Որոշ աշխատակիցների աչքերն արցունքոտ են:
Աշխատանքի սկզբին դեռ տասը րոպե կա:
Ժամանեց հիմնարկի պետի ավտոմեքենան:
Բոլորն ինձ են նայում:
- Միայն քո նման հիմարը կարող էր սա անել,- Լիլիթի աչքերն արցունքոտ չեն:
Պետը` տիկին Բարսեղյանը, ձեռքով պոկեց հայտարարությունը, խիստ հայացքով հանդիմանեց ինձ, բացեց դուռն ու սահեց ներս…
Նրա` դեռ պահպանված կազմվածքը շատ կանանց նախանձն է շարժում:
Ինձ Լիլիթն է դուր գալիս: Ես Լիլիթին եմ սիրում:
Լիլիթը ինձնից երկու սեղան այն կողմ է նստում:
Սկսում եմ հավաքել իրերս:
Մոտեցավ քարտուղարուհին:
- Քո ազատման դիմումը վաղվա ամսաթվով է ստորագրված, այսօր կարող ես աշխատել, պարո´ն հանգուցյալ:
Լռում եմ:  Նայում եմ կարճ շրջազգեստին, կազմվածքին, դեմքին, այնպես, ինչպես նայում են առաջին անգամ` գնահատողի հայացքով:
- Նո´ւն, ինչո՞ւ հանգուցյալ, ես գրել եմ հեռացավ, ի՞նչ վատ բան եմ արել, որ բոլորը ծուռ են նայում:
- Չգիտեմ, Նա ասաց,- նայում է Լիլիթի կողմը:
- Քո նմաններին որտեղի՞ց են գտնում, ասա´, ինձ շուտով պետք է գալու:
Համակարգիչս միացրեցի:
Երկու սեղան այն կողմից` նամակ`  Լիլիթից:
Գլուխը կախել է ստեղնաշարին, կարծես անտեղյակ ամենից:
<Ապո´ւշ>:
<Լավ>:
<Էլ իմ տուն չգա´ս>:
<Լավ>:
<Բնակարանիս բանալին կդնես սեղանիս  այնպես,  որ ոչ ոք չտեսնի>
Ամբողջ հիմնարկը գիտի մեր հարաբերությունների մասին, բայց Լիլիթին այդպես չի թվում:
<Լավ>:
<Ատո´ւմ եմ>:
<Լավ>:
Չի նայում իմ կողմը, որ ժպտամ: Գիտի, որ ժպտալու եմ ու դրանից ավելի է բարկանալու:
<Շրջազգեստդ շատ է վեր բարձրացել, չեմ կարող չնայել, իջեցրու մի քիչ>:
Տաբատով է այսօր, դիտմամբ գրեցի:
<Դու միշտ նույն հիմա´րն ես եղել, հիմա´ր էլ կմնաս>:
<Լավ>:
՞նչ ես անընդհատ գրում լավ,լավ,լավ, ասելու բան չունե՞ս>:
<Ունեմ, սիրու~մ եմ>:
<Ինչ զզվելին ես, այսօր քո սիրած ճաշն եմ եփել>:
<Լավ>:
Դուրս գամ` ծխեմ միջանցքում, միևնույն է, տրամադրւթյուս խռովել է ինձնից, բանի նման չէ:
Միջանքում  միայն Մարատն է:
- Դու աստված ունե՞ս:
- Ունեմ, Քամին է իմ Աստվածը, բորբոքում է սերս, կրակի նման:
- Մի բան հարցնեմ: Որ ազատվում ես գնաս, բա իմ պարտքերն ինչպե՞ս ես տալու:
Կպցնում եմ ծխախոտս, ծուխը ներս քաշելիս նայում եմ  Մարատի աչքերին:
- Թո´ղ մեր պարտքերը մեզ, ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին:
Ա´յ, հիմա ես վստահ կարող եմ հավաստել, որ երբ ասում են աչքերը թռան ճակատին, իրոք որ թռնում են:
Նայում եմ Մարատի ճակատին ու դուրս գալիս շենքից:

* * *
Ավելի հեշտ է ներել նրան, ով ներողություն է խնդրում:
Սենյակ մտավ տիկին Բարսեղյանը:
- Գնա՞ց այդ.... այդ անբանը:
- Ձեզ ո՞վ է իրավունք տվել ,- Լիլիթը չհասցրեց վերջացնել:
- Դու էլ կարող ես ռադդ քաշել, իմ օֆիսը անբարոյականների տեղ չէ…

* * *
Աստճանավանդակում ցուրտ է, տհաճ:
Չգիտեմ բացե՞մ իմ բանալիով թե՞ ոչ: Իզուր բանալին չվերադարձրի: Հիմա չէի կասկածի ու կսեղմեի  զանգի`ինձ այդքան ծանոթ երաժշտական ձայնի կոճակը:
Ի՞նչ է, պետք է նորի՞ց սկսել ամեն ինչ:
Արդեն երկու ծխախոտ ծխել եմ, բայց…
Լավ, մի հատ էլ ծխեմ, նոր կսեղմեմ զանգը:
Բանալիով չեմ բացի, երբեք:

Երբ փորձ արեց վառելու կրակայրիչը, որը միանգամից չմիացավ, հանկարծ տհաճ հոտ զգաց: Կարծես մի անծանոթ ձեռք հանգցրեց կրակայրիչն ու բռնեց  նրա քթից:
Գազի տճաճ հոտը լցվեց քթերից ներս ու ստիպեց թոքերին սեղմվել:
Ինքն էլ չհասկացավ ինչու, մոռացած զանգի մասին, անմիջապես բացեց դուռը:
Անգույն մահացու գազը դուրս պրծավ բանտարկված բնակարանից ու տարածվեց աստիճանավանդակով մեկ…
Բազմոցին Լիլիթն էր…կարծես քնած:
Հանգիստ, դալկացած դեմքը թաքցրել էր սև հոգեվիճակը…
- Ինչո՞ւ, Լիլի´թ, ինչո՞ւ:
 Մոռացած իր կատակասեր կյանքը` լալիս էր:
Լիլիթ անունով  հողմն իր հուշապտույտն էր սկսել` տղայի գլխում պտտելով Լիլիթի բոլոր սովորույթները, ժպիտը, կենցաղը, համբույրները, գալարումները, կյանքի փոսերով գտնելու իր ճանապարհը, իր կյանքը, իր փոքրիկ բնակարանը սիրած տղամարդով լցնելու բնական պահանջը:

Աստղագուշակով երկուսն էլ` խեցգետին, բնավորությունների նմանության  պատճառով անընդհատ վիճաբանում էին ու իրարից նեղանում մինչև անկողին մտնելը, երբ արդեն  խանգարողը դառնում էր ցանկալի մի գիշեր…երբ իրարից ժամանակվոր հագեցած մարմիններից ամեն մեկն իր հերթին մտածում էր. <Չեմ դիմանա քո փոթորիկ գոյությանը, ես սիրում եմ  քո աչքերը, շուրթերը, պիրկ մարմինը, ես գի´ժ եմ, հիմա´ր, ապո´ւշ, ինչո՞ւ նեղացրեցի քեզ … >
Ակնթարթն ավարտվեց, երբ Լիլիթի ձախ կոպը թրթռաց:
Լիլիթին ձեռքերի վրա` աստիճաններով վազեց դեպի բակ…

* * *
Վերակենդանացման պալատ-սենյակում պայքար էր գնում բժիշկների ու կյանքին հրաժեշտի փորձ արած, իր կյանքը  գնացքի ռելսուղու վրա դնելու համար տանջված մի չքնաղ էակի միջև, որի նպատակը հաստատ այս կայարանը չէր, այս մահվան ու կյանքի սահմանագիծը: Անհայտ էր պատճառը:
Անհայտ էր նաև, թե ինչո՞ւ մեկ երևում, մեկ կորում էր կյանքի նշաններ ցույց տվող սրտի թույլ բաբախումը:
Բազմաթիվ անգամ էկրանին երևալուց ու կորչելուց հետո սիրտը հանգստացավ:
Սրտի աշխատանքը ցույց տվող էկրանի ուղիղ գիծը  հայտարարեց պայքարի ավարտը:

Միջանցքի աթոռին նստած տղայի հայացքը գետնից բարձրացավ ու գամվեց պալատից դուրս եկող բժշկուհու տխուր աչքերին:
Հասկացավ:
Չհավատաց:
Վազելով` ճանապարհը փակող բժշկուհուն հրեց-գցեց գետնին:  Բժշկուհին ընկավ, գլուխը հարվածեց պատուհանի տակ գտնվող ջեռուցման մարտկոցին:
Գլխից սկսեց արյուն գալ:
Մի կողմ հրեց  նաև  պալատի մուտքից դուրս եկող երիտասարդ բժշկին ու վազելով` մոտեցավ կենդանության նշաններ ցույց չտվող Լիլիթին:
Բռնեց ձեռքը: Լիլիթի ափը սեղմեց այտին: Ափը դեռ տաք էր:
- Մի´ գնա, խնդրում եմ, ինձ մենակ ես թողնում, չեմ դիմանա առանց քո  փոթորիկ գոյության, ես սիրում եմ  քեզ, Լի´լ ջան, ես գի´ժ եմ, հիմա´ր, ապո´ւշ, ինչո՞ւ նեղացրեցի քեզ …ինձ շատ տճաճ է քո այս հրաժեշտի ձևը, այսպես դու գեղեցիկ չես, իմ աստվածը՝ Քամին, ինձ օգնելու փոխարեն փչեց-հանգցրեց իմ մոմը, մի´ գնա, հա՞… >
Դռան մեջ կանգնած բժիշկների ու հետաքրքրասեր հիվանդների աչքերը թաց էին:
…Մահվան սենյակի լռության մեջ լսվում էին տղայի սրտի չափից ավելի արագ բաբախումները…
… որոնք մի պահ կանգ առան, հետո կարծես անցնելով աղջկա ձեռքի ափով, դավաճան էկրանի վրա երևացող գծին ստիպեցին  թույլ տատանվել:
Տղան զգաց երկու սրտի ոչ համահունչ բաբախում:
- Բժի´շկ,- բղավեց տղան:
 Ձայնից, թե ձայնի բարձրությունից վախեցած Լիլիթի սրտի աշխատանքն արագացավ:
Ներս վազեց բժշկուհին, որի գլխից դեպի այտերը դեռ ծորում էր արյունը  ու խառնվելով արցունքներին` հավաքվում զարմացած շուրթերի մոտ:

* * *

Սենյակում գազի հոտը դեռ չէր անցել:
Տղան նստած էր աթոռին՝ գլուխը դրած աղջկա ձեռքին:
- Ի՞նչ անեմ քեզ համար, ասա´:
- Ուզում եմ կարմիր վարդեր, ուզում եմ սենյակից գա վարդերի խելքահան անող բուրմունքը, կբերե՞ս:
Լիլիթը քնած էր, երբ սենյակ մտավ տղան` կարմիր վարդերի փունջը ձեռքին:
Նայեց չորս կողմն ու հարմար տարա չգտնելով` սկսեց վարդերը շարել անկողնով մեկ:
Լիլիթը աչքերը բացեց, ժպտաց տղային:
Հետո կիսանստած սկսեց նայել անկողնու վարդերին:
- Ինչո՞ւ տասը հատ: Պետք է կենտ լինի, խելա~ռ…
- Ինչու՞ տասը, տասնմեկն են:
Փնտրեց հայացքով, չգտավ: Հետո մանկան հայացքով հարցական նայեց տղային:
- Տասնմեկերորդը Դու ես…
Տղայի շուրթերը փաթաթվեցին աղջկա շուրթերին:
Մեկ սենյականոց փոքրիկ կյանքը բուրում էր խելակորույս:
Անկողնուն փռված վարդերը բուրում էին տաք:
…իրարից ժամանակավոր հագեցած մարմիններից ամեն մեկն իր հերթին  մտածում էր.
<Չեմ դիմանա քո փոթորիկ գոյությանը, ես սիրում եմ  քո աչքերը, շուրթերը, պիրկ մարմինը, ես գի´ժ եմ, հիմա´ր, ապո´ւշ, ինչու՞ նեղացրեցի քեզ …ա~խ, ի~նչ խենթ են բուրում շուրթերդ>:

Ս.Ումառ

среда, 28 мая 2014 г.

Սփյուռքահայությանը





Չարաշահում եմ Ձեր համբերությունն ու նորից գրում
Այս անգամ խոսքս ուղղում եմ Սփյուռքահայ իմ ընթերցողներին [խոսքը վերջին տասնամյակում գնացածների մասին չէ] որոնք կարդում են հատկապես իմ անձնական Blog-ը:
ԱՄՆ, Ինդոնեզիա, Գերմանիա, Շվեդիա, Կանադա, Բուլղարիա, Հունաստան….
Արևմտահայերեն ձեր մեկնաբանությունների փափկությունն ու մեղեդայնությունը ինձ այնքան ուժ ու եռանդ են տալիս,  որ չկարողացա անտարբեր լինել, չնայած պատասխանել եմ ցանկացած մեկնաբանության առանձին առանձին, բայց ընդհանուր գրելու իմ ցանկությունը, հակառակ իմ սկզբունքների տեղադրում եմ ընդհանուր:
Ես Ձեզ սիրում եմ, Սփյուռքահայություն
Ձեզ վերաբերվում մի առանձին ջերմությամբ, ավելի նուրբ, առավել զգույշ իմ բառերում…

Երբեք չկտրվեք ձեր Մայր հողից, կապ չունի ձեր ապրելու վայրը, եթե ձեր շուրթերից դեռ հնչում է ՄԵԶ բոլորիս հարազատ ՀԱՅԵՐԵՆԸ
Հայաստանը Ձեզ սպասում է օտարության մեջ գտնվող որդու, դստեր  կարոտով:

Հ.Գ.
Ցավոք լատինատառ գրված ձեր որոշ բառեր չեմ ընկալում, բայց հավատացնում եմ որ ՄԻՏՔԸ, ՀԱՐԱԶԱՏ ՄԱՐԴՈՒՆ ԳՐԵԼՈՒ ձեր ոճը իմ կողմից ընկալվում է 100 %-ով:

Ձեզ շատ հարգող, սիրող, Ձեր Ստեփան Ումառ


воскресенье, 25 мая 2014 г.

Սերո մեղեդին




* * *
… Անսպասելի չէր, բայց գալիս էր դանդաղ ու վստահ քայլերով, իր ճանապարհին ոչնչացնելով արդեն ուժասպառ արևի  մինչև վերջ մաքառող վերջին ճառագայթներին:
Նրան բոլորը կոչում են գիշեր ու չեն փորձում  պաշտպանվել նրանից, համարելով անիմաստ մի զբաղմունք:
Նա սև է ինչպես մահը ու վախեցնող ինչպես անբուժելի հիվանդությունը:
Բոլորի դռները բաց են նրա առաջ, նույնիսկ ժամանակը վախից սկսում է դանդաղ աշխատել՝ կորցնելով իր արդյունավետությունը…

Սենյակում, որտեղ արդեն վաղուց տեղավորվել էր գիշերը մի նոութբուկ է ու մի հախճապակե բաժակ:
Համակարգչի էկրանը լուսավոր է, բայց հասկանալի է, որ վաղ թե ուշ կհանգչի:
Բաժակի վրա ծաղիկներ են նկարված, վառ դեղին գույնի, բաժակից գոլորշի է բարձրանում:
Նոութբուկի էկրանի լույսը լուսավորում է բաժակին:
Նրանք իրար կողք են՝ հատակին, մահճակալից քիչ հեռու, լքվա՜ծ, մոռացվա՜ծ:
Նոութբուկը հիանում է բաժակից դուրս եկող գոլորշիով, որն իր հիասքանչ նազելի շարժումներով բարձրանում է որոշակի բարձրության վրա, որտեղ դեռ հասնում է նոութբուկի լույսը  ու հետո անհետանում  գիշերվա երախում:
Երկուսն էլ հասկանում են, որ քիչ հետո մեկը կսառչի ու չի կարող էլ գոլորշիով հիացնել, իսկ մյուսն էլ չի կարողանա լուսավորել, բայց ըմբոխշնում էին պահը…
Ոչի՜նչ, ոչինչ կարևոր չէր այդ գիշեր, քանի դեռ պարում էր գոլորշին, իսկ նոութբուկը հիանում նրա շարժումներով…

* * *
- Ինչո՞ւ ես լռել, դու էլ ես լսո՞ւմ այն հիասքանչ երաժշտությունը, որը գալիս է չեմ հասկանում թե որտեղից: Քեզ չի կարելիմ ծխել:
Տղամարդն անկողնում ծխում էր:
Կինը ձախ արմունկով հենվեց բարձին ու նայում էր տղամարդուն:
Հրավիրող բաց կրծքերը ներողամտորեն ժպտում էին տղամարդուն, կանչում աչքերին, իսկ տղամարդու աչքերն այնտեղ էին…հեռո՜ւ … որտեղ ծխախոտի ծուխը բախվում էր մեղմ նարնջագույն գույնով ներկված սառը առաստաղին:
- Ո՛չ, ես ոչինչ չե՛մ լսում, ոչի՛նչ:
- Ի՞նչպես, չէ՞ որ այնքան պարզ լսվում է, ինչ որ սոնատ է, ուզում եմ իմանալ:
- Դա սոնետ չի, դա Շոպե՛ն է, նոկտյուրն «Սի բեմոլ մինոր:»
- Սիրում եմ, երբ բացատրում ես, դու ամեն ինչ գիտես, ուզում եմ քեզ խեղդել այ այսպես:
Տղամարդը չհասցրեց ասել, որ դա իր միացրած թողած նոութբուկից էր գալիս, որի մարտկոցներն արդեն ուժասպառ էին լինում, երբ կնոջ շուրթերն իջան նրա շուրթերին ու …տղամարդը չէր հասկանում թե ինչպես էր կարողանում լսել իր շուրթերին ամբողջ մակերեսով հպված կնոջ շուրթերից եկող, իրեն կանչող, այնքա՜ն հարազատ ու այնքա՜ն ջերմ նրա ձայնը…
- Արա՜մ, Արա՜մ…

Սերը գետի ջրերն ընկած կատաղած վագրի նման թպրտում էր մահճակալին, մեկ լալի՜ս էր, մեկ գոչո՛ւմ, մեկ աղերսո՜ւմ, մեկ տնքո՜ւմ…մեկ լողո՜ւմ էր ափին մոտ՝ կյանքը տեսած ձկան նման, մեկ դուրս գալիս ափերից ու թափահարում էր իրեն՝ ջրից մի կերպ դուրս թռած երիտասարդ ճնճղուկի շարժումներով…
Սերն իր կյանքով էր ապրում ու բացարձակ գաղափար չուներ գիշե՞րն է իրեն աչքերով ուտում թե՞ ցերեկն է կոպերը կիսաբաց զմայլվում իր պարով…

Նախանձ, կրքոտ գիշերը կատաղությունից պտտվում էր սենյակում, զարկվում էր պատից պատ, կրծոտում մուգ կապտավում շրթունքները, հարվածում էր ինքն իրեն ու ցավից շշնջում.
- Շոպե՛ն, գոնե դու լռիր, գլուխս տարար քո  «Վալս Սի մինոր» -ով…

…Մարիի գլուխը տղամարդու ձախ ձեռքին էր, մազերը աղվեսից մի կերպ փախած ուժասպառ նապաստակի նման շնչակտուր, ալիք առ ալիք հանգստանում էին Արամի կրծքին:
- Իսկ սա ի՞նչ է, հիմա որ լսվում է:
- Սա էլ է Շոպեն, «Վալս մի մաժոր» Լա՞վն է չէ:
- Լա՜վն է, բայց…դու ավելի լավն ես, - Մարիի փոքրիկ ձեռքը շոյում էր տղամարդու մազոտ կուրծքը:
- Արա՛մ, իսկ քիչ առա՞ջ, երբ մենք զբաղված էինք:
- Ինչո՞վ էինք զբաղված,- Արամը ժպտում էր:
- Էէէէէ, լա՜վ էլի, բան եմ հարցնում, երբ…այդ ժամանակ ի՞նչ երաժշտություն էր:
- Զբաղվա՜ծ, ինչ հիմար բառ է:
- Խոզությունդ բռնե՞ց, հարցնում եմ պատասխանիր, - համբուրեց տղամարդու քունքը:
- Դա էլ է Շոպեն՝ «Միայնակ հովիվը» - տղամարդը հեռու էր այդ պահին, պատասխանեց առանց ընկալելու ներկան, կարծես թռչում էր մի լայն դարչնագույն խողովակի միջով ու լսում իր իսկ ձայնը արձագանքի նման…
- Չհասկացա, սիրո երաժշտությունը միայն Շոպե՞ն է, ուրիշ չկա՞:
- Կա՛ իհարկե, դա քո՛ շնչառությունն է, դա քո շշնջո՜ցն է, ժպիտի ձայնն է, որը բոլորին թվում է թե չկա, բայց ես լսում եմ, լսո՜ւմ եմ հասկանո՞ւմ ես,  դա քո մազերի խշխշոցն է բարձին, դա քո՜…
- Ինչո՞ւ է սիրտդ այդպես արագ բաբախում, Արա՛մ, ես հիմարությո՞ւն արեցի, չէ որ քեզ հարկավոր չէր անհանգստանալ, շատ արագ է սիրտդ, Արամ լսո՞ւմ ես:
- Լսում եմ, լա՛վ է, մի անհանգստացիր, հիմա կանցնի, հարկավոր է անջատել նոութբուկը, մարտկոցնելը լրիվ կնստեն:
- Ո՛չ, ես լսում եմ, թո՛ղ մնա: Հետաքրքիր է ի՞նչ է զգացել Շոպենը իր երաժշտությունները գրելիս, այն ի՞նչ մենք, ինչո՞ւ Շոպենը կին չէ, ինչո՞ւ միայն մեզ համար չի գրել, ինչո՞ւ պետք է վերջանա երաժշտությունը, ինչո՞ւ, ես ատո՛ւմ եմ Շոպենին, ատո՛ւմ եմ քո նոութբուկը, ատո՛ւմ եմ քո անկողինը՝ վերմա՛կը, բա՛րձը, ես ատո՛ւմ եմ ինձ…
- Ի՞նձ էլ:
- Հիմա՛ր,- Մարին լաց էր լինում:



- Ես չեմ կարող առանց քեզ, հասկանո՞ւմ ես, չե՛մ կարող, չե՛մ կարող, չե՛մ կարող.. - Մարին սկսեց բռունցքներով հարվածել Արամի կրծքին:
- Հանգստացիր, ամեն ինչ լավ կլինի, ես քեզ խոստանում եմ, հանգստացի՛ր:
Մարիի գլուխը դրեց կրծքին, շոյում էր մազերը, բայց դեռ սլանում էր այն խողովակի միջով, որտեղից լսվում էր արձագանքը… «լա՜վ կլինի, ես քեզ խոստանո՜ւմ եմ…»

Կուրծքը թաց էր Մարիի արցունքներից, իսկ իրեն չգիտես ինչու թվում էր թե սիրտն է պայթել ու արյունն է կրծքին…
… առաստաղին տեսնում էր Մարիի ուրվագիծը, որը կարծես քայլում էր մի ահռելի ծովի ափով, ավազահատիկները ծակծկում էին ոտնատակերը ու նա կիսակաղալով առաջ էր գնում, ո՞ւր, դա արդեն չէր երևում, բայց խողովակի միջից պարզ լսվում էր նրա լացակումած ձայնը…
- Այսքա՛ն ավազ, այսքա՛ն ավազահատիկ, մի՞թե քեզ քիչ է, ագա՛հ, դաժա՛ն, չկա՛մ, սրիկա՛,  ո՞ւր է, ո՞ւր է իմ ավազահատիկը, տո՛ւր ինձ, ի՛մն է հասկանո՞ւմ ես, ի՛մն է…

- Արա՞մ, Արա՜մ, քեզ ի՞նչ եղավ, Արա՛մ, - ապտակեց:
Բղավոցից թե ապտակից Արամն աչքերը բացեց, ու տեսավ սարսափից իրեն նայող այն չքնաղ աչքերին, որոնց մեջ երկար ու երջանիկ ապրելու տենչանք էր քարացել ու վախից կծկված սպասում էր:
- Ոչինչ, լուրջ բան չկա, գրկի՛ր ինձ,խնդրում եմ, ամո՛ւր, ավելի ամո՛ւր, լսո՞ւմ ես, նվագում է, նորից Շոպեն, «Ապրիլյան երազներ», ի՞նչ լավն եք, դո՜ւ, Շոպե՜նը…
- Գրողի ծոցը Շոպենը, վախեցրեցիր: Արա՛մ, ինչո՞ւ ես լաց լինում, առաջին անգամ եմ քեզ տեսնում այսպիսին, ես չե՛մ հեռանա, ես քո մոտ կլինեմ, անընդհա՛տ, դու երբեք, երբեք մենակ չե՛ս լինի, դու պետք է, հասկանո՞ւմ ես, պետք է հավատաս, որ ես միշտ կա՛մ, կլինե՛մ, սիրո՜ւմ եմ:

- Շուտով կլուսանա, բան չմնաց, չե՛մ ուզում լուսանա, Մարի, ես այսպիսին չեմ եղել:
- Արա՛մ, վախենո՞ւմ ես, - ձայնը դողաց, չէր ցանկանում ցույց տալ որ ինքն ավելի  է վախենում ու վախ բառը շատ նուրբ էր հնչում տվյալ պահին, սարսափում էր…
- Չէ՜, չե՛մ վախենում, մի քիչ անսովոր է, լսո՞ւմ ես Շոպենի «Հեղափոխական» էտյուդն է:
- Անջատի’ր, արդեն դուր չի գալիս:
- Թո’ղ մնա չեմ ուզում վեր կենալ, ինքդ անջատիր եթե չես ցանկանում լսել:
- Մերկ եմ, ի”նչպես գնամ, աչքերդ փակիր, կգնամ կանջատեմ:
- Իսկ եթե հետո չկարողանամ բացե՞լ:
- Ապո՛ւշ, ինչո՞ւ ես լացացնում, ի՞նչ եմ արել քեզ:
Արամը գրկեց նրան, այս անգամ միայն նրա աչքերը չտեսնելու համար:
- Չէ՞ որ դա բարդ վիրահատություն չէ, քանի՜ անգամ են արել, սիրտը մեզ մոտ լավ են վիրահատում, մի՛ անհանգստացիր, լա՞վ, եթե հնարավոր լիներ իմ սիրտը կիսվեի քո հետ, - լացակումած շշնջոցը լսվում էր հեռվից:
- Դու արդեն տվել ես քո սիրտը, էլ ինչո՞ւ կիսվել, մնաց երեք ժամ, կլուսանա ու ամեն ինչ լավ կլինի, ես համարյա չեմ վախենում, ինչ լինելու է՝ կլինի…

Գիշերն աշխուժացավ, կարծես մի ինչ որ բան արթնացրեց նրան, կարծես մեկը մի սուր գործիք մխրճեց գիշերվա կողը ու գիշերը վայրի մի գոռոցով հիշեցրեց իր ներկայությունը, հիշեցրեց որ կա ու այդքան հեշտությամբ չի կարող իր դիրքերը զիճել մի ինչ որ իրենից ոչինչ չներկայացնող լույսի ճառագայթի:
Գիշերվա բղավոցը բռունցքով հարվածեց Մարիի գլխին:

Մարիի մերկ մարմինը մինչև գոտկատեղը բարձրացավ անկողնում:
- Սա ի՞նչ է, ի՞նչ է կատարվում, ի՞նչպես միացավ:
- Մարի, ի՞նչ եղավ:
- Սա ո՞վ է, ի՞նչ է ուզում, ո՞վ միացրեց:
- Ի՞նչը Մարի, ի՞նչ եղավ:
- Երաժշտությունը, լսո՞ւմ ես, ինչո՞ւ…
- Դա Մոցա՛րտ է, «Ռեքվիեմը», իմ ամենասիրած…
- Անջատի’ր, արագ անջատի՛ր, լսո՞ւմ ես անջատի՜ր…
Չսպասելով Արամի արձագանքին, վեր թռավ անկողնուց ու վազեց դեպի նոութբուկը, ոտքը կպավ ու շուռ տվեց իր ծաղիկներով բաժակը, որի մեջ արդեն սառել էր կիսախմած սուրճը:

* * *
Կնոջ մերկ մարմինը, վստահ, որ իր ետևից նայում են սիրելի տղամարդու աչքերը՝ որոնք չնայել չեն կարող, ճեղքելով գիշերվա կուրծքը մոտեցավ պատուհանին:
- Լուսանո՜ւմ է, Արա՛մ, դանդաղ, բայց լուսանում է, լսո՞ւմ ես:
Պատասխան չլսեց, լսեց միայն պատուհանի ապակուց Մոցարտի «Ռեքվիեմ»-ի վերջին նոտաների ուշացած արձագանքը…

Անզորությունից, որ էլ չի կարող դիմադրել լույսի ծնունդին,  գիշերը ծամածռություններ էր անում ու քթի տակ անընդհատ կրկնում.
- Ես չե՛մ հեռանա, ես քո մոտ կլինեմ, անընդհա՛տ, դու երբե՛ք, երբեք մենակ չե՛ս լինի, դու պե՛տք է, հասկանո՞ւմ ես պետք է հավատա՜ս, որ ես միշտ կա՛մ, կլինե՛մ, սիրո՜ւմ եմ, ես կգա՜մ, անպայմա՛ն կգամ քեզ մոտ…

Գիշերին կարող է պատասխան տալ միայն կինը՝ գիշերվա նման խորհրդավոր, կրքոտ, սիրող, հասանելին պահանջկոտ, հոգատար, դիմակայող այն բոլոր ցավերին որ կարող են կախվել ու փորձ անել իրենց մագիլներով պատռելու երազանքը, սպասումները, հույսերը…
Միայն կնոջ ձայնն է ի զորու ոչնչացնելու այն բոլոր արգելքները, որ կարող են պատահմամբ հայտնվել քո ճանապարհին…
Նման պահերին կինը չի բղավում, նա կարողանում է ձայնն այնպես փոխել, որ ծույլ հավատը արթնանա, բարձրանա իր տեղից ճմլկոտվի, բացի աչքերն ու հենց այդ պահին կինը խնդրո՜ւմ է, շշնջո՜ւմ, համոզո՜ւմ այնպիսի մի երաժշտական ձայնով, այնպիսի մի մեղեդայնությամբ երգում  «Ամեն ինչ լավ կլինի»  որ այլ կերպ լինել չի կարող:
Դա է Սիրո Մեղեդին:



Ս.Ումառ 2014

воскресенье, 18 мая 2014 г.

Քամու ընկերուհին


Երջանկությունը սպիեր չի թողնում, այն այնքան կարճ կյանք ունի, որ չի հասցնում հիմնովին տեղավորվել քո կյանքում ու հեռանում է առանց զգուշացնելու:

Երջանկությունը նման է ծովի մակերեսին համաչափ փչող զեփյուռին, որը գեղեցիկ տատանում է ջրի մակերևույթը առաջացնելով փոքր ալիքներ, ալիքների մեջ խաղում են արևի ճառագայթներն ու ալիքների հետ էլ հեռանում քո աչքից:

Հեռացած ոչինչ երկար չի մնում քո մեջ, գալիս է ամենակարող Ժամանակն ու ամեն ինչ ջնջում այնքան վարպետորեն, որ հետք չի մնում…

* * *
- Ես կգամ քեզ մոտ, ես անպայման կգտնեմ այն տագնապի կոճակը, որն այդքան քեզ անհագստացնում է, ես ատամներով կպոկեմ…
Դռան թակոցն ընդհատեց ու կարծես վերադարձրեց ժամանակը, դնելով իրեն իսկ պատկանող տեղը:
- Լիլ՞ի, այդ ո՞ւմ հետ ես խոսում, հեռախոսդ էլ այստեղ է, աղջի ջան, էլի գժվեցի՞ր: Դուռը բաց արա՛ բան եմ ասում:
- Տա՞տ, քնած չե՞ս, ի՞նչ է եղել:
- Էդ ում հետ ես խոսո՞ւմ, գլխումդ միայն քամիներ են: Չլինի՞ սիրահարվել ես: Մի սրան նայիր, ամոթ ասած բանը չունի, հագնվի՛ր աղջի ջան:
- Տատ, ումի՞ց ամաչեմ, ի՞նչ է եղել որ, բա դու ջահել ժամանակ…
- Մեղա՜ քեզ մեղա՜, ես աբուռով, ամոթով աղջիկ եմ եղել: Վաղարշակս երբ եկավ ուզելու…
- Տա՞տ, այդ ո՞ր Վաղարշակն է:
Կինը գորովանքով էր նայում աղջկան, բարկանալ չէր կարողանում, սիրում էր իր թոռանը աշխարհի չափ ու անօգնականությունից խաչակնքեց:
- Պապդ, ա՛յ աղջի, ուրիշ էլ ի՞նչ Վաղարշակ:
- Այն, որ երազիդ մեջ ասում էիր. «Վաղարշակ կգաս չորորդ դեզի մոտ, երրորդում Ազգուշն ու Սմբատ են, չուշանա՜ս:»
Կնոջ սարսափած դեմքն այնքան խղճահարություն արթնացրեց Լիլիի մեջ, որ անմիջապես ձեռքերով փաթաթվեց տատիկին ու համբուրում էր առանց կանգ առնելու:
- Թո՛ղ,  հլա մի ասա այդ ի՞նչեր հորինեցիր:
- Լա՜վ էլի տատ, ձեր գյուղում կա՞ր չորորդ դեզ, կա՞ր չէ, կա՞ր Ազգուշ անունով ընկերուհի, կա՞ր չէ, բա որ մնացածը պատմե՞մ:
- Լիլի ջան, էլ ի՞նչեր եմ ասել երազում, լեզուս պապանձվեր հա, խայտառակ եղա:
- Տատ պարզվում է դու լավ էլ հումորով կին ես, մտքովս չէր անցեր:
- Սարսաղ սարսաղ դուրս մի տուր, ի՞նչ հումոր, խայտառակ եղա: Իսկ քո գլխում միայն քամիներ են:


* * *
Քամին միշտ էլ թափառական է եղել իր բնույթով, իր գեներով:
Քամին միշտ էլ խառնակիչ է եղել իր տրամաբանությամբ:
Իսկ այսօր, իսկ այսօր ուղղակի կատաղած է ու չգիտե գլուխը որտե՞ղ մտցնի, ո՞ւմ խառնի, ի՞նչ խառնի, ավիրի՜, տակնուվրա անի…
Չէ՞ որ դա իր սովորական կենսաձևն է ու դրանից դուրս նա իրեն վատ կզգա:
Քամին գտավ Լիլի պատուհանի բաց օդանցքն ու ուրախությունից գլուխը կորցրած մտավ ներս:
Աթոռին թափված աղջկա զգեստները գրավեցին ուշադրությունը, նա դրանք վերցրեց, հոտոտեց ու կատաղությունից շպրտեց պատերին:

Քամու սեռը ոչ ոք չգիտի, նա աշխարհի ութերորդ հրաշալիքն է ու դատելով ամեն ինչից վստահ կարելի է ասել, որ իգական սեռի է:
Ո՞ր մի արական սեռ ներկայացնողը ձեռքին ունենալով կնոջ զգեստները չի համբուրի ու քսի աչքերին, կամ սեղմի կրծքին ու  շնչի կանացի բույրը…

* * *
- Վերցրո՛ւ, հեռախոսդ է զանգում, ի՞նչ է չես լսում, այս ինչո՞ւ ես տակնուվրա արել շորերդ, ի՞նչ փնթիի մեկն ես, Լիլի, վերջապես կհագնվե՞ս:
Տատիկը խոսում էր ու չեր նայում Լիլի դեմքին: Հետո դժվարությամբ կռանալով սկսեց հավաքել գետնի ընկած շորերը:
- Լսո՛ւմ եմ, բա՛րև, ինչո՞ւ ես զանգել, լավ եմ, քո գո՛րծը չէ, ես խնդրել էի չզանգել: Գրողի ծոցը դո՛ւ էլ Աննան էլ, դու կոտրեցիր իմ մեջ սերը, Աննան հավատը, հիմա դուք իրար կսազեք:
Բջջային հեռախոսը բազմաթիվ պտույտներով զարկվեց պատին:
Տատիկն ու քամին վախի՞ց թե անակընկալից քարացել էին:
Քամին սեղմվեց սենյակի մի անկյունում ու կարծես սսկվեց, իսկ տատիկի ոտքերը չկարողացան նրան պահել, ծալվեցին՝ կախվելով Լիլիի չհարդարված մահճակալից:

 * * *
Պատուհանի ապակուն բազմաթիվ թակոցներ էին, անձրևի կաթիլներն էին թակում, խնդրում ներս թողնել, պատսպարվելո՞ւ թե էլ ինչի համար անհայտ էր, բայց ներսում արդեն թափվում էին մեկ ուրիշ կաթիլներ, արցունքի կաթիլներ ու այստեղ արդեն ավելորդ կլիներ անձրևակաթիլների ներկայությունը:
Անտանելի էր նայել անձրևի դառը կաթոցներին ու Լիլին վեր կացավ տեղից:
Ով որ տեսներ նրա վեր կենալու ձևն ու քայլվածքը, երբ մոտեցավ պատուհանին, անպայման կբացականչեր.
- Անհավանակա՛ն է, մոգակա՛ն է, այսպիսի վստահ գեղեցկություն չի՛ լինում:
Կիսահագնված Լիլին բաց արեց պատուհանի փեղկերը:

- Գժվե՞լ ես այ աղջի, կմրսե՛ս, փակի՛ր: Սա ի՞նչ փորձանք էր, Աստվա՜ծ իմ, վերջապես կասես ի՞նչ է պատահել:
- Կորա՜վ, հասկանո՞ւմ ես, տա՛տ, կորա՜վ: Ամեն ինչ գնաց գրողի ծոցը:
- Դե լա՜վ, մի բան չէր, կանցնի կգնա, Նարեկի նման տղաների՞ ես դեռ հանդիպելու, դեռ ո՞ւր ես, կյանքը այնքան մատուցելու բաներ ունի, դեռ ջահել ես, Լիլի ջան, ամեն ինչ առջևում է: Կարևորը, որ ձեր միջև ոչ մի բան…
- Տա՜տ:
- Հաջա՜ն, պատուհանը փակի՛ր, թրջվեցի՛ր, ինչո՞ւ ես այդպես նայում այ աղջի սիրտս պայթեց, ասա՛:
- Տա՜տ, կորա՜վ ամեն ինչ, ա՛մեն ինչ:
Ափերով փակեց դեմքն ու արդեն չդիմանալով ներքին ցավին՝ վիրավորանքից սկսեց բարձրաձայն լաց լինել:
Տատիկը գլուխը կախ նույնպես լաց էր լինում:

 * * *
Դու նման ես բոլորին, դու էլ մի մասնիկն ես, չես կարող տարբերվել, այն ինչ խորթ չէ մարդու էությանը վաղ թե ուշ իրեն զգացնել է տալու ու քեզ տանելու է, տանելու մի աշխարհ, որտեղ դու քեզ զգալու ես թեթև ու անհոգ, ուսերիդ չես զգալու ոչ մի ծանրություն, իսկ ոտքերդ մի թեթև հպվելով հողին քեզ թռցնելու են դեպի շիկացած արևն ու այդ այրումից դու ընբոշխնելու ես եթերային կյանք կոչված մարմնական հաճույքը…
Դու նման ես բոլորին, որովհետև այն ինչ կատարվում է քո մեջ դեռ միլիոնավոր անգամ կատարվել է աշխարհում ու դեռ էլի՜ ու էլի՜ կատարվելու է…

Երջանկությունը սպիեր չի թողնում, այն այնքան կարճ կյանք ունի, որ չի հասցնում հիմնովին տեղավորվել քո կյանքում ու հեռանում է առանց զգուշացնելու:
Իսկ թախի՞ծը…
Նայիր թախիծի խորքերն ու կտեսնես թե ինչ բան է խորքային զգալ գույների այդ ներդաշնակությունը, թե ինչպես ես ինքդ դառնում խորքային…
Թախիծն այնքան գեղեցիկ է ինչպես սիրո հավերժ ծաղիկը՝ անհատակ, մեղեդիով լի, վստահ կանչող, այնպիսի հաստատուն ձայնով, որ կարող ես անընդհատ գնա՜լ ու գնա՜լ…միա՛յն նրանից կարող ես դուրս գալ երիտասարդացած, հանգստացած ու նոր ուժով լեցուն, պայքարելու այն մի փոքր ժամանակահատվածի հետ, որին մարդիկ կոչում են երջանկություն…
Կի՛ն, դու հզո՛ր ես բնության նման, դիմացկո՛ւն ու տոկուն, ի զորու պայքարելու հենց բնության դեմ ու դու դա հաստատ անում ես, հաճախ ենթագիտակցաբար…

 * * *
Փակեց պատուհանը:
Անձրևը դեռ գալիս էր:
Սկսեց հագնվել հաճախակի հայացք գցելով դեռ լաց լինող տատիկի կողմը:
- Լիլ, բա հիմա ի՞նչ ենք անելու:
- Տա՞տ, իսկ ի՞նչ է եղել, - ծիծաղը վախեցրեց տատիկին, որի հայացքը դարձավ պաշտպավող ու կարծես խղճահար:
- Տա՛տ, մի բան ասեմ ուրախանաս, ես սիրո՜ւմ եմ քեզ, հատկապես հումորդ:
- Ի՞նչ հումոր, Լիլ ջան հո հիվա՞նդ չես, թեյ բերե՞մ մուրաբայով:
- Ի՞նչ թեյ,  ա՛յ տատ, երազումդ ասածդ խոսքերից եմ ասելու:
- Վա՜յ ինձ թաղես, Լիլ ջան կատակ մի՛ անիր, գիտե՞ս չէ:
- Չէ՜, ի՞նչ կատակ, երազումդ ընկերուհուդ հետ խոսում էիր բարձրաձայն:
- Չի կարող պատահի, կմեռնե՛մ թե սուտ ասես: Բա դու ամոթ ասած բանը չունե՞ս:
- Տա՛տ, ի՞նչ գիտես ի՞նչ եմ ասելու:
- Փակի՛ր աղջի ջան բերանդ, խայտառակ հո չե՞ս:
- Երազումդ ասում էիր. « Ազգուշ ջան, չգիտեմ դու ո՞նց, բայց ես մի լավ վաղարշակոտվեցի»…
- …

* * *
Երբևե մտածել եք որ ածուխի և ալմաստի երկու կտորները դրանք նույն բանն են:
Ոչ մի տարբերություն չկա, ուղղակի ածուխը միլիոնավոր տարիներով գտնվելով երկրային շերտերի ճնշման տակ դառնում է ալմաստ, բայց երկուսն էլ ածխածնի նույն տարրական մասնիկներն են:

Քամին որ մինչ այդ լուռ էր կենդանացավ, վեր կացավ տեղից ու սուլելով գրկեց աղջկան:
Շոշափեց կուրծքը, իրանը, շուրթերը, ձեռքերով խաղաց կոպերի հետ, վազեց ազդրերով, համբուրեց արմունկները…
Աղջիկը չէր դիմադրում, հաճելի էր, քամին իր արական դերի մեջ էր ու նրան ոչ մի պայմանով ոչ ոք չէր կարող կանգնեցնել:
- Բաց արա՛ կուրծք:
- Ո՛չ, ի՛նքդ բաց արա:
Աղջկա մազերը քամու ձեռքերում էին, պտտվում էին խճճվում, հարվածում դեմքին…
Քամու ձեռքերը անսովոր էին կոճակներ քանդելուն ու անհամբերությունից քաշեց պոկեց բոլոր կոճակները:
- Դու ի՛մն ես, միայն ի՛մը…- Քամին չհասցրեց ավարտել խոսքը, քանի որ կուլ տվեց աղջկա կրծքերն… հաճույքը խո՜ւլ տնքում էր …
- Կգա՞ս ինձ հետ, իմ մոլորակը, որտեղ չկա՛ երջանկություն, չկա՛ դավաճանություն չկա՛ ոչինչ, որ կարողանա քեզ անհանգստացնել, այնտեղ իշխում եմ ե՛ս ու մեկ էլ իմ տիրուհին՝ Թախիծը: Պայմանը մեկն է՝ երբեք ներս չթողնել իմ քրոջը՝ Անձրևին:
-Կգա՜մ,- շշնջում էր աղջիկը,- Ինձ այստեղ պահող ոչի՜նչ չկա…

- Ո՞ւր ես գնում, Լիլի, այսօր կարծեմ դաս չունես:
- Մի քիչ ման կգամ ու կգամ տատ ջան, դու մի անհանգստացիր:
- Բալկոնների տակով չանցնես, կարող է քամին մի ծաղիկի գարշոկ կամ շիշ գցի գլխիդ:
- Լավ, տատ ջան:
- Ծառերի տակով չանցնես, էդ անխիղճները կտրած ճյուղերը մեկ մեկ թողնում են ծառի վրա, կարող է քամին…մեկ էլ չանցնես…
- Լավ, տատ, մեկ էլ ի՞նչի տակով:
- Մոռացա աղջի ջան…

* * *
Քամին գրկած աղջկան տանում էր մի նոր աշխարհ:
- Քեզ  տանում եմ տոնելու թախիծի տոնը, որը կարող ես վեր ածել մի հավերժության, քանի որ միայն թախիծն է ի զուրու տալ քեզ հարություն, բայց անպայման դու պետք է սովորես այդ արվեստը առանց ժամանակ կորցնելու:
Եթե չկարողանաս սովորել տոնել թախիծը դու ստիպված կլինես ընդունելու մահը:
- Նման պայման չի՛ եղել, բղավում էր աղջիկը:
- Դա նշանակություն չունի, դու արդեն ի՛մն ես, ի՛մը….

Լաց էր լինում աղջիկը ու արցունքի կաթիլները տարածվում էին տարբեր ուղղություններով, քամու իր ետևից թողած հետքն էլ ցիրուցան էր անում արցունքները, որոնք էլ որոշ ժամանակ անց դարձան անձրև ու սկսեցին թափվել ցած:
Քամին սպառեց իրեն, փորձ անելով ցրել, նոսրացնել կաթիլներին, բայց ոչինչ չստացվեց…

Վերջաբան

Աղջիկը դարձավ անձրև՞:
Ո՜չ:
Նա միայն հասկացավ, որ իր տեղ այնտեղ է, որտեղ իրեն հասկանում են:
Որտեղ ընդունում են այնպիսին՝ ինչպիսին որ կա:
Նրա տեղը այն ձեռերի մեջ է, որոնք նրան շոյում են ոչ որպես հրաշքի:
Նրա տեղը այն մարդու գրկում է, որը նրան սեղմում է իրեն ու շշնջում ականջին  ոչ թե.
- Դու հրա՜շք ես, - այլ
- Դու ի՛մն ես, ի՛մը…

Ս.Ումառ